Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին Արմեն քահանան 2018 թվականին մասնակցություն է ունեցել նաև, այսպես կոչված, «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» հակաեկեղեցական խմբի գործողություններին. պարզաբանում

Մարտ 18,2025 16:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանի ֆեյսբուքյան գրառումը

Նախկին Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանի կարգալուծության վերաբերյալ որոշ լրատվամիջոցների կողմից Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգին ուղղված հարցումների առնչությամբ հարկ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը։

Արմեն քահանա Մելքոնյանը քահանայական օծումը ստացել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հոգևոր իշխանության տարածքում՝ Բերիո թեմի (Սիրիա) առաջնորդ Տ. Սուրեն արք. Գաթարոյանի ձեռամբ՝ ծառայելու Սիրիայի հայկական համայնքներում։ Այնուհետև թողել է ծառայության վայրը և փոխադրվել Եվրոպա։ Ընդառաջ թեմակալի խնդրանքին՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտոնությամբ իր ծառայությունը շարունակել է Գերմանիայի հայոց թեմում։

Գերմանիայի հայոց թեմից հետո նա ծառայության է տեղափոխվել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն, ի մասնավորի Բելգիայի և Հոլանդիայի հայոց համայնքներ։ Ծառայության ընթացքում Արմեն քահանայի գործունեությունը պարբերաբար ընդգրկվել է Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում՝ մասնավորաբար առանց հոգևոր իշխանության արտոնության իր ծառայության վայրից դուրս գործունեություն իրականացնելու և եկեղեցական իշխանության նկատմամբ զրպարտչական, անարգալից բնույթի լուրեր տարածելու ու հավատացյալների շրջանում խառնակչություն և գայթակղություն ստեղծելու համար։

Հակառակ, որ եկեղեցական իշխանությունը նախկին Արմեն քահանային հնարավորություն է տվել հիշյալ կարգազանցություններն ու հակաեկեղեցական դրսևորումները շտկելու, սակայն վերջինս շարունակել է իր հակականոնական ընթացքը։ Այսպես՝ Արմեն քահանան, շրջանցելով առաջնորդական տեղապահին, 2024 թվականին կապի մեջ է մտել Հայ Եկեղեցու կանոնական սկզբունքներին հակառակ գործող Բուլղարիայի հայոց թեմի որոշ անդամների հետ և նույն թվականի նոյեմբերի 5-ից ինքնակոչ քահանայական ծառայություն է իրականացնում Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում։ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Արմեն քահանային գրավոր նամակով հորդորել է դադարեցնել իր հակականոնական ընթացքը և վերադառնալ իր նախկին ծառայության վայր: Սակայն վերջինս մերժել է Սրբազան Հոր կոչը և առ այսօր շարունակում է հակականոնական ընթացքը Բուլղարիայի հայոց թեմում:

Այսպիսով, սպառված համարելով նախկին Արմեն քահանային կանոնական դաշտ վերադարձնելու հնարավոր բոլոր միջոցները և հիմք ընդունելով Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի միջնորդագրերը, ինչպես նաև Արմեն քահանայի կարգազանց ընթացքի ու հակականոնական գործողությունների վերաբերյալ Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը՝ Արմեն քահանա Մելքոնյանը հռչակվել է կարգալույծ հետևյալ կանոնական շեղումների համար․

• եկեղեցականի հնազանդության ուխտի դրժում,
• ծառայության վայրի ինքնակամ լքում,
• առանց թեմակալ առաջնորդների արտոնության՝ եկեղեցա-վարչական այլ տարածքում հովվական ծառայության իրականացում,
• հոգևոր վերադաս իշխանության նկատմամբ անհնազանդության դրսևորում,
• հրապարակային ելույթներում եկեղեցական բարձրագույն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ անարգալից վերաբերմունքի դրսևորում և զրպարտչական հայտարարություններ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31