Լրահոս
Օրվա լրահոսը

Լռել և սպասել, թե ինչպես են ոստիկանները ոչնչացնելու խոշտանգման հետքերն ու ապացույցները, իսկ քննչական կոմիտեն նախաձեռնելու ձևական վարույթ, չի կարելի. Ռոման Երիցյան

Մարտ 18,2025 10:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի՛ արցախցիներ և ոստիկանության խոշտանգման այլ զոհեր,
Արդեն որերորդ դեպքն է՝ ՀՀ քննչական կոմիտեն շատ անլուրջ և պասիվ մոտեցում է ցուցաբերում խոշտանգման ահազանգերի վերաբերյալ՝ արդարանալով կամ հաղորդման բացակայությամբ, կամ ապացույցների անբավարարությամբ, իսկ երբեմն էլ ոչ աշխատանքային օրերով։

Տիգրանի դեպքով այսօր անձամբ իմ անունից եմ հաղորդում ներկայացրել քննչական կոմիտե, էլ չեմ խոսում լրատվականների արձագանքների և հրապարակումների մասին։ Այնուամենայնիվ, ձերբակալման հիմքերի առերևույթ առկայության պայմաններում մինչ այս պահ ոչ միայն չունենք ձերբակալված ոստիկան, այլև անգամ նախաձեռնված քրեական վարույթ կամ գոնե հետաքրքրություն քննչական կոմիտեից։

Փոխարենը ունենք հիմարագին պարզաբանումներ առ այն՝ իբր հաղորդում չեն ստացել, երկիրը կլոր կամ էլիպսաձև է, խոզերը չեն թռչում և այլն։ Չգիտես՝ ինչու նույնը չէին ասում, օրինակ, Ստեփանակերտի քաղաքապետին ձերբակալելիս, խնձորի գործով վարույթ նախաձեռնելիս, արցախցիների բերած ավտոմեքենաներն առգրավելիս, հունիսի 12-ի դեպքով ցուցարարներին կալանավորելիս, իբրև ապօրինի զենք պահելու կասկածանքով մարդկանց ոստիկանություն տեղափոխելիս, իշխանության յուրացման կասկածանքով բնակարաններ խուզարկելիս և նման այլ դեպքերում։

Քննչական կոմիտեն ու դատախազությունը թքած ունեն, որ երկկողմանի ծնողազուրկ տղային, զոհված զինծառայողի որդուն, զոհված զինծառայողի եղբորը, 3 պատերազմների մասնակցին և վերջապես բռնի տեղահանված արցախցուն 7 ժամ ապօրինի պահում են ոստիկանության բաժնում, ենթարկում ծեծի, թքում նրա վրա և հայհոյում ոչ միայն իրեն, այլև վերջինիս զոհված ու մահացած ծնողներին՝ միայն նրա համար, որ նա իր վրա չի վերցնում ինչ-որ ավազակության դեպք։

Ավազակությունից տուժած 28-ամյա կինն այս պահին ավելի շատ մտածում է Տիգրանի առողջությանը պատճառված վնասի, այլ ոչ իր ու իր երկամյա երեխայի հետ տեղի ունեցածի մասին։
Լռել և սպասել նրան, թե ինչպես են ոստիկանները ոչնչացնելու խոշտանգման հետքերն ու ապացույցները, իսկ քննչական կոմիտեն նախաձեռնելու ձևական վարույթ, չի կարելի։ Ոստիկանների անպատժելիությունը ծնում է նոր և ավելի ծանր դեպքեր։

ՀՀ քննչական կոմիտեում գործում է խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն, որի քննիչներին հենց այսօր էլ պետք է պարտադրել անցնել գործի։ Տիգրանին խոշտանգած ոստիկանները պետք է ենթարկվեն պատասխանատվության, և վերջ։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Արցախի դրոշը գրպանում երիտասարդի մասնակցությամբ այսօրվա տարածված տեսանյութը Տիգրանի դեպքի հետ որևէ առնչություն չունի։ Նշված դեպքն այլ է և տեսանկարահանված լրիվ այլ վայրում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31