Երեւանի ավագանու նիստում այսօր ներկայացվեց Երեւանի զարգացման 2024 թվականի ծրագրի հաշվետվությունը։
«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը հարցրեց․ «Դուք շատ գեղեցիկ ներկայացրեցիք կատարված ծրագրերը, կա՞ն ծրագրեր, որոնք չեն կատարվել կամ թերի են կատարվել»։
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց․ «Մեր խոշոր հիմնական ծրագրերով թերակատարումներ չունենք, այսինքն՝ մեր նախընտրական խոստումների ծրագրով ունենք ծրագրեր, որոնցից առհասարակ հրաժարվել ենք։ Եվ դրանց մասին բարձրաձայնել ենք, մասնավորապես փողոցային մի քանի հանգույցներում քաղաքաշինական որոշակի լուծումներից ենք հրաժարվել ենք։ Ունենք որոշակի ժամկետային խախտումներ որոշ ծրագրերով, բայց, ընդհանուր առմամբ, էական թերակատարումներ չունենք։ Մեր տարեկան ծրագիրը մեր հնգամյա ծրագրից առաջ է ընկած»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Տիգրան Պետրոսյանն էլ ասաց, որ հաշվետվությունը կարդալով՝ 70 տոկոսից ավել դեպքերում չկան որակական եւ արդյունքային ցուցիչներ, որպեսզի հանրությունը համոզվի, որ արդյունավետ ծրագրեր են իրականացվել։ «Պահանջում ենք, որ էլ այսպիսի հաշվետվություններ չլինեն, սա հաշվետվություն չէ՝ երեւանցին չի կարող տեսնել, թե ինչ արդյունք է ստացվել այդ գումարներից»,- ասաց նա։
Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Ընդհանուր ծախսը նախորդ տարվա բոլոր ծրագրերի համար եղել է 113 մլրդ 699 մլն դրամ։ Եվ մեր բյուջետային կատարողականը ռեկորդային 94,5 տոկոսի է հասել։ Այսինքն՝ ծրագրային կատարողականը շատ բարձր է եղել նախորդ տարվա»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ