Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա, երբ Բաքվում դատական ֆարս է գնում, գերիները խոշտանգվում են, մի՞թե իշխանությունները որեւէ պահանջ չունեն Ադրբեջանից. Գառնիկ Դանիելյան

Մարտ 18,2025 13:53

«Ադրբեջանը երբեք չի ասել, որ Հայաստանի հետ ուզում է բարի դրացիական հարաբերություններ հաստատել երբեք չի գնացել ու չի գնում այդ ճանապարհով »,- «Հայելի» ակումբում այսօր ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Մի քանի օր առաջ հայտարարվեց, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի դրույթներն արդեն համաձայնեցվել են, հայկական կողմը վերջին երկու կետերի հետ կապված եւս տվել է իր համաձայնությունը: Թեեւ մենք զրկված ենք պայմանագրի կետերին ծանոթանալու հնարավորությունից, արգելք է դրված ընդդիմադիր պատգամավորների վրա, սակայն իրենց իսկ հայտարարություններից պարզ է դառնում Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելը, եւ առնվազն այն կետերը, որ հիմա գոյություն ունեն, Ադրբեջանը ցանկանում է դրանք թղթի վրա տեսնել եւ շարժվել առաջ:

Մենք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ունեցանք նիստ, որտեղ ներկա էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նրան հետեւյալ հարցադրումն ենք ուղղել, թե ի՞նչ շահեկան կետեր կան հայկական կողմի համար, ո՞րն է ձեր՝ պատերազմի պայմանագրի մեզ համար ընդունելի դրույթը, կարո՞ղ եք ասել մեկ կետ, որը բխում է հայ ժողովրդի շահերից, ձեռքբերում, որն այս ընթացքում ունեցել եք: Մենք մեկ անգամ եւս համոզվեցինք, որ Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելն առնվազն անհեթեթություն է…»,-հավելեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

«Միջազգային ատյաններից հայցերի հետ քաշումը ձեռնտու է միայն ցեղասպան, էթնիկ զտում իրականացրած ադրբեջանական կողմին…Ստացվում է, որ հայցերի հետ կանչելու արդյունքում հանցագործ Ալիեւին որեւէ մեղադրանք չի լինելու, Եղիշե Կիրակոսյանի խումբն էր զբաղվում դրանով, բայց տեսնելով, որ դանակը ոսկորին է հասել, ճնշումներ կան իր վրա, հրաժարականի դիմում գրեց, թեեւ դեռ շատ պատասխաններ կան, որ ինքը դեռ պետք է տա: Ինքը անպայման պետք է խոսի, թե ինչ են իրեն պարտադրել ՀՀ իշխանությունները:

Ադրբեջանի վայրագություններն անառարկելի փաստեր են, մենք տեսանյութերով տեսնում ենք, թե գերեվարությունից հետո ինչ խոշտանգումների են ենթարկվում մեր զինծառայողները, քաղաքացիական բնակչությունը, կանայք, երեխաները: Վերջերս, երբ ԱԺ-ում փակ քննարկում էր, անհայտ կորածների ծնողները եկել եւ իշխանություններից պահանջում էին, որ այս ուղղությամբ որեւէ աշխատանք չի տարվում՝ փաստացի հույս ունենալով, որ գոնե միջազգային ատյաններում այդ հայցադիմումներն ի վերջո կստանան դրական լուծում, իրենք տեղեկություններ կստանան իրենց զավակներից, սակայն Հայաստանի Հանրապետությունն իր այդ քայլով իր դուռը փակում է՝ այդ մարդկանց առաջ, արդարացնում է պատերազմական հանցագործություններ եւ էթնիկ զտումներ իրականացնողներին:

Հայկական կողմը հրաժարվում է միջազգային հայցերից, ու հենց նույն պահին Բաքվում տեղի են ունենում դատավարություններ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ պատանդառված անձինք, գերիները ենթարկվում են կտտանքների, տեսնում ենք, թե այդ մարդկանց մարմնի տարբեր մասերում ինչ կապտուկներ են, ինչ հյուծված են նրանք: Հիմա, երբ Բաքվում դատական ֆարս է գնում, մի՞թե այս իշխանությունները որեւէ պահանջ չունեն Ադրբեջանից մեր գերիների, պատանդառված անձանց հետ կապված »,-ասաց Գառնիկ Դանիելյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31