Երեւանի ավագանու ՔՊ եւ «Հանրապետություն» խմբակցությունները որոշեցին չմասնակցել «Մայր Հայաստան» խմբակցության՝ Երեւանի տրանսպորտի նոր սակագների մասին նախագծի քննարկմանը։ Ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ այդ նախագիծը, որով առաջարկվում էր ուժը կորցրած ճանաչել Երեւանի ավագանու՝ 2024 թվականի մարտի 12-ի որոշումը եւ նոր փոխադրավարձ սահմանել։
Մինչ այդ, Երեւանի ավագանին քննարկեց ու ընդունեց «Հանրային ձայն» խմբակցության նախագիծը։ Խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն ասաց, որ տարբեր խմբերի անձանց անվճար երթեւեկության արտոնություն է տրվել, իսկ մարտական գործողությունների հետեւանքով երրորդ կարգի հաշմանդամություն ստացած անձինք դուրս են մնացել այդ արտոնությունից։
«Առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողներն այդ արտոնությունն ունեն, զինվորականները՝ ՊՆ-ի աշխատողները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա անվճար երթեւեկում են, զոհվածների ընտանիքների համար տրվեց արտոնություն։ Եվ մեր նախագծով անվճար երթեւեկություն է սահմանվում այն մարդկանց համար, ովքեր բոլոր մարտական գործողություններին մասնակցել են եւ այդ ժամանակ վիրավորում են ստացել, ժողովրդական լեզվով ասած՝ երրորդ կարգի մասին է խոսքը գնում»,- ասաց Ավագյանը։
Կարդացեք նաև
Ավագանու այս որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 10-ից։
Մանրամասները՝ տեսանյութում
Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց․ «Հաշվի առնելով, որ հիմա այս նախագիծն ենք ընդունում, որը հանրային տրանսպորտին է վերաբերում, ուզում եմ հայտարարել, որ հաջորդ հարցը, որը նույնպես լինելու է հանրային տրանսպորտի մասին, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։ Մենք գտնում ենք, որ այլեւս տվյալ հարցն արդիական չէ, եւ ՔՊ ու Հանրապետություն խմբակցությունները ամբողջ կազմով չեն մասնակցի հաջորդ հարցի քննարկմանը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ