Վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
Նախկին դրոշմապիտակները, որոնք պատրաստվում էին հոլոգրաֆիկ բարձրորակ տպագրությամբ, պետությունը գնում էր 3.5 դրամով և անվճար տրամադրում ներմուծող և արտադրող ընկերություններին:
Այժմ, սովորական սպիտակ թղթի վրա սև ու սպիտակ դրոշմապիտակ տպելու համար տնտեսվարողները ստիպված են վճարել 7.2 դրամ, որից 4.2 դրամ՝ E-mark մասնավոր ընկերությանը՝ գեներացված կոդ ստանալու համար և 3 դրամ՝ որևէ տպարանում տպագրելու համար: Ստացված QR կոդը կարելի է տպել անգամ տանը՝ սովորական պրինտերով:
Բացասական կողմերը՝
Կարդացեք նաև
- Նախկինում պիտակի համար վճարում էր պետությունը, այժմ՝ գործարարը,
- Պիտակը տպագրվում է 2 անգամ ավելի թանկ գնով,
- Նախկինում չափազանց բարդ էր պիտակ կեղծելը (անկյան տակ նայելիս տարբեր պատկերներ էին երևում), այսօր դա շատ հեշտ է,
- Արտադրողները, ներմուծողներն ու վաճառողները լուրջ գլխացավանքի մեջ են ընկել՝ սկսած կոդ պատվիրելուց, տպելուց մինչև իրացման փուլերում բոլոր QR կոդերը հատ-հատ սքանավորելը (նախկինում, օրինակ, 2 բլոկ ջուր գնելիս վաճառողը կարող էր սքանավորել 1 շտրիխ կոդ և բազմապատկել 24-ով, այժմ պետք է բոլորը հատ-հատ սքանավորել, ամեն մեկը՝ 2 անգամ):
Ինչո՞ւ էր նախկինում ՊԵԿ-ը դրոշմապիտակների տպագրության համար հայտարարում բաց մրցույթ, իսկ այժմ կոդերի գեներացման ծրագիրը ուղիղ տրվել է մեկ ընկերության։ Միգուցե մեկ այլ ընկերություն նույն ծառայությունը մատուցեր 3 անգամ ավելի էժան գնով և տնտեսվարողները խնայեին մի քանի միլիարդ դրամ:
Ըստ օդում կախված լուրերի, անբարեխիղճ արտադրողներ կան, որոնք պատվիրում են 1,000 հատ կոդ, բայց տպագրում են 10,000 հատ: Քանի որ վաճառքի ժամանակ խանութների զգալի մասը QR կոդերը չի սքանավորում, միևնույն կոդը կրող դրոշմապիտակը հնարավոր է անվերջ տպել, փակցնել ապրանքի վրա և վաճառել։ Սա հատկապես ձեռնտու է ակցիզային ապրանքների համար (օրինակ՝ ծխախոտի և օղու), երբ տնտեսվարողը կարող է խնայել 4,200 դրամ ակցիզային հարկ ամեն լիտր օղու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում եմ մեր իշխանություններին քննարկել նախկին համակարգին վերադառնալու հարցը։ Եթե նպատակը պետական բյուջեի գումարները խնայելն է, ապա հնարավոր է նախկին հոլոգրաֆիկ դրոշմապիտակները դարձնել վճարովի: