Օրերս արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովում խոսելով «խաղաղության պայմանագրի» մասին, դաշնակցական պատգամավորին հորդորեց․ «Կարդացե՛ք ձեր դաշնակ առաջնորդներին 100 տարի առաջ, ովքեր պատգամում էին իրենց ժամանակակիցներին եւ սերունդներին, որ պետք է, օրինակ, Թուրքիայի հետ ունենալ լավ հարաբերություններ, եւ սա՝ 1915-ից 5 տարի հետո։ Էդ առաջնորդները պատերազմներ տեսնելով, ցեղասպանություն տեսնելուց հետո անկախ պետություն հռչակելուց հետո, սեփական փորձով եկել էին մի հանգրվանի, որտեղ, օրինակ, դիվանագիտական, քաղաքավարի, սիրալիր դիմումներ ու նամակներ էին գրում թուրքական կողմին, հանդիպում, բանակցում էին, պատգամում էին իրենց ժամանակակիցներին եւ սերունդներին, որ, օրինակ, Թուրքիայի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ: Մարդիկ էդ ամեն ինչի միջով անցել էին, ՀՅԴ առաջնորդները, ասել են՝ սա է ճիշտը, ազգ: Մենք էլ ենք ոչ լավ օրից հանգել ինչ-որ ճշմարտությունների: Էն, ինչը որ ես ասում եմ, կուզեք ասեք պակաս հայրենասիրական, իմ խորին համոզմամբ` շատ հայրենասիրական, որովհետեւ հայրենիքը սիրելը ո՞րն է, ո՞նց ենք դա չափելու: Մենք Հայաստանի Հանրապետության գոյության շարունակականությունը տեսնում ենք միայն այսպես»։
ՀՅԴ ԳՄ անդամ, պատմաբան Խաչատուր Ստեփանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատում է՝ Հայոց ցեղասպանությունից 4 տարի անց՝ 1919-ին, Դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովի ժամանակ որոշում է կայացվել՝ պատժել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ու իրագործողներին՝ Օսմանյան կայսրության կառավարիչներին՝ Թալեաթի եւ Էնվերի գլխավորությամբ։ «Ես չգիտեմ, թե Արարատ Միրզոյանն ինչ է ուզում դրանով ասել, բայց փաստն այն է, որ, 1921-ից սկսած, Դաշնակցության այդ որոշումը սկսել են կյանքի կոչել»,- ասաց նա՝ հիշելով Սողոմոն Թեհլերյանին, որը «Նեմեսիս» գործողությանը մասնակցելով՝ 1921-ի մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում գնդակահարեց եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ «Սրանով ամեն ինչ ասված է։ Դաշնակցությունն այսպես է վերաբերվել ցեղասպանության կազմակերպիչների հետ։ Թող փաստերով ասեն` որ դաշնակցականները թուրքերի հետ՝ ցեղասպանությունից հետո, լավ հարաբերություններ են ունեցել, մերկապարանոց հայտարարություններ բոլորն էլ կարող են անել։ Իշխանությունը մի օր ասում է՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», մյուս օրը՝ «Ադրբեջան է, եւ վերջ»։ Պետք է լուրջ չընդունել նրանց ասածը։ Ես հրապարակեցի փաստ՝ 1919թ․ Դաշնակցության ընդհանուր ժողովի որոշում, 1921թ․ Թալեաթին սատկացնել եւ այլն»,- շեշտեց Ստեփանյանը։
ՔՊ-ականներն արդեն քանի տարի է՝ խոսում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից, սակայն առարկայական արդյունք չկա։ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման համար որեւէ խոչընդոտ չկա, անգամ պատրաստ է Մարգարայի անցակետը, իսկ թուրքական կողմից չեն արձագանքում։ Թուրքիան սահմանը կբացի՞, առանց նախապայմանների, ինչպես որ ՀՀ իշխանություններն են պնդում։ Պատմաբանը կարծում է, որ Թուրքիան սահմանները չի բացի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն իր բոլոր նախապայմանները չի կատարել։ «Որեւէ խելամիտ մարդ դեմ չէ սահմանը բացելուն, այո՝ սահմանը պետք է բացվի, որովհետեւ փակ սահմաններով երկար ապրել հնարավոր չէ, բայց բացվելն էլ իր գինն ունի։ Թուրքիան հստակ պահանջներ է դրել, որը չի բխում մեր ժողովրդի կենսական շահերից։ Այս իշխանությունների օրոք նախապայմաններն ավելի ծանր դարձան Հայաստանի համար։ Եթե սկզբում պահանջ էր դրվել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջատիրությունից հրաժարվելը, Արցախից հայկական զորքի դուրսբերումը, հիմա, որպես նախապայման, ավելացել է «Զանգեզուրի միջանցքի» պահանջը։ Հավանաբար, այլ ակնկալիքներ էլ ունեն թուրքերը։ Անշուշտ, սահմանները բացել պետք է, բայց ո՛չ նման նախապայմաններով»,- ասաց Ստեփանյանը՝ ընդգծելով, որ այդ նախապայմանների ընդունումը շատ ծանր, անդառնալի հետեւանքներ կունենա մեր պետության, պետականության համար։
Եվ, ենթադրենք, 100 տարի առաջ առաջին հանրապետության ղեկավարները սխալներ են գործել, դա հիմք տալի՞ս է անկախ Հայաստանի իշխանությանը՝ 2018-20 թթ․ կրկնել այդ սխալները։ Ըստ պատմաբանի՝ իշխանությունը գործի է դնում մանիպուլյացիոն մարտավարություն, եթե նախկինում եղել են սխալներ, դա չի նշանակում, որ պիտի կրկնվեն` հակառակը․ «Խելոք, ուշիմ ղեկավարը դասեր է քաղում նախորդների սխալներից եւ փորձում է չկրկնել այն։ Այսօր այնպիսի սխալներ են արվում, որ վերջին 100 տարվա ընթացքում մեր ժողովուրդը եւ պետությունը չի գործել»։
Կարդացեք նաև
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: