Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի գնահատմամբ՝ բոլոր հարցերում մեծ ձախողում է ամբողջ երկրում: Այսօր Ազատության հրապարակում «Սրբազան պայքարի» աջակիցների կազմակերպած «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» բողոքի ցույցի ժամանակ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այս իշխանությունների խոսույթին. «Վերջին 30 տարվա մեջ նման բան չի եղել, առաջին անգամ 20 տարվա մեջ… այնպես են ասում, որ կարծես «Նաիրիտ» գործարան են ստեղծել ժամանակին, ատոմակայան են բացել, օդանավակայան են ստեղծել, պարի պետական կամ օպերային բալետ…մարդիկ, երբ այս երկիրը ստեղծել են, համոզված եմ, որ թերթերի արխիվը որ նայեք, նման մեծամիտ խոսույթ երբեւէ չի եղել: Երբ Բուսաբանական այգին հիմնում էին, չեն կանգնել, թերթերին ասել՝ առաջին անգամ հայ ժողովրդի համար, մարդիկ իրենց գլուխը կախ արել են: Էսօր նայում ես՝ մարզպետը, համայնքապետը իրենց գործով գնում են ինչ-որ քաղաք, գյուղ, միանգամից գրում են իրենց ֆեյսբուքյան էջում՝ այսօր աշխատանքային այցով գնացի այս գյուղ, ոնց որ ձեռ առնեն»:
Անդրադառնալով վերջին շրջանում ամեն ամիս քաղաքապետարանի մի նոր պաշտոնյայի ձերբակալությանը կաշառքի գործով՝ Վիկտոր Մնացականյանն ասաց. «Սարսափելի բան է…խորքային խնդիր կա, մի քանի վարչության պետեր, որ այդ գործով անցնում են, մեծ ցավ եմ ապրում, այդ կալանավորված անձանցիից մեկը, որը ժամանակին ոստիկան էր, օպերայի սրճարանների մոնտաժման ժամանակ մեծ գործ է արել: Ծիծաղելի է, որ էդ տղերքը ինչ-որ 100.000 դրամի համար ընկել են այդ պատմության մեջ: Էդ մարդիկ մեծ գործ են արել քաղաքի համար: Իհարկե, վատ է, արմատախիլ պետք է անել, ու չի կարելի արդարացնել, բայց խնդիրը խորքային պիտի նայենք, քաղաքը սխալ է կառավարվում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ