Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավիճակն ապակայունացման չի գնում։ Այո, Ադրբեջանից հնչում են անհասկանալի հայտարարություններ»․ Արթուր Հովհաննիսյան

Մարտ 18,2025 13:23

«Իրավիճակն ապակայունացման չի գնում։ Այո, Ադրբեջանից հնչում են անհասկանալի հայտարարություններ։ Ճիշտ նկատեցիք՝ բուն գործընթացի հետ կապ չունեցող»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իշխող ուժը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, որ ի հեճուկս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ավարտի մասին հայտարարությունների՝ ադրբեջանական կողմն արդեն մի քանի օր է՝ ինտենսիվ ապատեղեկատվություն է տարածում՝ հայ-ադրբեջանական սահմաններում միջադեպերի մասին՝ մեղադրելով հայկական կողմին։

ՀՀ-ում իշխող ուժի ներկայացուցիչը հայտարարեց, որ ադրբեջանական կողմից ՀՀ կառավարությունն ակնկալում է որոշակի փաստական տվյալներ՝ իր հայտարարությունների մասին, որպեսզի ինքներս ուսումնասիրենք հայկական կողմից խախտումները․ «Ադրբեջանի կողմից պաշտոնական հայտարարություն է հնչում այն մասին, որ հրադադարի խախտում է տեղի ունեցել հայկական կողմից, մենք էլ միջազգային հանրության համար, բոլորի համար հստակ ասում ենք՝ եթե կան փաստական տվյալներ, հրապարակեք։ Այս պահին արձագանք չկա»։

Արթուր Հովհաննիսյանը նաեւ հավելեց, որ ադրբեջանական կողմը երբեք նման տվյալներ չի տրամադրել, քանի որ նման տվյալներ չկան։

Նա չի կարծում, որ իրավիճակն այլ ուղղությամբ է գնում, պնդում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը երկկողմ է համաձայնեցված, միջազգային հանրությունն էլ դրական է արձագանքել՝ կոչ անելով անցնել համաձայնագրի ստորագրման փուլին։

Արթուր Հովհաննիսյանը ադրբեջանական կողմին կոչ է անում վերադառնալ կառուցողական դաշտ եւ անցնել համաձայնագրի ստորագրման տեխնիկական գործընթացին։

Հովհաննիսյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը վերջնականապես պատրաստ լիներ խաղաղության, հիմա կսկսեին քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ․ «Հույս ենք հայտնում, որ Ադրբեջանը կվերադառնա կառուցողական դաշտ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31