«Ա1+». Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքուն կտրականապես մերժում է 2025 թվականի մարտի 18-ի Հայաստանի վարչապետի գրասենյակի հայտարարությունը, քանի որ այն «ոչ միայն անհիմն մեղադրանքներ է պարունակում Ադրբեջանի հասցեին, այլև խեղաթյուրում է տեղում տիրող իրավիճակը և սահմանամերձ շրջաններում հրաձգության դեպքերը»։
Նա նաև ասել է, թե խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի ստորագրման գլխավոր պայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է, գրում է APA-ն։
Հաջիզադեն նշել է, թե, չնայած «այդ պահանջը վաղուց է ներկայացվել», Հայաստանը շարունակում է «անտեսել այն»։
«Կրկին ընդգծում ենք Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը. համաձայնեցված տեքստի ստորագրման գլխավոր պայմանն է Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը, որոնք կվերացնեն Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ հավակնություն։ Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում պաշտոնապես լուծարել հնացած և ոչ ֆունկցիոնալ ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցները»,–ասվում է հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
Հաջիզադեն նաև ասել է, թե հայկական կողմը «բարի կամք դրսևորելու և սադրանքներից հրաժարվելու փոխարեն՝ առաջարկում է բարդ և գործնականում անիրագործելի նախաձեռնություններ»,–ասել է նա։
Բաքվից կրկին մեղադրանքներ են հնչել ՀՀ հասցեին սպառազինման վերաբերյալ՝ «այդ թվում սահմանամերձ շրջաններում հարվածային զինատեսակների տեղակայման առումով»։
«Ինչ վերաբերում է հաղորդակցությունների բացմանը, ապա, չնայած Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման գրավոր և ստորագրված պարտավորություններին, Հայաստանը չորս տարի շարունակ չի իրականացրել դրանք։ Փոխարենը, առաջարկում է անտեղի, իրագործման առումով բարդ և խիստ երկար երթուղիներ՝ փորձելով շեղել ուշադրությունը գործընթացից և իր պարտավորություններից։ Եթե հայկական կողմը իսկապես շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա չպետք է խուսափի իր պարտավորություններից և պետք է ձեռնարկի գործնական քայլեր՝ նոր տարածաշրջանային իրողություններին համապատասխան», – հայտարարել է նա։