Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին «Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր քարոզարշավ անցկացրեց այս քաղաքի բազմամարդ թաղամասերից մեկում՝ «Մուշում»՝ դարձյալ անխնա քննադատության ենթարկելով Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը՝ անվանելով երկիրը հանձնող։ Ինչպես Անի թաղամասում, Մուշում ևս նրա հավաքը բազմամարդ էր, չնայած վատ եղանակին, մի պահ հորդացող անձրևին, մարդիկ չէին հեռանում, նկարում էին նրա ելույթը, բուռն ծափահարություններով ընդհատում։
Վարդան Ղուկասյանը այստեղ ուշագրավ հայտարարություններ հնչեցրեց։
«Այսօր ամբողջ պետական ապարատն աշխատում է իմ դեմ, բոլոր նախարարներին ուղարկում են Գյումրի, ամեն մեկն իր ենթակառույցներին ստիպում է, որ ընտրեն ՔՊ-ին՝ բանակից սկսած, մանկապարտեզներ, սպորտդպրոցներ, մարզպետարան։
Դպրոցների բոլոր տնօրեններին բերել, ավագանիներ են դարձրել և հիմա հայտարարություն եմ անում․ ասել են՝ մտնում եք ընտրական տեղամաս, 9 հոգի են, ուրեմն անպայման Վարդան Ղուկասյանի քվեաթերթիկը դուրս եք բերում, մեզ եք տալիս, որ մենք տեսնենք, որ դուք իրեն չեք ընտրել»։
Կարդացեք նաև
Լրագրողների հետ զրույցում էլ Վարդան Ղուկասյանը նշեց․ «ԱԱԾ-ն և մնացած կառույցները կանչում են մարդկանց, հիմնականում ԱԱԾ-ն է կանչում, քաղաքում զգաստացնում են մարդկանց, ասում են՝ պատասխան կտաք, եթե ՔՊ-ին չընտրեցիք»,-ասաց թեկնածուն՝ ակնարկելով, որ վկաներ կան։
Նա նաև հարցրեց՝ եթե նախկինում պաշտոնյա են եղել, ուրեմն հանցագործ են եղե՞լ։
«Մեկը մի բան է սարքում, ամբողջ պետությունով հասնում են՝ վայ, բան է սարքել, մորթեք, սպանեք, վերացրեք։ Բոլորին՝ հերոսներին, սարքեցին ավազակ, բժիշկներին ես չգիտեմ, ընդհանրապես ո՞ր ոլորտն եք դուք, ի՞նչ պաշտոնի, ի՞նչ տիտղոսի մարդ է պետք, որ էսօրվա դրությամբ դրան գնահատեն՝ որպես ճիշտ ապրած մարդ։
Ուրեմն մեր պապերը, հայրերը սաղ ավազա՞կ են եղել, էդ մի քանի ջեբկիրն են ճիշտ պահո՞ւմ իրենց»։
Նա կոչ արեց իրավապահ համակարգի աշխատակիցներին՝ զգաստանալ։
«Ես բերետավորներին ու մասկա կրողներին կոչ եմ անում, Վասակ Սյունեցին մինչև էսօր դավաճանի անուն է կրում, Մերուժան Արծրունին դավաճանի անուն է կրում, և եթե դուք ուզում եք դավաճանին էդպես պաշտպանել, Արցախը հանձնողին անմեղացնել, չի լինի։
Նախ պատրաստվե՛ք Աստծո դատաստանին, և հետո թող ինձանից վախենան, ես հանդերձյալ կյանքում պտի ընկնեմ էնպիսի լավ տեղ, հետո ոտքերս պիտի ընկնեն, որ բարեխոսեմ էնտեղ իրենց համար, թող ինձանից վախենան։
Ես որ գնացի էնտեղ, իշխանի պես կապրեմ, թող իրենք մտածեն, թե ինչղ են ապրել էստեղ՝ գետիններին ապրելով»,-ասաց Վարդան Ղուկասյանը։
Նա հայտարարեց, որ ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չի վերցնելու, ասաց՝ «հիմիկվանից գիտենան, որ պարտվել են»։
«Եթե ուրիշ բան չանեն, էնպիսի սարսափելի բաներ չանեն, միանշանակ իրենք պարտված են, որովհետև Աստված ընդ մեզ է, իսկ եթե Աստված ընդ մեզ է, ո՞վ կարող է զիս մենամարտել․ Դավիթ Մարգարե»,-հայտարարեց թեկնածուն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ