Լրահոս
Օրվա լրահոսը

Հայցերից փոխադարձ հրաժարումը փաստացի գերեզմանաքար է դնում Արցախի ժողովրդի՝ իր հայրենիք վերադառնալու գործընթացի վրա. Մենուա Սողոմոնյան. «Փաստ»

Մարտ 18,2025 11:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օրերս հայտարարվեց, որ «Խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը համաձայնեցված են: Հայաստանի իշխանությունն առաջարկեց Ադրբեջանին՝ հետագա քննարկումների մասին պայմանավորվածություն ձեռք բերել: Ադրբեջանը չի շտապում ստորագրել այդ փաստաթուղթը, հակառակը՝ շարունակում է իր պահանջների շղթան: Միջազգայնագետ, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ այդ փաստաթուղթը հրապարակային չէ, տեքստին ծանոթ չենք, դրա համար շատ կոնկրետ դիտարկումներ չենք կարող անել: «Բայց երբ նայում ենք ընդհանուր բովանդակությունը, պատկերը, մի քանի բան կարող ենք արձանագրել: Առաջին՝ այստեղ բացարձակ գոյություն չունի հայկական օրակարգ, չկա «Խաղաղության պայմանագրի» հիմնական օբյեկտի վերաբերյալ որևէ արձանագրում: Սա է ամենակարևորը: «Խաղաղության պայմանագրի» օբյեկտը, ըստ էության, պետք է լինի Արցախյան հակամարտությունը, այսինքն՝ ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառը: Հայաստանի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ աջակցել է Արցախի ինքնորոշման իրավունքին, այդ գաղափարին, իսկ Ադրբեջանն այն ոտնահարել է, և այդ ոտնահարումից ծագել է հակամարտությունը: «Խաղաղության պայմանագրի» մեջ չկա Լեռնային Ղարաբաղի անունը, գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման թեման, այսինքն՝ հիմնական հարցը, որը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին է վերաբերում, հասցեագրված չէ: Երկրորդ՝ այն առավելությունները, որոնք այս շրջանում Ադրբեջանը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, դրա փոխարեն Հայաստանը ի՞նչ է շահում, Հայաստանի ո՞ր շահերն են բավարարվում: Այդ մասին որևիցե բան չկա: Օրինակ՝ չկան ադրբեջանցի գերիներ, այսպես կոչված, պատանդներ, բայց կան հայ գերիներ, պատանդներ, կան Արցախից 150 հազար փախստականներ, և նրանց վերադարձի իրավունքն անգամ ինչ-որ կերպ ֆիքսված չէ, գուցե թողնված է Ադրբեջանի բարի կամքի՞ն: Իսկ ո՞վ կգնա Արցախ Ադրբեջանի դրոշի, ադրբեջանցի ոստիկանի կամ սպայի դիտարկման ներքո ապրելու: Մյուս կողմից՝ անվտանգային երաշխիքների վերաբերյալ նշվում է, որ որևէ երրորդ կողմի, երկրի զորք չպետք է լինի: Սա լուրջ խախտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության իմաստով: Յուրաքանչյուր պետության ինքնիշխանությունը վերաբերում է նաև նրան, որ այդ պետությունը կարող է իր անվտանգությունն ապահովելու գործում համագործակցել երրորդ երկրների հետ։ Այդ համագործակցությունը կարող է լինել նաև իր տարածքում այդ երկրների ռազմական կոնտինգենտ տեղակայելով: Երբ այսպիսի բովանդակություն է ամրագրվում, որ երրորդ երկրի զորք չպետք է լինի, սա ինքնիշխանության կոպտագույն խախտում է: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այդ բովանդակությունը տեղ է գտել այդ փաստաթղթի նախագծում: Այսքանն արդեն բավական է ասելու համար, որ սա ոչ թե խաղաղության համաձայնագիր է, այլ Հայաստանի հերթական կապիտուլյացիա՝ առանց որևիցե երաշխիքի՝ ադրբեջանական հերթական ագրեսիան բացառելու իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սողոմոնյանը:

Հիշեցնում է՝ միջազգային հարթակներում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը շատ ծանր հարված է լինելու, որովհետև այդ հայցերից մեկն, օրինակ՝ վերաբերում է արցախցիների վերադարձի հարցին: «ՄԱԿ-ի միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել արցախցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձը, իսկ հիմա Հայաստանի Հանրապետությունը դրանից հրաժարվում է: Անունը դնում են փոխադարձ հրաժարում, իսկ դա կեղծիք է, որովհետև Ադրբեջանի հայցերը շատ սնանկ են Հայաստանի Հանրապետության դեմ, այդքանով հանդերձ էլ այս իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը որոշակիորեն հիմքեր է տվել, ուժեղացրել, որ ադրբեջանցիները կարողանան Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետ կապված հայցեր ներկայացնել: Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է: Հետագայում նորմալ գործունեության պարագայում հնարավոր կլիներ թույլ չտալ, որ ադրբեջանցիները արհեստական ձևով մեզ ներքաշեին իրավական գործընթացների մեջ: Հայցերից փոխադարձ հրաժարումն էլ փաստացի գերեզմանաքար է դնում Արցախի ժողովրդի՝ իր հայրենիք վերադառնալու գործընթացի վրա»,-նշում է մեր զրուցակիցը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31