Լրահոս
Օրվա լրահոսը

2026թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել ոչ պակաս պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը՝ սպառողական զամբյուղի ամսական արժեքից

Մարտ 18,2025 19:15

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Հեղինակն առաջարկում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել ոչ պակաս պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը՝ սպառողական զամբյուղի ամսական արժեքից:

Որպես պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներ՝ առաջարկվում է հիմք ընդունել տվյալ բյուջետային տարվան նախորդող տարվա երկրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով հաշվարկված, Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած պարենային եւ սպառողական զամբյուղների ամսական արժեքները

Առաջարկվում է նաեւ պարենային զամբյուղում ներառվող սննդամթերքի կազմը, կառուցվածքը եւ էներգետիկան, պարենային եւ սպառողական զամբյուղների ամսական արժեքները, միջին աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը վերապահել Կառավարությանը:

Արծվիկ Մինասյանը նշել է, որ նախագծի նպատակը կենսաթոշակառուների եւ տարեց բնակչության սոցիալական պաշտպանվածության մակարդակի շարունակական բարելավումն է:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է Կառավարության բացասական տեսակետը:

Քննարկման ընթացքում նշվել է, որ նախագծով առաջարկվող լրացումների անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով աշխատանքի եւ սոցիալական բնագավառում Կառավարությունն արդեն սահմանել է ռազմավարական նպատակ՝ մինչեւ 2026 թվականը քայլեր ձեռնարկելու նվազագույն կենսաթոշակի եւ կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնելու, համապատասխանաբար, պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներին:

Արծվիկ Մինասյանն ու Դավիթ Խաչատրյանը պատասխանել են պատգամավորների հարցերին:

Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծը ստացել է բացասական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթին:

Հիմնական կարգավորումներն՝ այստեղ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ եղել են խմբագրական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Հարցերը քննարկվել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 18-ի նիստում:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31