Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի գաղտնի պահելը վկայում է ՀՀ հերթական միակողմանի զիջումների մասին

Մարտ 18,2025 14:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանի հետ խաղաղության մասին համաձայնագրի ամբողջական տեքստը իշխանությունների կողմից հայ հասարակությունից գաղտնի պահելու զգուշավորությունը, ամենայն հավանականությամբ, հիմնավորված է նրանով, որ այնտեղ իսկապես կան կետեր, որով Հայաստանը կրկին միակողմանի զիջումների է գնացել։ Իշխանությունները հասկանում են, որ այդ հանգամանքը կարող է համընդհանուր ժողովրդական ընդվզման լրջագույն պատճառ դառնալ և տեքստի հրապարակումը հետաձգում են մինչև այն ժամանակ, երբ հասարակությունը կրկին տարված կլինի կամ Նիկոլ Փաշինյանի հեծանիվ վարելը կամ նրա խոհարարական հերթական նորարարությունը կամ նրա ազգին կրթելու ունակությունները կամ էլ ինչ որ մի աննախադեպ հարց քննարկելով։

Ընդդիմությունը նույնպես հասկանում է, որ համաձայնագրի տեքստի գաղտնի պահելը խոսում է նաև ՀՀ հերթական միակողմանի զիջումների մասին, սակայն նույնքան ջանասիրաբար չի փորձում գեներացնել այդ հավանական ընդվզումը, որքան ջանասիրաբար դա արեց տրանսպորտային բոյկոտ կազմակերպելու ժամանակ։ Իսկ Բագրատ սրբազանի ավանդական ոճով ըմբոստությունների համախոհները զարմանալիորեն միայն փոքր չափով են գերազանցում այսպես կոչված, Իրական Հայաստանի գաղափարախոսության կողմնակիցների քանակից, որը համառորեն մնում է զրոյական մակարդակի վրա, թեև մեկ դառնալու միտում ունի, եթե հաշվի առնենք Արծրուն Հովհաննիսյանի ոգևորությունը։

Վերադառնալով «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը, նշեմ, որ նրա ակտիվ քարոզչությունը նպատակ է հետապնդում թուլացնելու ժողովրդի մեջ հայրենասիրության ոգին, սակայն այդ հնարքը չի աշխատում և իշխանությունների մոտ դիսկոմֆորտ իրավիճակ է ստեղծվում։ Նրանք հասկանում են, որ համաձայնագրի ամբողջական բովանդակության մասին երկար լռել չի հաջողվի, որովհետև այդ հարցը վերաբերում է յուրաքանչյուր հայի և ի վերջո հայը ոտքի կկանգնի աննախադեպ վճռականությամբ։ Ուստի, այսպես կոչված Իրական Հայաստանի գաղափարախոսության քարոզարշավը կարող է ավելի ակտիվանալ։

Գենադի Մնացականյան

Կարևոր է, որպեսզի ընդդիմությունը նույնպես համապատասխանաբար արագացված քայլեր ձեռնարկի մարդկանց մտքերը պղտորելուց պաշտպանելու համար։ Պատկերացնում եմ, թե որքան է ափսոսում Նիկոլ Փաշինյանը, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության մեջ չի ամրագրել մարտի 13-ին իշխանությունների հրավերով Հայաստանում գտնվող թուրք լրագրողների բարձրաձայնած «Ջուրը փոքրին, խոսքը մեծին» ասացվածքը։ «Որտեղ հաց, այնտեղ կաց»- ի հետ շատ համահունչ կլիներ։ Հետաքրքիր է, Թուրքիայում նույնպե՞ս կա այդ ասացվածքը «Որտեղ հաց, այնտեղ կաց», թե՞ դա զուտ հայկական գլուխգործոց է։

Ամեն դեպքում, քանի վերջնական տեսքի չի բերվել «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, սպասելի է, որ «Ջուրը փոքրին, խոսքը մեծին» դրույթը նույնպես կամրագրվի այնտեղ, որպեսզի այդ գաղափարախոսության կողմնակիցները հասկանան թե թուրքերն ու ադրբեջանցիները որքան հարազատ են իրենց։

Վաղ թե ուշ համաձայնագիրը պետք է պայմանագիր դառնա ու իսկապես հնարավոր կլինի տևական, կայուն և արժանապատիվ խաղաղության հասնել, սակայն, ի վիճակի՞ է արդյոք ներկայիս իշխանությունը այդ խնդիրը լուծել առանց վտանգելու հայ պետականության ու հայ ժողովրդի անվտանգությունը։ Կարծում եմ, ի վիճակի չէ և դրա հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանի պահանջները օր օրի ավելանում են, իսկ իշխանությունները չեն տիրապետում դիվանագիտական այն հնարքներին, որով կարող են արգելակել այդ պահանջների ընթացքը։

Դա շատ բարդ խնդիր է ՔՊ կուսակցության համար, որի երիտասարդ կարկառուն դեմքերը իրենց առաջնորդի հետ այս յոթ տարվա ընթացքում դեռևս չեն հասունացել ու գործում են սիրողական մակարդակում։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31