Յասմին Դում-Տրագուտի խոսքը՝ 2025 թ. Եվրոպայի 7 ամենից վտանգված ժառանգության վայրերի հայտարարման առցանց միջոցառման շրջանակում
Առաքելոց՝ 13-րդ դարի բնակավայր, որը գտնվում է Հյուսիսային Հայաստանի խիտ անտառներում, ունի ամրացված վանք և այլ կրոնական ու աշխարհիկ հուշարձաններ։ Տեղակայված լինելով Հարավային Կովկասի հյուսիսային Մետաքսի ճանապարհի երկայնքով՝ Եվրոպայի և Ասիայի պատմական հանգույցում, տեղանքը գտնվում է նաև ակտիվ սեյսմիկ խզվածքի և ադրբեջանա-հայկական զգայուն սահմանային գոտում: Այս վայրի մշակութային հուշարձանների պահպանությունը պահանջում է զգույշ մոտեցում՝ հավասարակշռելով ժառանգության պահպանումը շրջակա բնական միջավայրի զգայունության հետ:
Ծրագիրը նախատեսում է Առաքելոց վանական համալիրի և բնակավայրի ամբողջական հետազոտություն, մաքրում և պահպանում, ինչպես նաև ժառանգության երթուղու ստեղծում: Սա ներառում է խաղաղության խթանմանը, տեղական կարողությունների հզորացմանը, կրթության բարելավմանն ու կայուն էկոտուրիզմի խթանմանն ուղղված ջանքեր՝ բնական և մշակութային ժառանգության պահպանման համատեքստում: Ամենակարևորն այն է, որ այս ամենը ձեռնարկվելու է տեղի բնակչության հետ և նրանց համար: Ծրագիրը հնարավորություն կտա համայնքին դառնալու սեփական ժառանգության խնամակալները՝ դրանով իսկ ամրապնդելով տեղի հետ իրենց կապն ու դրա հանդեպ իրենց պատասխանատվության զգացումը:
Առաքելոցի՝ Եվրպոայի 7 ամենավտանգվածների շարքում ներառելու հանգամանքն էական մարտահրավեր և պատասխանատվություն է առաջացնում ինձ համար՝ որպես առաջադրողի՝ ավստրիացի հայագետի, որի գործունեության կենտրոնում Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության տարածումն ու հանրահռչակումն է Եվրոպայում:
Առաքելոցը որպես 2025 թվականի 7 ամենավտանգված վայրերից մեկը նշելը ոչ միայն կբարձրացնի բուն հուշարձանի նշանակությունը, այլև կբացի բազմաթիվ այլ հեռանկարներ հայկական և եվրոպական համատեքստում:
Կարդացեք նաև
Առաքելոցը հայկական ժառանգության բազմաթիվ վայրերի դժբախտ վիճակի օրինակն է: Անտեսումը, գնահատման և ֆինանսավորման բացակայությունը, մշակութային արդյունավետ քաղաքականության և գույքի պաշտպանության միջոցների բացակայությունը թույլ են տվել, որ այս անգնահատելի հուշարձանների վիճակը վատթարանա:
Առաքելոցի օրինակը կարող է որպես ուղենիշ ծառայել Հայաստանի համար՝ ցույց տալով մշակութային ժառանգության գույքագրման, դրա պահպանման և մշակութային արժեքների պաշտպանության միջազգային օրենքների համաձայն ճանաչման գործընթացը:
«Առաքելոցը» կարող է չափանիշներ սահմանել ժառանգության կայուն զբոսաշրջության զարգացման համար.
Ավելին, Առաքելոցը կարող է ընդգծել տեղի բնակչության, հետազոտողների, որոշում կայացնողների և շահագրգիռ կողմերի միջև համագործակցության կարևոր անհրաժեշտությունը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում՝ հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու համար:
Առաքելոցը կարող է կատալիզատոր հանդիսանալ հայկական մշակույթի նկատմամբ եվրոպական ավելի լայն հետաքրքրության գեներացման համար: Դրա ընդգրկումը 7 ամենավտանգվածների ցանկում կօգնի Եվրոպայի ուշադրությունը հրավիրել հայկական դարավոր մշակույթի և նրա նշանակության վրա՝ որպես կամուրջ և միջնորդ Եվրոպայի և Ասիայի, ինչպես նաև արևմտյան և արևելյան քրիստոնեության միջև:
«Առաքելոց»-ի ցուցակագրումը կամրապնդի հայ ժողովրդի վստահությունը, տոկունությունը և հույսը, հատկապես՝ ճգնաժամից տուժած սահմանամերձ շրջաններում բնակվողների համար: Վերջին հինգ տարիների ավերիչ իրադարձություններից՝ ղարաբաղյան պատերազմից, սահմանային բախումներից, Ղարաբաղի կորստից և հայ բնակչության տեղահանումից, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության կորստի հետ կապված ողբերգական դրվագներից հետո, ես այս նորությունն ընկալում եմ որպես էական եվրոպական նախաձեռնություն, հզոր հանրային եվրոպական հռչակագիր և մշակութային համերաշխության եվրոպական արդյունավետ դրսևորում։
Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին Եվրոպայի 7 ամենից վտանգված ժառանգության վայրերի 2025 թ. ցանկում է
Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը այսօր հրապարակել են 2025 թ. Եվրոպայի 7 ամենից վտանգված հուշարձանների ու ժառանգության վայրեր ցանկը։ 2013-ին՝ մեկնարկից ի վեր «7 ամենավտանգված» ծրագիրը գործում է որպես քաղաքացիական հասարակության առանցքային նախաձեռնություն, որի նպատակը Եվրոպայի վտանգված ժառանգության պաշտպանությունն է, փորձագիտական գիտելիքի մեկտեղումն ու առաջմղումը, անցանկալի զարգացումների կանխումը, պետական և մասնավոր աջակցության ապահովումը՝ ներառյալ ֆինանսական աջակցությունը։
Ցանկում ընդգրկված վայրերից յուրաքանչյուրն արժանանում է «ԵՆԲ ժառանգության դրամաշնորհի»՝ 10,000 եվրոյի չափով. այն ուղղվելու համաձայնեցված այնպիսի գործողությունների, որոնք կարող են նպաստել վտանգված այս վայրերի պահպանությանը։
2025-ի Եվրոպայի ամենից վտանգված 7 ժառանգության վայրեր են ճանաչվել.
- Առաքելոց վանական համալիր և գյուղատեղի, ՀԱՅԱՍՏԱՆ
- Նիբորգ ամրոց, ԴԱՆԻԱ
- Մոնեմվասիայի ամրոց, ՀՈՒՆԱՍՏԱՆ
- Օռլայի Մեծ սինագոգ, ԼԵՀԱՍՏԱՆ
- Գլխավոր շտաբի մոդեռնիստական համալիր, Բելգրադ, ՍԵՐԲԻԱ
- Վալհալլա լողասրահ, Գյոթեբորգ, ՇՎԵԴԻԱ
- Վիկտորյա Թաուերի այգիներ, Լոնդոն, ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ժառանգության վայրերը հայտարարվեցին առցանց միջոցառման ժամանակ, որը վարում էին «Եվրոպա Նոստրայի» փոխնախագահ Գի Կլաուսը և ԵՆԲ ինստիտուտի ղեկավար ու տնօրեն Շիվա Դուստդարը՝ մասնակցությամբ ԵՄ սերունդների համերաշխության, երիտասարդության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնակատար Գլեն Միկալեֆի: Առցանց միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին նաև ընտրված վայրերի առաջադրողները, ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից և նրա սահմաններից անդին:
Այս տարվա ցանկում մշակութային և բնական ժառանգության երեք վայրեր են՝ Նիբորգ ու Մոնեմվասիայի ամրոցները, ինչպես և Լոնդոնի Վիկտորյա Թաուերի այգիները, որոնք վտանգված են ինվազիվ շինարարության ու կառուցապատման անընդունելի նախագծերի պատճառով։ Մոդեռնիստական ևս երկու կառույց՝ Գլխավոր շտաբի համալիրը Բելգրադում և Վալհալլա լողասրահը Գյոթեբորգում ոչնչացման անմիջական վտանգի տակ են։ Կրոնական ժառանգության երկու վայր՝ Առաքելոց վանական համալիրն ու գյուղատեղին և Օռլայի Մեծ սինագոգը վտանգված են համապատասխանաբար լքված լինելու կամ ֆինանսավորման բացակայության պատճառով:
Ընտրությունը կատարվել է ելնելով 7 վայրերից յուրաքանչյուրի՝ ժառանգության առումով նշանակալի լինելու ու մշակութային արժեք ներկայացնելու հանգամանքից, նաև իրական այն վտանգից, որին այն առերեսվում է այսօր։ Հաշվի է առնվել տեղական համայնքների ներգրավվածության ու այս վայրերը պահպանելու ուղղությամբ պետական և մասնավոր շահառուների հանձնառության աստիճանը: Ոչ պակաս կարևոր է եղել տեղում սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը խթանելու ժառանգության այս վայրերի ներուժը:
«Եվրոպա Նոստրայի» խորհուրդը հաղթող 7 մասնակիցներին առանձնացրել է 14 հուշարձանների և ժառանգության վայրերի ցանկից, որը հաստատվել էր «7 ամենավտանգված» ծրագրի Խորհրդատվական խմբի կողմից: 2025 թ. «7 ամենավտանգված» ծրագրում ժառանգության վայրերի առաջադրումները կատարել կամ հաստատել են «Եվրոպա Նոստրայի» և Եվրոպական ժառանգության դաշինքի անդամները:
«Եվրոպա Նոստրան» և ԵՆԲ ինստիտուտը ներկայացնող փորձագիտական թիմերը՝ 7 ընտրված վայրերն առաջադրած կազմակերպությունների, անհատների ու այլ գործընկերների հետ միասին այժմ լրացուցիչ տեղեկություններ են հավաքելու ու հանդիպելու շահագրգիռ կողմերի հետ։ Նրանք գնահատելու են ժառանգության վայրերը և պատրաստելու տեխնիկական զեկույց, որը հստակ քայլերի առաջարկներ կպարունակի։
Եվրոպա Նոստրայի, ԵՆԲ ինստիտուտի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հիմնական ուղերձները
«Եվրոպա Նոստրայի» փոխնախագահ Գի Կլաուսը հայտարարեց. «Համաեվրոպական ու ազգային մակարդակներում մեր գործընկերների հետ միասին մենք քաղհասարակության աջակցություն և տեխնիկական փորձաքննություն կտրամադրենք, կբացահայտենք ֆինանսավորման հնարավոր աղբյուրները և կմեկտեղենք մեր լայն ցանցը՝ աջակցելու տեղական ջանքերին և պահպանելու այս տարվա 7 ամենից վտանգված ժառանգության վայրերը Եվրոպայում: Մեր ժառանգությունը և մեր մշակույթը առանցքային դեր ունեն մեր մայրցամաքում և դրա սահմաններից դուրս՝ ավելի կայուն, ներառական ու ժողովրդավարական համայնքներ կառուցելու համար»:
Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի ղեկավար և տնօրեն Շիվա Դուստդարն ասաց. «Եվրոպայի մշակութային ժառանգությունը նրա ընդհանրական ինքնության, տնտեսական կենսունակության և պատմական ժառանգության հիմնաքարն է: Վտանգված վայրերի այս ցանկը ընդգծում է ոչ միայն դրանց նշանակությունը, այլև դրանց գոյատևումն ապահովելու համար գործողությունների հրատապ անհրաժեշտությունը: Աջակցելով «Եվրոպա Նոստրային»՝ ԵՆԲ ինստիտուտը հպարտ է հզորացնել տեղական համայնքները, որոնք գիտակցում են ժառանգության պահպանման կարևոր դերը ավելի ընդգրկուն մարտահրավերներին դիմակայելու հարցում։ Այս վայրերի պաշտպանությունը ներդրում է Եվրոպայի մշակութային, սոցիալական և տնտեսական կառուցվածքում, որը երաշխավորում է նաև դրանց արժեքի պահպանումը գալիք սերունդների համար»:
ԵՄ սերունդների համերաշխության, երիտասարդության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնակատար Գլեն Միկալեֆը նշեց. «Մշակույթը հարստացնում է մեր կյանքը, և մեր հավաքական պարտականությունն է հոգ տանել դրա մասին: Մշակութային ժառանգությունն ընկած է ԵՄ–ում ներառական, բարգավաճ և կայուն ապագա կառուցելու հիմքում։ Այն վկայում է մեր բազմազանության, մեր ինքնության մասին, այն ստեղծում է միլիոնավոր աշխատատեղեր և ոգեշնչման աղբյուր է մշակութային և ստեղծագործական ոլորտների համար: Եվրոպայի ամենից վտանգված վայրերն ու հուշարձանները լուսաբանելը մեզ օգնում է պարզել, թե որտեղ պետք է ամրապնդել մշակութային մեր ժառանգությունը պաշտպանելու մեր ջանքերը, որպեսզի ապագա սերունդները կարողանան վայելել այն»:
Առաքելոց վանական համալիր և գյուղատեղի, Հայաստան
Թաքնված Հայաստանի հյուսիսում՝ Տավուշի գողտրիկ անտառներում, Առաքելոց վանական համալիրն ու գյուղատեղին միջնադարի կրոնական ու աշխարհիկ ժառանգության յուրօրինակ գոհարներ են։ Աճարկուտ գյուղից երկու կիլոմետր դեպի արևմուտք, Կիրանց գետի երկայնքով ձգվող այս հուշարձան խումբը 13-րդ դարի մշակութային և տնտեսական կյանքի շքեղ մի գանձարան է։ Մեկուսի դիրքն ու հայ-ադրբեջանական սահմանակցությունը ևս մեկ փաստարկ է համալիրի պատմական, նաև աշխարհաքաղաքական կարևորության օգտին։
Բոլորված տպավորիչ պարսպով ու աշտարակներով՝ համալիրի զարդը գլխավոր եկեղեցին է, ճարտարապետական նուրբ լուծումներով գմբեթավոր դահլիճ ու կից գավիթ՝ հայկական ավանդական «հազարաշեն» տանիքով ու Սուրբ Սարգսի որմնանկարով՝ եզակի իր տեսակի մեջ ու հավատարիմ հայ առաքելական ավանդույթներին։ Բնակավայրում նշմարելի են ոչ միայն եկեղեցիների հետքեր. Հայկական մետաքսի ճանապարհի վրա առևտրային երբեմնի աշխույժ այս կենտրոնի խոսուն վկաներ են քարավանատունը, ձիթհանքն ու Սրանոց կամուրջը:
Որպես վանական կալվածք ազատված լինելով հարկերից՝ կրոնականի ու աշխարհիկի համակեցության այս օրինակը բարեկեցություն, ինչպես և հայ-վրացական մշակութային փոխազդեցության ուշագրավ մի ժառանգություն է կերտել Զաքարյանների և մոնղոլական տիրապետության տարիներին։ Չնայած պատմական իր նշանակությանը, բնակավայրը լքված է 17-րդ դարից. այն նաև պատշաճ ուսումնասիրված չէ։
Առաքելոցն այսօր առերեսվում է ամենուր սպրդող բուսականության, քայքայվող հիմնապատերի, փոփոխվող կլիմայի, առատ տեղումների ու սելավների վտանգներին. սեյսմիկ ակտիվ գոտում գտնվելու հանգամանքն ու երկրաշարժերից վնասված շինությունները հավելյալ մարտահրավերներ են հուշարձանախմբի համար։ Մարդկային գործոնը ևս տեսանելի է՝ գրաֆիտի, հանգստի երկու ընդարձակ գոտի, չպահպանվող տարածք։ Ավելին, չղջիկների գաղութը համալիրի տարածքում մշակութային ժառանգության ու վայրի բնության պահպանության միջև հավասարակշռված ընտրություն է ենթադրում։
Առաքելոց վանական համալիրն ու գյուղատեղին «7 ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում առաջադրել է Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դում-Թրագուտը: Առաջադրմանը աջակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Աճարկուտի համայնքապետարանը, «Կապույտ վահան Հայաստանը» և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը։ Տեղանքի պահպանության, հետազոտության ու կայուն զարգացման ուղղությամբ խորհրդատվական աջակցություն է ցուցաբերելու Կրեմսի շարունակական կրթության համալսարանը (Ավստրիա)։
Ծրագիրը ենթադրում է Առաքելոց վանական համալիրի ու գյուղատեղիի ամբողջական հետազոտություն, տարածքի բարեկարգում ու պահպանություն, ինչպես նաև կայուն էկոտուրիզմի զարգացում, մասնակցությամբ տեղական շահառուների՝ ներառյալ ակադեմիական հաստատությունների ու հասարակական կազմակերպությունների։ Ծրագրի մաս կազմող կրթական նախաձեռնությունները և զբոսաշրջային արահետների բարեկարգումը նպատակ ունեն շաղկապել տեղի բնակչությունն ու միջնադարյան այս գանձերը՝ հպարտության ու գնահատանքի զգացում ձևավորելով տարածաշրջանի մշակութային ինքնության նկատմամբ։
«7 ամենավտանգված» ծրագրի միջազգային Խորհրդակցական խումբը նշում է. «Առաքելոցը միջնադարյան նշանակալի մի հուշարձանախումբ է, որում արտացոլված է դարաշրջանի մշակութային երկակիությունն ու խաղաղ գոյակցությունը: Այդուհանդերձ, անկայունությունը համալիրի շուրջ, պայմանավորված աշխարհաքաղաքական լարվածությամբ և բնապահպանական խնդիրներով, անհապաղ միջամտություն է պահանջում։ Առաքելոց վանական համալիրի ու բնակավայրի վերականգնումն ու հանրահռչակումը կարող է հաշտեցման, տարածաշրջանային կայունության և կայուն զարգացման խթան լինել՝ ժառանգությունը խաղաղության և առաջընթացի ռեսուրսի վերածելու ուղի նախանշելով»։
Ընդհանուր տեղեկություններ
«7 ամենավտանգված» ծրագիր
«7 ամենավտանգված» ծրագիրը քաղաքացիական հասարակության՝ Եվրոպայի վտանգված ժառանգությունը փրկելու արշավի մի մասն է: Այն բարձրացնում է հասարակության իրազեկվածության մակարդակը, տալիս անկախ գնահատականներ և առաջարկում գործուն քայլեր: Այն նաև տրամադրում է 10,000 եվրո դրամաշնորհ ցանկում ընդգրկված յուրաքանչյուր վայրի համար՝ աջակցելու համաձայնեցված գործողություններին, որոնք կօգնեն փրկել վտանգված ժառանգությունը:
2013-ին մեկնարկած այս նորարարական ծրագիրը ղեկավարում «Եվրոպա Նոստրան»՝ Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի հետ համագործակցությամբ: Ծրագրին աջակցում է նաև ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» նախագիծը։
«7 ամենավտանգված» ծրագրի 10-ամյակի կապակցությամբ 2023-ին ԵՆԲ-ն թողարկեց «Փրկելով անցյալը՝ ձևավորել ապագան» գրքույկը, որը ներկայացնում է հաջողությունների պատմություններ ու ընդգծում գործընկերության և համայնքի ներգրավվածության կարևորությունը: «Եվրոպա Նոստրայի» հետ սերտ համագործակցությամբ պատրաստված գրքույկը կարելի է կարդալ և ներբեռնել վեց լեզվով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և լեհերեն):
Ծրագրի մեկնարկից ի վեր ընտրվել է վտանգված 70 հուշարձան և ժառանգության վայր Եվրոպայի 33 երկրում (ամրոցներից մինչև կամուրջներ, ֆաբրիկաներ ու եկեղեցիներ)։ 2016 թ. Վենետիկի ծովածոցը (Իտալիա) հռչակվեց ԱՄԵՆԻՑ վտանգված ժառանգությունը Եվրոպայում, 2022 թ. «Եվրոպա Նոստրայի» խորհուրդը Ուկրաինայի հարուստ և բազմազան ժառանգությունը հռչակեց ամբողջ Եվրոպայի ԱՄԵՆԻՑ վտանգված ժառանգություն:
Եվրոպա Նոստրա
«Եվրոպա Նոստրան» եվրոպական քաղաքացիական հասարակության ձայնն է՝ ուղղված մշակութային և բնական ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը: Որպես ժառանգության ոլորտի հասարակական կազմակերպությունների համաեվրոպական ֆեդերացիա, այն աջակցում է պետական հաստատություններից, մասնավոր ընկերություններից և անհատներից բաղկացած ընդգրկուն մի ցանցի ավելի քան 40 երկրում: Լինելով Եվրոպայի ամենամեծ և ոլորտի ամենից ներկայացուցչական ցանցը՝ այն սերտ հարաբերություններ է պահպանում Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային այլ կառույցների հետ: 1963 թ. հիմնադրված «Եվրոպա Նոստրան» այս տարի նշում է իր 62-րդ տարելիցը։
«Եվրոպա Նոստրան» իրականացնում է Եվրոպայի վտանգված հուշարձանները, միջավայրերը և լանդշաֆտները փրկելու քարոզարշավ՝ մասնավորապես «7 ամենավտանգված» ծրագրի միջոցով: «Եվրոպական ժառանգության» կամ «Եվրոպա Նոստրա» մրցանակներով այն խրախուսում և հանրահռչակում է նաև բացառիկ նվաճումները։ «Եվրոպա Նոստրան» ակտիվորեն աջակցում է ժառանգությանն առնչվող եվրոպական ռազմավարությունների և քաղաքականությունների մշակմանն ու իրականացմանը՝ եվրոպական կառույցների հետ մասնակցային երկխոսության և Եվրոպական ժառանգության դաշինքի համակարգման միջոցով:
«Եվրոպա Նոստրան» գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի կողմից ընտրված Եվրոպական համընկերությունը, որն իրականացնում է «Եվրոպական ժառանգության կենտրոն» փորձնական նախագիծը (2023-2025 թթ․): Այն նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից մշակված Նոր եվրոպական Բաուհուզ նախաձեռնության պաշտոնական գործընկերն է և Կլիմայի ժառանգության ցանցի եվրոպական առաջատար ներկայացուցիչն ու աջակիցը:
Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտ
Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտը ստեղծվել է ԵՆԲ խմբի (Եվրոպական ներդրումային բանկ և Եվրոպական ներդրումային հիմնադրամ) շրջանակներում՝ եվրոպական շահագրգիռ կողմերի և հանրության հետ միասին խթանելու ու աջակցելու սոցիալական, մշակութային և ակադեմիական նախաձեռնությունները: Այն ԵՆԲ խմբի համայնքային և քաղաքացիական գործակցության առանցքային հենասյունն է: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել http://institute.eib.org կայքում։
Ստեղծագործ Եվրոպա
«Ստեղծագործ Եվրոպան» ԵՄ ծրագիր է, որն աջակցում է մշակութային և ստեղծագործական ոլորտներին՝ հնարավորություն տալով վերջիններիս իրենց ներդրումն ունենալու Եվրոպայի սոցիալական, տնտեսական կյանքում և կենսամիջավայրում: Ծրագիրը 2021-2027 թթ. համար նախատեսված 2,4 միլիարդ եվրո բյուջեով օժանդակում է ժառանգության, կատարողական արվեստի, կերպարվեստի, միջգիտակարգային արվեստների, հրատարակչության, կինոյի, հեռուստատեսության, երաժշտության և տեսախաղերի ոլորտների կազմակերպություններին, նաև տասնյակ հազարավոր արվեստագետների, մշակութային և տեսալսողական ոլորտի գործիչների:
Մամուլի հաղորդագրություն