Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսվել է այլընտրանքային խափանման միջոց` տնային կալանք: Սակայն, դրա կիրառման դեպքում իրավական կարգավորման դաշտից դուրս են մնացել աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքին առնչվող հարցերը: Այս մասին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 18-ի նիստում ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:
Փոխնախարարն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել այն լրացումներն ու փոփոխությունները, որոնք գործադիրն առաջարկում է կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում:
Օրենքի նախագծով առաջարկվում է աշխատողի, այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահից մինչեւ այն` այլ խափանման միջոցով փոխելը կամ վերացնելն աշխատողի լիազորությունները համարել կասեցված, եթե դատարանի որոշմամբ բնակության տարածքը չլքելուց բացի կիրառվել են աշխատանքային պարտականությունների կատարման հետ անհամատեղելի սահմանափակումներ: Նշված սահմանափակումները կիրառված չլինելու դեպքում առաջարկվում է չկասեցնել տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ աշխատողի լիազորությունները, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել հեռավար եղանակով:
Առաջարկվում է նաեւ ամբողջությամբ պահպանել տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողի աշխատատեղը, իսկ աշխատողի լիազորությունները գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ չկասեցվելու դեպքում նաեւ վարձատրությունը: Օրենքի նախագծով տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողի լիազորությունները կասեցված համարվելու դեպքում չի պահպանվի հանրային ծառայության մեջ գտնվող անձի վարձատրությունը:
Կարդացեք նաև
Տիգրան Դադունցը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
ԱԺ