Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուր վստահության կամուրջ չկա դատապարտյալների եւ բուժանձնակազմի միջեւ. Անահիտ Մկրտչյան

Մարտ 18,2025 15:19

Հայաստանում գործող 10 քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) դատապարտյալների եւ կալանավորների բժշկական սպասարկումն իրականացնում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը: Մեդիա կենտրոնում կայացած «Բժշկական օգնությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Բժշկական օգնության կազմակերպման բաժնի պետ Նաիրա Բաբայանը նշեց, որ իրենց ՊՈԱԿ-ի կողմից տրամադրվում է պատշաճ բուժօգնություն, որը համեմատած նախկինում տրամադրված բուժօգնության ծավալների եւ որակի հետ՝ բավականին աճ է ապրել:

Նաիրա Բաբայան

«Սպասարկումն իրականացվում է 10 ՔԿՀ-ներում՝ 24/7 ռեժիմով: 24 ժամ այնտեղ ներկա են միջին բուժաշխատողները, իսկ ավագ բուժաշխատողները, բացի դատապարտյալների հիվանդանոց ստորաբաժանումից, որը ստացիոնար ստորաբաժանում է եւ հերթապահությունների ժամանակ հերթափոխում ունենում ենք բժիշկներ, մնացած ՔԿՀ-ներում ավագ բուժաշխատողներն աշխատում են մինչեւ 9-6-ը: «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ն իր բոլոր ստորաբաժանումներում, բացառությամբ դատապարտյալների հիվանդանոցի՝ իրականացնում է առողջության առաջնային պահպանման օղակին բնորոշ բուժսպասարկում: Այդտեղ անձը դիմելիության սկզբունքով է սպասարկվում: Եվ եթե միեւնույն ժամանակ մի քանի անձ է դիմել բուժօգնություն ստանալու համար, բժիշկն է գնահատում, թե տվյալ անձանցից ում խնդիրն է ավելի հրատապ»,-հավելեց Նաիրա Բաբայանը:

Անահիտ Մկրտչյան

ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Անահիտ Մկրտչյանը նշեց, որ արդարադատության նախարարության ենթակայության գտնվելու ժամանակահատվածում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որ այժմ Առողջապահության նախարարության ենթակայության տակ է գործում, կարծիք կա, որոշ հարցեր ավելի արդյունավետ էին կազմակերպվում նախկինում, այդ թվում՝ դեղորայքի տեսականու, բուժսպասարկման որակի հետ կապված:

«Այս ամենը կապված է նաեւ առողջապահության նախարարության ֆինանսական միջոցների առկայության հետ…Մի շարք հարցերում մինչ օրս փոխկապակցած համագործակցում են ՊՈԱԿ-ի ստորաբաժանումները եւ ՔԿՀ-ները, այս համագործակցությունը նոր է եւ դեռեւս հղկման կարիք ունի, այդ թվում՝ ուղեկցումների, միմյանցից տեղեկացված լինելու մասով:

Շատ դեպքերում, օրինակ, պատժախուց տեղափոխելիս ՔԿՀ պետին անհարժեշտ է տեղեկատվություն բուժմասից՝ արդյոք անձն այն վիճակում է, որ պետք է տեղափոխել այլ ՔԿՀ կամ այլ մարմին՝ դատարան, հիվանդանոց եւ այլն: Սա ոչ թե դժգոհություն է, այլ ֆինանսավորման հետ կապված օբյեկտիվ պատճառներ ունի»,-ընդգծեց Անահիտ Մկրտչյանը:

Նաեւ արձանագրեց, որ անկախ ֆինանսավորումից՝ դեռեւս ամուր վստահության կամուրջ չկա դատապարտյալների եւ բուժանձնակազմի միջեւ, ինչն ամրագրված է նաեւ ՄԻՊ-ի զեկույցներում. «Գուցե պատճառը մի փոքր սուբյեկտիվ է դատապարտյալների կողմից, քանի որ բոլորն էլ նախընտրում են օր առաջ տեղափոխվել իրենց ցանկացած քաղաքացիական հիվանդանոց: Մեծ մասի դժգոհությունը կապված է դատապարտյալների հիվանդանոց տեղափոխվելու ցանկության հետ, որովհետև ՔԿՀ-ում միայն առաջնային օգնություն է տրամադրվում…»:

Մանրամասն տեսանյութում՝

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31