Ինչի՞ն վստահեմ, վստահեմ, որ խաղաղության պայմանագիր ենք կնքում, որտեղ փոխզիջումների մասին է խոսվում, բայց մե՞նք ենք անդադար զիջում: Վստահեմ, որ այդպես էլ չտեսա 44-օրյա պատերազմի զոհերի ո՛չ հստակ թիվը, ո՛չ զոհերի անուննե՞րը: Չեմ վստահում այս իշխանություններին, որովհետեւ իրենք այնքան ճղճիմ եմ վերաբերում մարդկանց, որոնք սիրում են հայրենիքը: Այսօր Ազատության հրապարակում «Սրբազան պայքարի» աջակիցների կազմակերպած «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» բողոքի ցույցի ժամանակ լրագրողներին ասաց դերասանուհի Անաիս Սարդարյանը:
Բողոքի ակցիան խորհրդանշական հանրաքվեի ձեւով է, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը չվստահողները համապատասխան քվեաթերթիկն են լրացնում ու գցում քվեատուփ:
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն դիտարկմանը, թե խաղաղության պայմանագրի փաստաթուղթը մարդիկ չեն տեսել ու իր համար զարմանալի է՝ ինչ դեմ են կռվում, դերասանուհին այսպես արձագանքեց. «Բա ցույց տվեք, ցույց տվեք, տեսնենք: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը տեսել ենք, չէ՞, այնտեղ կետերի մեջ հստակ նշված էր՝ 120.000 արցախցի պետք է ապրի իր հողում, էդ տեսել ենք, բա ուր է ձեր ստորագրած պայմանագիրը, ի՞նչ արեցիք Արցախի հետ…Եկեք լռենք փաստաթղթերից, ձեր արածից, ձեր տեսնելուց ու մեր չտեսնելուց: Ամեն ինչ տեսել ենք: 44-օրյա պատերազմ ենք տեսել: Ի տարբերություն ձեզ՝ գնում ենք Եռաբլուր ու տեսնում ենք զոհված հերոսների ընտանիքներին ու մայրերի աչքերի մեջ ենք կարողանում նայել, չգիտենք էլ ինչ ասել, բայց ի տարբերություն ձեզ՝ հաճախ գնում ենք ու այդ դրոշներն ենք տեսնում, Եռաբլուրի մեծանալն ենք տեսնում, Կիրանցի պատն ենք տեսնում»:
Կարդացեք նաև
Փաշինյանի իշխանությանը չվստահող մեկ այլ քաղաքացի էլ, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու չի վստահում իշխանություններին, ասաց, թե ազգի դավաճաններին չի կարելի վստահել. «Ազգի կործանարար ղեկավար է, ամեն ինչ պետք է ազգի համար անեն, ոչ թե հայրենիքը վաճառելով: Արդեն Սյունիքն էլ են վաճառում: Մեր զինվորներն էլ ոչինչ չունեն, վրաններում են՝ առանց զենք սահման են պահում, ասում են՝ ոչ մի փամփուշտ էլ պետք չէ, այդպես կանգնեք, այ էդ է մեր ղեկավարը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ