2023 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախից բռնի տեղահանված Անուշ Պողոսյանը մինչ այսօր որեւէ սոցիալական վճարի արտոնությունից չի օգտվել։ Ի պատասխան իր դիմումների, ՀՀ տարբեր պետական մարմիններից նրան ասել են, որ սոցվճարներից օգտվելու իրավունք չունի, քանի որ ՀՀ քաղաքացի է։ Անուշ Պողոսյանն իր նկատմամբ վերաբերմունքը անարդարացի է համարում, քանի որ նախ՝ ինքը մինչ բռնի տեղահանվելը, երկու տարի բնակվում էր Արցախում եւ դրա մասին ապացույցներն ունի, ապա, ասում է, որ էլի կան արցախաբնակ ՀՀ քաղաքացիներ, ովքեր օգտվում են սահմանված արտոնություններից։
Անուշ Պողոսյանն այսօր տասնյակ այլ արցախցիների եւ արցախաբնակների հետ, որոնք Ադրբեջանին Արցախի հանձնումից հետո բռնի տեղահանվել են իրենց բնակավայրերից, ՀՀ կառավարության շենքի մոտ էր՝ արդարության պահանջով։
«Արատտա- Վան» հայրենասիրական իրավապաշտպան ՀԿ նախագահ, «Հանուն ժողովրդավար պետականության» կուսակցության ղեկավար Արսեն Սարգսյանը, որը ցուցարարներին առաջնորդում էր, լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօրվա ցույցի նպատակն է՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպել եւ կազմակերպության շահառուների խնդիրներին լուծումներ գտնել։ Արսեն Սարգսյանն ակնկալում է նաեւ փոխվարչապետից իմանալ՝ ինչո՞ւ է հրաժարվում կազմակերպության շահառուների հետ հանդիպումներից։ Տիգրան Խաչատրյանի աշխատակազմից հայտարարել են, որ նա զբաղված է։
Կազմակերպության փոխանցած պաշտոնական դիմումներին ի պատասխան, փոխվարչապետի գրասենյակից փոխանցել են, որ Արցախի օպերատիվ շտաբից որոշ ընտանիքների հետ կապված տեղեկություններ իրենց չեն տրամադրվել, այդ իսկ պատճառով նրանք զրկված են կառավարության աջակցության ծրագրերից։ Սա Արսեն Սարգսյանը հիմնավոր պատճառ չի համարում, քանի որ միայն այն պատճառով, որ մարդկանց տվյալները պատշաճ չեն տրամադրվել, հիմք չէ, որպեսզի նրանց զրկեն աջակցության ծրագրերից։
Կարդացեք նաև
Ըստ բանախոսի, արցախցիները բավական շատ են իրավական խնդիրների բախվում եւ հիմնականում իրենց հաջողել է հօգուտ բռնի տեղահանվածների հարցեր լուծել․ 63-ից ավելի դիմումներ են փոխանցվել կառավարությանը, որոնք դրական ելք են ունեցել։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ