«Եթե որեւէ երկրում թափոնների վերամշակում չկա, ու վերամշակում է ավելանում կոշտ կենցաղային թափոնների, ապա ամեն 10 հազար տոննա գոյացած եւ վերամշակված թափոնների դեպքում 10-15 աշխատատեղ է ավելանում: Հաշվի առնելով, որ Հայաստանում 700 հազար տոննա կոշտ կենցաղային թափոն է ավելանում, մենք խոսում ենք 700-1000 աշխատատեղերի մասին, եթե թափոնները չգնան աղբավայր եւ սկսեն ենթարկվել տեսակավորման եւ վերամշակման»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում թափոնների վերամշակման օրվա առիթով կայացած ասուլիսում նշեց Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար, շրջանաձեւ տնտեսության փորձագետ Հարություն Ալպետյանը:
Ի թիվս այլնի՝ նա անդրադարձավ թափոնների այլ տեսակների՝ անվադողերի, էլեկտրոնային թափոնների, մարտկոցների վերամշակմանը, ընդգծեց, որ դրանցից կարելի է նաեւ տնտեսական օգուտներ քաղել. «Միգուցե որոշ ստվերային եւ կիսաստվերային գործունեությունների օրինականացվելուց հետո ավելացած պետական եկամուտների մասին հնարավոր լինի խոսել»:
Հարություն Ալպետյանը հավելեց, որ մեր երկրում 700 հազար տոննա կոշտ կենցաղային թափոններից վերամշակվողների քանակը դժվար է նշել, քանի որ թափոնների ֆորմալացված տեսակավորում դեռևս քիչ ունենք: «Հայտնի է, որ խոշոր աղբավայրերից ունենք թափոնների տեսակավորման մի փոքր գործընթաց, ինչն իհարկե, հնարավոր չէ համարել տնտեսական գործունեություն: Ցավոք, Հայաստանում թափոնների տեսակավորման ցուցանիշներ չունենք, դրանք համարյա զրոյական են»,-ասաց բանախոսը:
Կարդացեք նաև
Հայաստանի վերամշակողների միության նախագահ Վահան Ղարիբյանը խոսելով իրենց նորաստեղծ միության մասին նշեց, որ հարկվում են նույն կերպ, ինչպես կարագ կամ շաքարավազ ներմուծող ընկերությունը. «Մեր գործունեության հարկման տեսակը ոչ մի կերպ չի տարբերվում: Միության նպատակն է, որ մեկտեղել բոլորիս ուժերը եւ միասնական ճակատով հանդես գալ, մի հարթակ ստեղծել, որտեղ թափոններ վերամշակողները եւ ոլորտի հետ առնչվող ընկերությունները հնարավորություն ունենան բարձրաձայնելու իրենց խնդիրների մասին»:
Նա ընդգծեց, որ գոյություն ունի «սեւ» շուկա, որը դուրս է իրենց տիրույթից, հարկային դաշտից, ու այդ մարդկանց գործունեությունը որեւէ կերպ չի վերահսկվում, մինչդեռ կարող է նրանց առաջացրած թափոնների հետ կապված էլ մեծ խնդիրներ ծագեն, ինչպես յուղերի, պլաստիկի պարագայում:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ