News.am. Հարցազրույց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ:
–Տիկին Սահակյան, վերջին շրջանում Ռուբեն Վարդանյանին հաջողվեց ընտանիքի միջոցով երեք ուղերձ փոխանցել հանրությանը, որոնք մեծ արձագանք ունեցան: Բայց ոմանց մոտ հարցեր են առաջանում, թե ինչպե՞ս է միայն Վարդանյանին հաջողվում ուղերձներ փոխանցել:
-Ռուբեն Վարդանյանը, իմ տեղեկություններով, ունի նույն հնարավորությունները, ինչ մեր մյուս գերիներն ու քաղբանտարկյալները, պարզապես նա ընտանիքի հետ իրեն հասանելի հեռախոսազանգերն օգտագործում է իր խոսքը փոխանցելու համար: Նմանատիպ իրավիճակներում յուրաքանչյուր ոք յուրովի է գործում: Վարդանյանն ընտրել է այդ տարբերակը, և ի սկզբանե պարզ էր, որ նա չի պատրաստվում լռել:
Այս ընթացքում նա յուրաքանչյուր, անգամ փոքր հնարավորությունն օգտագործել է՝ հարցի մասին բարձրաձայնելու, ապօրինի դատական պրոցեսի և, առհասարակ, իրավիճակի վրա միջազգային հանրության և բոլորի ուշադրությունը հրավիրելու համար: Որքանով հասկանում եմ, նրա համար երկրորդական է, թե դրանից հետո այնտեղ ինչպես կվարվեն իր հետ: Նա կարևորում է բոլոր հնարավոր միջոցներով խնդրի բարձրաձայնումը և անգամ դրա համար դիմում է կյանքի համար վտանգավոր միջոցի՝ հացադուլի:
Կարդացեք նաև
Մինչև դատավարության մեկնարկը՝ հունվարի 16-ին արված նրա ուղերձը չափազանց կարևոր էր, երբ նա հայտարարեց, որ արձանագրություններն ու փաստաթղթերը կեղծվել են, իսկ ինքը որևէ ցուցմունք չի տվել: Դրանով նա ահազանգեց գործընթացի ողջ ապօրինի բնույթի մասին, ընդ որում ոչ միայն իր, այլ մյուս հայերի նկատմամբ: Չմոռանանք, որ դրան անմիջապես արձագանքեց Amnesty International-ը: Վարդանյանն իր հայտարարությամբ հնարավորություն էր տալիս, որպեսզի մենք, միջազգային իրավապաշտպանները կարողանան գրագետ օգտագործելով դա՝ բարձրացնել գերիների ազատման և ընդհանրապես Ադրբեջանի կողմից ապօրինությունների հարցերը:
Չմոռանանք, որ Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունման վրա մեծ ազդեցություն են ունեցել հենց նաև Վարդանյանի՝ մեկուսարանից փոխանցված հայտարարություններն ու հացադուլի ժամանակ նրա հյուծված լուսանկարները:
Վարդանյանի նախավերջին ուղերձից պարզ է դառնում, որ նա տեղյակ է նաև հայաստանյան իրադարձություններից: Ինչպե՞ս է դա հնարավոր մեկուսարանում:
Տեղյակ եմ, որ նրանց հասանելի է ադրբեջանական տպագիր լրատվամիջոցներից «Бакинский рабочий» ռուսալեզու թերթը, որի նկատմամբ, ի դեպ, Ռուբեն Վարդանյանը տեղացի փաստաբանի միջոցով փորձում էր զրպարտության հայց ներկայացրել (դատարանը սակայն մերժել էր հայցի` վարույթ ընդունումը): Բնականաբար, ադրբեջանական լրատվամիջոցները շատ լայն լուսաբանում են այն, ինչ կատարվում է Հայաստանում, և իրեն հետաքրքրող տեղեկությունների իսկությունը Վարդանյանը կարող է լրացուցիչ ճշգրտել թե իր մասնավոր փաստաբանի, թե ընտանիքի հետ հեռախոսազանգերի ընթացքում:
Առհասարակ, այս իրավիճակում լուրջ չեմ համարում տարբեր տեխնիկական հարցերի քննարկումն ու դավադրապաշտական տեսությունների հորինումը: Հասկանալի է, որ դրանք ոչ թե իրականություն են, այլ ավելի շատ ներսում տարբեր վարկածների, ենթադրությունների ու քննարկումների հետևանքով ձևավորված ընկալումներ, որոնք, ցավոք, հանրությանը շեղում են իրական ու կարևոր խնդրից՝ փոխանակ կենտրոնանալու և ավելի համակարգված քայլեր ձեռնարկելու: Եվ դա հատկապես այն դեպքում, երբ մենք ունենք լուրջ խնդիրներ և մի իրավիճակ, երբ մարդը կյանքի գնով փորձում է աշխարհին հասանելի դարձնել կատարվող ապօրինությունների մասին: