Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ հետ չեք բերում»․ Սրբուհի Գալյանի պարզաբանումները՝ ապօրինի գույքի վերադարձի մասին հարցերին

Մարտ 18,2025 15:43

«Մենք գործ ունենք իրավական գործընթացի հետ։ Այն, որ ինչ-որ պահի հայտարարվում է, որ կան քրեական գործեր, և մեղադրանքի ծավալն այսպիսին է, դա չի նշանակում, որ այսօր այստեղ այդքան գումար հնարավոր է հետ բերել։ Դրանք ապագային միտված գործողություններ են»,- ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա ՀՀ ԱԺ-ին քննարկման ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի համապատասխան մասերը:

Պատգամավորները հիշեցրին՝ 2024-ի ընթացքում պետական բյուջեին՝ ըստ նախնական գնահատման 7 միլիարդ դրամի նյութական վնաս է հասցվել, բայց 1,3 միլիարդն է վերադարձվել, այսինքն՝ 19 տոկոսը։ Մեկ այլ տվյալով՝ ապօրինի ծագման գույքի վերաբերյալ նախաձեռնվել է մոտ 614 ուսումնասիրություն, բայց 136-ն է ներկայացվել դատարան։ Պատգամավորները խնդրեցին պարզաբանել, քանի որ հանրությանն ամենահետաքրքրող հարցերից է՝ ապօրինի ծագման գույքները վերադարձվու՞մ են՝ մանավանդ մեղադրանքներ են հնչում նաև վարչապետի, պատգամավորների ուղղությամբ, թե հետ չեք բերում, գործ չեք անում։

Ի պատասխան Սրբուհի Գալյանը հորդորեց տարանջատել քրեական վարույթներն ապօրինի ծագման գույքի բռնագանձման քաղաքացիական վարույթներից ու նշեց․ «Ոչ բոլոր գործերն են ունենում, օրինակ, մեղադրական դատական ակտեր։ Այն, որ 600 վարույթ է նախաձեռնվել, չի նշանակում, որ բոլոր գործերը գնալու են դատարան, որովհետև օրենքով նախատեսված է հստակ շեմ՝ 50 միլիոն դրամը, և եթե այդ շեմը չի գերազանցում անձին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքը, դրա շուկայական արժեքը լինում է հիսուն միլիոնից ցածր, այդ դեպքում գործերն ավարտվում են։ Լինում են իրավիճակներ, որ հայց չի ներկայացվում այն պատճառով, որ կողմի հետ հաշտության համաձայնություն է կնքվել։ Այս պահին 120-ից ավելի գործեր կան դատարանում, որոնք պիտի լուծում ստանան։ Լավագույն սցենարով հույս ունենանք, որ հնարավորինս արագ դատական գործերը կքննվեն, և արդյունքը մեր քաղաքացիների համար տեսանելի կլինի»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31