«Քանի որ այս բանաձեւն ընդունվել է Շվեյցարիայի Դաշնային Ժողովի երկու պալատների կողմից, այն, ըստ էության, օրենքի ուժ է ստացել»։
Շվեյցարական խորհրդարանի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի մարտի 18-ի ընդունած բանաձեւին անդրադառնալիս Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ Դաշնային խորհուրդը (Շվեյցարիայի բարձրագույն գործադիր մարմինը – խմբ․) առաջիկա տարում պետք է խաղաղության միջազգային ֆորում կազմակերպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրով։ Այս տեղեկությունը հաստատում է նաեւ Դաշնային Ժողովի տարածած հաղորդագրությունը։
«Սակայն, աշխատանքն այստեղ չի ավարտվում», – շեշտեց Ստեփանյանը։
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք, թե ո՞վ պետք է կատարի այդ աշխատանքը։
«Հիմնական անելիքը հիմա Շվեյցարիայի կառավարությանն է, սակայն Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը եւս գործ ունի անելու», – կարծում է արցախցի պաշտոնյան։
Շվեյցարիան հանձնառություն է վերցրել իր վրա
Հարցրինք՝ ինչպե՞ս է նա տրամադրված այս գործընթացի նկատմամբ։ Լավատե՞ս է, հուսառա՞տ է։
Մեր զրուցակիցն ընդգծեց․ «Այս բանաձեւը հատուկ ուղերձ է․ ԼՂ խնդիրը լուծված չէ», ապա շարունակեց՝ «Միջազգային հանրությունն՝ ի դեմս Շվեյցարիայի, աչք չի փակում բռնի տեղահանվածների վերադարձի խնդրի վրա։ Տեղահանվածների հարցը պետք է լուծվի, եւ Շվեյցարիան հանձնառություն է վերցրել այս իմաստով»։
Այսօր Կանտոնների խորհուրդն ընդունեց №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։
46 անդամ ունեցող մարմնում բանաձեւի օգտին կողմ արտահայտվեցին 29-ը, դեմ՝ 12-ը։
Ընդդիմացող ԱԳ նախարարը
Նիստին ներկա արտաքին գործերի նախարար Իգնազիո Կասիսն ու այլ պատգամավորներ Խորհրդի անդամներին կոչ արեցին չընդունել բանաձեւը՝ պատճառաբանելով, թե այն կհակասի միջազգային իրավունքին, քանի որ ԼՂ հայերը միջազգային իրավունքի սուբյեկտ չեն։
Կասիսի կարծիքով՝ խաղաղության ֆորումի անհրաժեշտություն չկա։ Երեւանն ու Բաքուն շուտով խաղաղության պայմանագիր են կնքելու։
Բանաձեւի կողմնակիցների հակադարձմամբ՝ Բեռնն ապացուցել է իր չեզոք միջնորդ լինելու արդյունավետությունը։ Եթե շվեյցարացիներն ապահովեն երկխոսություն Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջեւ, դա կարող է նպաստել «հայ բնակչության անվտանգ եւ հավաքական վերադարձը այնտեղ, որտեղ ապրել են պատմականորեն»։
Բռնի տեղահանված անձանց վերադարձի իրավունքը՝ միջազգային իրավունքի հիմնասյուն․ Օսկանյան
Ընդունված բանաձեւի մասին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նաեւ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, 1998-2008 թթ․ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։
«Բռնի տեղահանված անձանց վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի հիմնասյուներից է, որը հաստատված է բազմաթիվ իրավական նախադեպերով եւ միջազգային հռչակագրերով», – գրել է նա, հիշեցնելով, որ «Միջազգային արդարադատության դատարանի 2023 թ. նոյեմբերի որոշումն ու Եվրոպական խորհրդարանի 2024 թ. մարտի եւ հոկտեմբերի բանաձեւերը վերահաստատում են այս սկզբունքը՝ կոչ անելով Ադրբեջանին ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարողանան ապահով ու արժանապատվորեն վերադառնալ իրենց տները»։
Իսկ ըստ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի՝ «Տեղահանվածների վերադարձի հարցն անտեսված է, քանի որ այն չկա ՀՀ պաշտոնական օրակարգում», բայց «Շվեյցարիան լավ հնարավորություն է ստեղծում։ Սա հարթակ է, որտեղ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են քննարկել այս հարցը»։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ