Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերիք է քայլեք, 2018-ին քայլեցիք, տեսանք՝ ինչ եղավ»․ Արծվիկ Մինասյանը՝ փոխնախարարին

Մարտ 18,2025 17:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Օրինագծով առաջարկվում է, որ ամրագրվի՝ պետական կենսաթոշակների մասին օրենքում կա դրույթ՝ ըստ որի՝ սկսած 2026-ի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել սպառողական զամբյուղի ամսական արժեքից»,- ՀՀ ԱԺ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, ներկայացնելով «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենսդրական առաջարկը,  հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Այս նախագծին կառավարությունը դրական եզրակացություն չի տվել։ Հանձնաժողովի նիստի ժամանակ էլ հնչեցին մի շարք առարկություններ իշխող ՔՊ խմբակցության պատգամավորների և կառավարության անդամների կողմից։

ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հարցրեց՝ ի՞նչ նախնական հաշվարկներ կան, որտեղի՞ց այս հանկարծակի առաջացած վստահությունը կառավարության տնտեսական արդյունքների նկատմամբ, Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ «Կառավարությունն ինքը հաշվարկներ չի արել և չի ներկայացրել հաշվարկներով հիմնավորված, թե ինչու է անհնար։ Բացարձակ ոչինչ չի փոխվել, հակառակը՝ կարծում ենք կառավարությունը և գործող մեծամասնությունը շարունակում է խաբել հանրությանը։ Հակառակն ապացուցելու պարտականությունը հիմա մեծամասնության ու կառավարությանն ենք փոխանցում։ Մենք ասում ենք, որ դուք խաբում եք ժողովրդին, ասում եք՝ չենք խաբում։ Եթե ճիշտ ճանապարհով եք գնում, և ձեր բարձրացրած տնտեսական աճի ցուցանիշներն այնպիսի են, որ հնարավորություն են տալիս սոցիալական ոլորտում իրականացնել ձեր իսկ կողմից հռչակված պարտավորությունները, տրված խոստումը և օգտագործել սահմանադրությամբ ամրագրված՝ սոցիալական պետության գաղափարաբանությունը, ընդունենք այս նախագիծը։ Սա հնարավորություն է նաև ձեզ, որ ժողովրդին ասեք, որ չեք խաբել հանուն քվեի, չեք ասել մի բան, որն իրատեսական չէ, հիմա գնդակը ձեր դաշտում է»։

 

Դիմելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանին՝ Արծվիկ Մինասյանն ասաց․ «Ասում եք՝ մենք չենք խոստացել, որ մինչև 2026-ը կբարձրացնենք, այլ ասել եք՝ քայլեր կձեռնարկենք։ Թե՞ դուք խոստացել եք, որ 2026-ի հուվարի 1-ից հետո նվազագույն թոշակը պակաս չի լինի պարենային զամբյուղից, միջին թոշակն էլ պակաս չի լինի սպառողական զամբյուղից։ Ուզում եմ հստակ ասեք՝ խոստումը վերաբերում է նրան, որ մինչև 2026-ը այնպիսի քայլեր կձեռնարկվեն, որ այդ խնդիրը չենք ունենա՞, թե այլ բան եք խոստացել․ այսինքն՝ կքայլեք»։ Այնուհետև կատակեց․ «Հերիք է քայլեք, 2018-ից քայլեցիք, տեսանք՝ ինչ եղավ»։

Դավիթ Խաչատրյանն արձագանքեց․ «Մենք պետք է դրա հետ կապված որոշակի ճանապարհ անցած լինենք, քանի որ այս սկզբունքն ամրագրելը կախվածություն ունի երկրի սոցիալ տնտեսական ցուցանիշներից։ Պետք է գնահատենք մեր հնարավորությունները։ Երբ մենք որպես պետություն կհասկանանք դա, և ավելի բարձր ցուցանիշներ սահմանելու հնարավորությունները կլինեն ավելի քան հիմնավորված, կարող են դա որպես սոցիալական երաշխիք ամրագրել նաև օրենքով։ Դրանից խուսափելու որևէ խնդիր դրված չէ»։

Արծվիկ Մինասյանն էլ ասաց․ «Նվազագույն երաշխիքը օրենքով ամրագրելու նպատակն այն է, որ  անկախ նրանից՝ ինչ իշխանություն լինի, չկարողանա այդ երաշխիքը նվազեցնել, այլ հակառակը՝ իշխանությունը ձգտի տնտեսական այնպիսի պայմաններ ապահովել, որ այս սոցիալական նվազագույն երաշխիքները իրականություն լինեն, այլ ոչ թե խոստումներ, հայտարարություններ, պոպուլիզմ։ Երբ կառավարությունն ու մեծամասնությունն առարկում է, նշանակում է՝ դուք ի սկզբանե չեք հավատում, որ, Գագիկ Հարությունյանի ականջը կանչի, սոցիալական պետությունը պիտի ապրող իրողություն լինի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31