Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա խի մի բան չեք անում» ասողների մի շատ զգալի մասը գերադասում է մնալ իր «կոմֆորտ զոնայում», կամ ընդհանրապես տնից դուրս չի գալիս. «Փաստ»

Մարտ 18,2025 09:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սոցցանցերում, թե՛ առօրյա շփումների ժամանակ կարող ենք արձանագրել դժգոհություններ, նաև՝ մեղադրանքներ: Չէ, իշխանությունների հասցեին չէ, դա ինքնին հասկանալի է: Եթե այդ դժգոհություններն ի մի բերենք, ապա կարելի է ամփոփել մոտավորապես հետևյալ արտահայտությամբ. «Բա ո՞ւր են (որևէ ընդդիմադիր կուսակցության, որևէ նկատելի ընդդիմադիր գործիչ), ինչո՞ւ փողոց չեն ելնում, ինչո՞ւ ժողովրդին փողոց չեն հանում, ինչո՞ւ մի բան չեն անում…»:

Սովորաբար, ասվում է. «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո»: Այսինքն, նման դժգոհություններ արտահայտողները, «բան անելու» իմաստով շատ հնարավոր է, որ տեղին են դժգոհում: Բայց հենց այստեղ էլ, կարծում ենք, արժե առնվազն երկու վերապահում անել. մեկը՝ տեղեկատվական, մյուսն՝ ավելի «բացված»:

Նախ՝ նկատենք, որ «Բաքվի համաձայնագրի» շուրջ բանակցություններն ավարտելու մասին Փաշինյանի իշխանության պաշտոնական հայտարարությանն արձագանքել են մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր, ի մասնավորի՝ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, «ՀայաՔվե» նախաձեռնությունը և այլն: Հասկանալի է, որ ընդդիմադիրները ոչ միայն անընդունելի են բնորոշել միակողմանի ու խայտառակ զիջումների մոտեցումը, որ դրսևորում է Փաշինյանի իշխանությունը, այլև պահանջել են հրապարակել «բանակցված» համաձայնագրի տեքստը:

…Հարցն այն է, որ հանրության մի որոշակի մասը, հատկապես պարբերաբար ամենքին մեղադրողների մեծ մասը… «քաղաքականությամբ» չի զբաղվում: Ու այստեղ արդեն հարց է ծագում, թե այդ դեպքում ո՞ւմ համար են կուսակցությունների հայտարարությունները, շարքերի՞, լրահոսի՞, թե՞ վիճակագրության կամ ապագայի վավերագիրների:

Սակայն եթե միայն դա լիներ խնդիրը: Ցավն այն է, որ երբ ինչ-որ մեկը, որևէ նկատելի քաղաքական ուժ կամ ուժերի համախումբ, որևէ ճանաչելի կամ որոշակի կշիռ ու ազդեցություն ունեցող գործիչ «ինչ-որ բան անում է», սոցցանցերում ակտիվացողները, խոհանոցներում քրթմնջացողները, բակային զրուցատաղավարներում հռետորաբանողները և «բա խի մի բան չեք անում» ասողների մի շատ զգալի մասը գերադասում է մնալ իր «կոմֆորտ զոնայում», կամ ընդհանրապես տնից դուրս չի գալիս:

Դե, «ֆիզկուլտուրա անելու հավես չկա», «է՜, բան չեն անի», «նախկիններն են», «կիսանախկիններն են», «էս նոր ջահելներն ովքե՞ր են», «սրանց ընդհանրապես չենք ճանաչում», «ոնց որ նախկինների հետ կապ ունեն», այս մեկն այս է ժամանակին արել, մյուսն այն է արել, սա արժանի չէ, մյուսը թույլ է, երրորդը… ու այդպես շարունակ:

Սա նորություն չէ, նման դրսևորումներ, նման երևույթ տեսել ենք անընդհատ, այդ թվում՝ 2020-ից հետո, երբ մեկուկես տասնյակ կազմակերպություններ միավորվել էին, իսկ շարժումն առաջնորդում էր Վազգեն Մանուկյանը: Տեսել ենք «Դիմադրություն» շարժման ժամանակ, տեսել ենք նաև այլ դրսևորումների ժամանակ: Տեսել ենք նաև 2024-ին՝ «Սրբազան շարժման» հետ կապված:

Բոլորին էլ պիտակավորելու, բնորոշումներ տալու որևէ հնար կարելի է գտնել ու կգտնեն էլ: Ու գտնում են: Ոչ ոք անթերի չէ: Եվ ի՞նչ: Եվ այն, որ այդպես դրսևորվողները շարունակում են մնալ իրենց «հարմարավետ գոտիներում», ֆեյսբուքյան կամ տելեգրամյան ելևէջներում, շարունակական մուննաթի ու դժգոհությունների «ալիք» տատանողների դերում:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31