Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ ՔՊ եւ «Հանրապետություն» խմբակցությունները բոյկոտեցին «Մայր Հայաստանի»՝ հանրային տրանսպորտի նոր սակագների մասին նախագիծը։
«Անդրանիկ Թեւանյանի բերած նախագիծն ընդամենը խոսքերով է, ոչ մի հաշվարկ դրված չէ տակը։ Անդրանիկ Թեւանյանի բերած նախագիծն ընդամենը պոպուլիզմ է»,- ասաց Անի Խաչատրյանը։
Նա հավելեց, որ իրենք տրանսպորտի սակագնի վերաբերյալ ընդունել են երկու խմբակցությունների համատեղ նախագիծը։ «Եվ սակագնային պլանն արդեն իսկ կիրառվում է, որից ժողովուրդն առանց բոյկոտի օգտվում է։ Սրանք քաղաքական խաղեր են»,- հավելեց Անի Խաչատրյանը։
Հարցին, որ հազարավոր մարդկանց ստորագրություններ կան այդ նախաձեռնության ներքո, Անի Խաչատրյանը պատասխանեց․ «Հազարավոր մարդկանց համաձայնություններ էլ ունենք մենք, քվե ունենք մենք, տասնյակ հազարավոր մարդիկ տվել են մեզ վստահության քվե։ Եվ ընտրություններում տրված վստահության քվեով մենք բերում ենք մեր նախագծերը, եւ դրանք ընդունվում են կամ չեն ընդունվում»։
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ նախընտրական շրջանում երեւանցիներին չի ներկայացվել, որ տրանսպորտի սակագինը պետք է թանկանար, Խաչատրյանը պատասխանեց, որ առնվազն «Հանրապետություն» խմբակցության անդամները բազմիցս ասել են, որ տրանսպորտային բարեփոխումներն անելուց հետո սակագինը բարձրանալու է։ Նա պնդեց, որ տրանսպորտը բարեփոխվել է։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ