Ռուսական RT լրատվական գործակալությունը (Ռաշա թուդեյ) նախօրեին տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ԱՄՆ բանակի լոգիստիկ հրամանատարությունը նախատեսում է Գերմանիայի «Դյուլմեն» ռազմաբազայից զինտեխնիկա եւ տարբեր նշանակության սարքավորումներ տեղափոխել Հայաստանի «Զառ» զորավարժարան՝ հայ-ամերիկյան հավանական զորավարժությունների համար։
Ռուսական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկության վերաբերյալ «Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովին:
«Նախ, այդ տեղեկությունը պետք է հաստատվի, որովհետեւ այն կարող է ավելի բարդացնել Երեւանի վիճակը, երկրորդ` Հայաստանի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու ԱՄՆ-ի հնարավոր որոշումը ոչ մի կերպ մոտիվացված չէ աշխարհաքաղաքական տեսանկյունից: Այն միայն կբարդացնի իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը, որովհետեւ խաղաղության պայմանագրի ստորագրման որեւէ հեռանկար չկա»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնում Ստանիսլավ Տարասովը, որի համոզմամբ, ԱՄՆ-ն հիմա ամենաքիչն է հետաքրքրված Հայաստանով:
Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հնարավոր զորավարժություններին` ռուսական արձագանքին, ըստ մեր զրուցակցի, Մոսկվան ընդամենը դիտում եւ հետեւում է: «Դա Հայաստանի որոշումն է, եթե Փաշինյանը որոշել է ինքնուրույն զբաղվել իր գործերով, թող զբաղվի: ՀԱՊԿ-ը փաստացի չկա Հայաստանի համար, ԵԱՏՄ-ից շուտով կհեռանա, պատերազմից հետո 5 տարի է անցել, Ադրբեջանի հետ խաղաղություն չկա, Թուրքիայի հետ՝ նույնպես, Իրանի հետ խնդիրներ կան, իսկ ԱՄՆ-ն Հայաստանի ժամանակը չունի: Պետք է զորավարժություններ անել նրանց հետ, ովքեր կարողանում են հաղթել, չի կարելի անընդհատ հոտ քաշել ուրիշների ստեղծած կեղտից, ահա այստեղ է խնդիրը»,- ասում է Ստանիսլավ Տարասովը՝ հավանաբար, նկատի ունենալով ուկրաինական սցենարն ու այն վիճակը, որում այսօր հայտնվել է Կիեւը՝ Զելենսկու գործունեության արդյունքում:
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: