Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին՝ «ազատ քաղաք» ու «հարկային դրախտավայր»․ ի՞նչ է առաջարկում «Մայր Հայաստան» դաշինքը

Մարտ 18,2025 20:45

Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքը՝ քաղաքապետի իր թեկնածու, գործարար Կարեն Սիմոնյանի նախաձեռնությամբ այս քաղաքում սկսել էր ստորագրահավաք՝ Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու նախաձեռնությամբ։ 20 օրում՝ շատ կարճ ժամանակահատվածում 7700 գյումրեցի տվել էր իր համաձայնությունը։

Թե ի՞նչ կտա հանրապետության երկրորդ քաղաքին՝ ազատ տնտեսական գոտու ստեղծումն ու ու ազատ հարկային ռեժիմի հաստատումը, այս մասին այսօր մանրամասներ ներկայացրեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։

Նա տեղեկացրեց, որ մարտի 21-ին «Մայր Հայաստան» դաշինքը Գյումրիում տեղի գործարարների ու ռուսաստանցի փորձագետների մասնակցությամբ անցկացնելու է տնտեսական ֆորում։

Անդրանիկ Թևանյանը մանրամասնեց, որ «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը դեռ ամիսներ առաջ նախաձեռնել էր մասնագիտական քննարկում, որի մասնակցելով՝ եկել են այն եզրահանգման, որ հանրապետության երկրորդ քաղաքի իրական զարգացման ու առաջընթացի համար անհրաժեշտ է, որ ստեղծվի ազատ տնտեսական գոտի։

Ըստ բանախոսի, այդ գաղափարը նորույթ չէ, այն քննարկվել է դեռ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո՝ տարբեր ձևերով ու տարբեր փուլերով։

Իսկ վերջին անգամ 2019 թվականին է ՀՀ կառավարությունը որոշում կայացրել, որ պետք է ազատ տնտեսական գոտի հիմնեն, սակայն, Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ ձեռքերը լվացել ու մի կողմ են քաշվել․ գործնական քայլեր չեն կիրառվել։

«Պետք է ասել, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կային, օբյեկտիվը 2019-ից հետո քովիդի ու պատերազմի հանգամանքն էր, իսկ սուբյեկտիվը սխալ որոշումների կայացումը ու կառավարության կողմից համապատասխան ցանկության վճռականության կամ պրոֆեսիոնալիզմի բացակայությունը»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդը ներկայացրեց ազատ տնտեսական գոտու իրենց մոդելը։

«Մենք ազատ տնտեսական գոտու մեր մոդելն ենք ներկայացրել՝ հաշվի առնելով հետևյալ հանգամանքները։

Առաջին՝ Գյումրին ունի համապատասխան և՛ բարոյական, և՛ սոցիալական առումով այդ իրավունքը, որպեսզի իր տարածքում հիմնվի զարգացման հնարավորությունը, և մենք վերջապես ազատվենք աղետի գոտի պիտակից։

Երկրորդը՝ Գյումրիի աշխարհագրական դիրքը ռազմավարական նշանակություն ունի, և այդ առումով Գյումրին կարող է այսպես ասենք՝ որպես հյուսիսային մայրաքաղաք լոկոմոտիվի գործառույթ կատարի տնտեսական զարգացման առումով ինչպես Շիրակի մարզի, այնպես էլ Հայաստանի համար։

Երրորդ հանգամանքը համապատասխան աշխատուժի առկայությունն է, որը շատ արագ կարող է տրանսֆորմացվել իր որակներով և մատակարարել աշխատակիցներ, աշխատուժ այն գործարանների ու արտադրությունների համար, որը ենթադրվում է՝ պետք է լինի ազատ տնտեսական գոտու հիմնումից հետո։

Մյուս հանգամանքը, որ նպաստում է, որ մենք հենց Գյումրիում պատկերացնենք ազատ տնտեսական գոտին, բացի ծովայինից, տրանսպորտային բոլոր միջոցների առկայությունն է․ կա երկաթգիծ, կա օդանավակայան և կա հյուսիս-հարավ ճանապարհահատվածի հանգուցային այդ հատվածը, որը հենց Գյումրիով է անցնում։

Եվ չորրորդ հանգամանքը․ իր ռազմավարական նշանակությունը՝ և՛ անվտանգային առումով, և՛ տնտեսական առումով և՛ սահմանակից լինելը, մոտ լինելը Վրաստանին, Թուրքիային, այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ կարծում ենք, որ կա հնարավորություն Գյումրում ազատ տնտեսական գոտու հիմնման»։

Անդրանիկ Թևանյանը նաև պարզաբանեց, թե ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալողները ինչ արտոնություններ կստանան։

«Մեր առաջարկի մեջ օդանավակայանին կից տարածքում կարող է լինել լոգիստիկ կենտրոնը, որն ազատվում է շահութահարկից և ավելացված արժեքի հարկից, երբ արտահանմանն ուղղված գործողություններ են կատարվում ազատ տնտեսական գոտու հիմնումից և գործողություն ծավալելուց հետո։

Եվ Մարմաշենի ճանապարհին ենք մենք տեսնում, որ 300 հեկտար հատված կա, որտեղ համապատասխան ներդրումներից ու ենթակառուցվածքները ստեղծելուց հետո ակնկալվում է, որ կարող է լինել մոտ 500 միլիոն դոլարի ներդրում սկզբնական, և դա կարող է բերել 15 հազար նոր աշխատատեղերի ստեղծման», -ասաց բանախոսը։

Նա նաև տեղեկացրեց, որ մինչ այս ծրագրի հրապարակայնացումը որոշակի քննարկումներ են ունեցել ռուս մասնագետ գործընկերների, ինչպես նաև տեղի բիզնես շրջանակների հետ՝ օգտագործելով իրենց կապերը ու նախնական հավանություն ստանալով։

«Սրան ավելացրել ենք նաև «ազատ քաղաքի» գաղափարը, որը չինական մոդելից է վերցված։ Այն այսպես կոչված «հարկային դրախտավայրն է», այդպիսի տերմին է ուղղակի օգտագործվում Չինաստանում, երբ որ տվյալ քաղաքում գրանցված, տվյալ քաղաքում գործունեություն վարող և միայն տվյալ քաղաքի բնակիչներով հաշվառված ֆիրմաները համապետական մակարդակի որոշակի հարկային արտոնություն են ստանում։

Մեր պարագայում մենք հաշվարկել ենք, որ պետք է 50 տոկոս արտոնություն ստանա Գյումրիում գրանցված, Գյումրիում գործունեություն իրականացնող և Գյումրիի հաշվառում ունեցող աշխատակիցներով համալրված ձեռնարկությունը։

Ի՞նչ ենք նկատի ունենում 50 տոկոս․ դա վերաբերելու է շահութահարկին, ավելացված արժեքի հարկին, շրջանառության հարկին։ Համապետական մասշտաբով ինչ հարկային դրույքաչափ որ գործի, դրա 50 տոկոսի չափը պիտի կիրառվի Գյումրիում, և մենք ծրագիրը պատկերացնում ենք 25 տարվա կտրվածքով։

Դա իր հետևից կբերի լոկոմոտիվի, քարշակի տրամաբանությամբ բիզնեսի զարգացում, նոր աշխատատեղեր, ներդրումներ և արդեն որակապես այլ մակարդակ։

Հիմա կարող է հարց առաջանալ՝ բա ինչպե՞ս ենք մենք պատկերացնում, որ կյանքի պիտի կոչվի, դա ակնհայտորեն համապետական խնդիր է, բայց մենք այստեղ էլ գնացինք նոր տեխնոլոգիա կիրառելու ճանապարհով, սկսվեց ստորագրահավաք, որն էլի օրենքով սահմանված կարգով է, և որը վերաբերում է Գյումրու ապագա ավագանուն։

Ի՞նչ ենք մենք ասում․ սարքել ենք ծրագրի փաթեթը և ասում ենք, քանի որ նախկինում միշտ վերևից է որոշում կայացվել, որ ազատ տնտեսական գոտի պիտի հիմնվի ու ոչ մի բան չի արվել, մենք հիմա հակառակ ճանապարհով ենք գնում։

Մենք այդ ծրագիրը դարձրել ենք ուղերձի մաս, որը պիտի դառնա ապագա Գյումրիի ավագանու ուղերձ, ոչ թե առանձին ֆրակցիայի, այլ ուղերձ։ Օրենքով սահմանված կարգով դա թույլատրվում է, երբ որոշման նախագիծը, ինչպես Երևանում արեցինք տրանսպորտի հետ կապված, նույնը արել ենք ուղերձի մասով Գյումրիում»։

Անդրանիկ Թևանյանը նաև ասաց, քանի որ նոր տվյալներով՝ Գյումրիում գրանցված ընտրողների քանակը 112 հազարի չափով է, մոտավորապես 1100 ստորագրություն էր անհրաժեշտ, այսինքն՝ մեկ տոկոսը, որպեսզի հարցը մտնի ապագա ավագանու օրակարգ, ավագանին էլ ուղերձ հղի, որ այս ծրագիրը կյանքի կոչվի։ Սակայն դաշինքի ներկայացուցիչները հավաքել են 7700 ստորագրություն, այսինքն՝ 7 անգամ ավել, քան պահանջվում է։

Ըստ նրա, սա լոբբինգի ձև է, որը ժողովուրդն է անելու։

«Այդ ուղերձը ներկայացվելու, է որպեսզի լոբբինգ արվի, կյանքի կոչվի, կանի՞ այս իշխանությունը, շատ լավ, չի անի, ուրեմն այլ իշխանություններ դա կանեն, բայց փաթեթը կա, ծրագիրը կա, գյումրեցիներն են դառնում պահանջատեր։

Սա էական տարբերություն է, ոչ թե վերևից ինչ-որ մեկը ծրագիր է դնում, այլ գյումրեցիները պահանջում են այս ծրագիրը կյանքի կոչել»։

Իսկ ռուս փորձագետներին Գյումրիում կայանալիք ազատ տնտեսական ֆորումին հրավիրելը, ըստ բանախոսի, պայմանավորված է ԵԱՏՄ շրջանակներում առկա տնտեսական հնարավորություններով։

«Հայ- ռուսական տնտեսական հարաբերություններում աննախադեպ թվերի ենք հասել՝ տարեկան շրջանառության 12-13 միլիարդ դոլարի չափով, իհարկե, հասկանում ենք, որ պայմանավորված է նաև ուկրաինական գործողություններով, սանկցիաներով, բայց քանի որ դրանք կան, առկա են օբյեկտիվորեն։

Եվ ռուսական 102-րդ ռազմաբազան, որը գտնվում է Գյումրիում, մենք կարծում ենք, որ ռուսական կողմը պետք է շահագրգռված լինի, որպեսզի այն տարածքը, քաղաքը, որտեղ տեղակայված է ռազմաբազան, ունենա տնտեսական զարգացում, հաջողություն և չհամարվի Հայաստանի աղքատ քաղաքներից կամ շրջաններից մեկը ։

Եվ երկրորդ՝ մենք տեսնում ենք՝ հիմնական շուկան արտահանման Ռուսաստանն է, այս առումով մենք ֆորումին ներգրավելու ենք մեր ռուս գործընկերներին, նրանք կարող են լինել պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակներից, որպեսզի իրենք իրենց մասնակցությամբ և տեսակետներով հարստացնեն մեր նախագիծը և քննարկում ծավալվի, թե ինչպես կարելի է կյանքի կոչել»,-պարզաբանեց Անդրանիկ Թևանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Լուսանկարը՝ Տիգրան Գասաբյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31