ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թ.թ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի մարտի 20-ին Երեւանում եւ մարտի 23-ին Թբիլիսիում կայանալիք հանդիպումներին ընդառաջ կազմակերպված Երեւան-Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում իրենց կանխատեսումներով եւ երկու երկրների միջեւ ֆուտբոլային սկզբունքայնության մասին խոսեցին Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Արարատ-Արմենիա» թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը եւ վրացական ֆուտբոլի վետերան, Վրաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռեւազ Ձոձուաշվիլին:
Վրացի մասնագետը նախ նշեց, որ վառ հիշողություններ ունի Երեւանում «Հրազդան» մարզադաշտի եւ իր սերնդակից հայ ֆուտբոլիստների հետ կապված, որոնց հետ խաղադաշտում ոչ մի փոխզիջում չէր կարող լինել, սակայն ֆուտբոլից դուրս լավ ու վստահելի ընկերներ էին հատկապես ԽՍՀՄ հավաքականի կազմում: «Շատ հետաքրքիր էր, որ երկու երկրների ֆուտբոլասերներն էլ այն դիրքորոշումն ունեին, որ եթե անգամ իրենց սիրելի թիմը պարտվեր, ասենք, Մոսկվայի «Դինամոյին», դա այնքան էլ սարսափելի չէր լինի, եթե Թբիլիսիի «Դինամոն» պարտվեր «Արարատին» կամ «Արարատը»՝ Թբիլիսիի «Դինամոյին»: Եվ դեռ այն ժամանակվանից, մասնավորապես, մեզ մոտ՝ Վրաստանում, քաղաքական եւ մարզչական աշխատանքն ուղղված էր նրան, որ հայերի հետ հանդիպմանը պետք է երկու անգամ լավ նախապատրաստվել: Վստահ եմ, նույնը Հայաստանում էր: Եվ այդ մրցակցության դրական արդյունքը երեւում էր հատկապես, երբ մեզ հրավիրում էին ԽՍՀՄ հավաքական:
Այո, մեր հանդիպումները մարտական էին, մենք լավ սերունդ էինք: Եվ ես մեծ ցանկություն ունեմ թե Վրաստանի, թե Հայաստանի հավաքականներին տեսնել աշխարհի առաջնության եզրափակչում»,-ասաց Ձոձուաշվիլին:
Անդրադառնալով տարածված տեսակետին, թե ներկայումս Վրաստանի հավաքականը ավելի փորձառու եւ ուժեղ է Հայաստանի ընտրանուց, Ռեւազ Ձոձուաշվիլին ասաց, որ այդպես մտածելը շատ վտանգավոր է, քանի որ դա կարող է տհաճ անակնկալ պատճառել: Վետերանը մեծ ցանկություն ունի՝ խաղադաշտում տեսնել գեղեցիկ ֆուտբոլ, ինչը երկու հավաքականներն էլ ի վիճակի են ցուցադրել:
Կարդացեք նաև
«Իսկապես, դեռ Խորհրդային Միության ժամանակներից մեր հավաքականների հանդիպումները անցնում են շատ թեժ ու անզիջում պայքարում, իսկ խաղադաշտից դուրս մեծ բարեկամություն է եղել: Սա անդրկովկասյան դերբի է: Ինչ վերաբերում է ամսի 20-ի եւ 23-ի հանդիպումներին, մեկ անգամ արդեն ասել եմ, հիմա էլ կրկնեմ. էական չէ, թե թիմերն այդ հանդիպումներին ինչ վիճակում կներկայանան, գուշակել հաշիվը հնարավոր չէ: Տեսանելիորեն Վրաստանի թիմը մի փոքր ավելի բարձր է, մասնակցել է Եվրոպայի առաջնության եզրափակչին եւ ավելի շատ փորձ ունի: Բայց դա նշանակություն չունի, քանի որ այդպիսի խաղերն ընթանում են լարված ու հավասար պայքարում»,-ասաց Վարդան Մինասյանը:
Մարզիչը վրացական ֆուտբոլի հաջողությունները պայմանավորեց նրանով, որ այդ երկրում մեծ կարեւորություն է տրվում ֆուտբոլային ենթակառուցվածքների ստեղծմանը ոչ միայն մայրաքաղաք Թբիլիսիում, այլեւ երկրի ամբողջ տարածքում, հերթափոխ աճեցնելուն, ինչը կարեւոր է, որպեսզի սերնդափոխությունը կատարվի ոչ թե ընդհատումներով, այլ հոսքագծի սկզբունքով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ