Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական ՔՊ-ական մանիպուլյացիոն ոճով մեղադրանքը պետք է գցեն ընդդիմության վրա. Մեսրոպ Առաքելյանը՝ ՔՊ-ական պատգամավորին

Մարտ 17,2025 23:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ՔՊ-ն այս երեք տարվա ընթացքում, որ համայնքը կառավարել է՝ ունենալով մեծամասնություն չի կարողացել ավագանու նիստեր անել ու հիմա մեղադրո՞ւմ է մեզ: Փաստացի այդ մարդիկ ունեցել են մեծամասնություն, բայց տարբեր պատճառներով՝ ներթիմային խնդիրներով կամ թիմակիցների վարքագծի հետեւանքով ռեկորդ են սահմանել Հայաստանում չկայացած նիստերի թվով ու հիմա մեղադրում են մեզ»,- Aravot.am-ին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանի մեղադրանքներին, թե «Այն աշխատանքները, որ համայնքում դեռեւս չեն կատարվել համայնքի ղեկավարի եւ որեւէ մեկի մեղավորությունը չէ, որովհետեւ այդ հարցում թերացել է համայնքում ընդդիմադիր ավագանին՝ ամեն հնարավոր ձեւերով խոչընդոտել է: Համայնքում արված աշխատանքները, որ արվել են գերբնական ուժ եւ համառություն է պահանջվել, որ ավագանիով հնարավոր լինի անցկացնել ու ի կատար ածել»:

Հիշեցնենք, որ պատգամավորը նաեւ ընդգծել է, որ «Ապրելու երկիրը» բացի սադրիչ հայտարարություններ անելուց որեւէ այլ աշխատանքով չի փորձում զբաղվել համայնքում:

«Ինչ-որ մասը իրենց թիմի երեւի թքած են ունեցել համայնքի խնդիրների վրա, նիստերը չեն անցկացրել, երեք տարի այդ մարդիկ են համայնքի ղեկավար կազմը եղել: Հիմա քարոզարշավի ժամանակ հերթական ՔՊ-ական մանիպուլյացիոն ոճով մեղադրանքը պետք է գցեն ընդդիմության վրա»,- շարունակեց Մեսրոպ Առաքելյանը:

Մեր զրուցակցի խոսքով ընտրությունների արդյունքները կլինեն քաղաքացիների գնահատականը համայնքում արված աշխատանքի, հայտարարությունների ու անելիքների. «Ընտրությունների արդյունքներով կերեւա՝ մենք ինչ ենք արել, իրենք ինչ են արել»:

Նրա խոսքով, արտահերթ ընտրությունները Փարաքարում շատ կարեւոր են, որ վերջապես ձեւավորվի որակյալ իշխանություն, որը համայնքի խնդիրները կլուծի, ոչ թե կզբաղվի տարբեր ոլորտներում ինչ-որ միջադեպերի մասնակցելով:

Փարաքարում ազատ ընտրությունների նախադրյալներ կա՞ն հարցին պարոն Առաքելյանը երկու կողմից է նայում. «Այն, որ իշխանությունը համատարած վարչական ռեսուրս է կիրառում, նաեւ համայնքի վարչական աշխատողներին ներգրավում քարոզարշավին, ցուցակներում: Հիմա պատգամավորներն իրենց գործը թողած՝ ներգրավված են եւ այլն. սա դարձել է ՔՊ-ի վարքագիծը, ինչում մեղադրում էին նախկիններին: Մյուս կողմից ինչ վերաբերում է ընտրություններին՝ ես ընտրողներին վստահեցնում եմ, որ մեր թիմը Փարաքարի յուրաքանչյուր բնակչի քվեին տեր է կանգնելու ու արձանագրված արդյունքները արտացոլելու են ընտրողների կամքը: Ինչքան էլ իշխանությունը փորձում է ընտրություններում որոշակի չարաշահումներ իրականացնել, մեր թիմը պատրաստ է այդ չարաշահումների դեմն առնել»:

Ի դեպ, հենց քարոզարշավի մեկնարկի նախորդ օրը Փարաքարի ավագանու իշխող դաշինքն Արևաշատ գյուղի նոր մանկապարտեզն է բացել:

Բացման արարողությանը Արմավիրի մարզպետն էլ էր մասնակցում ու հետաքրքիր զուգադիպություն համարեց իշխող ուժի կազմակերպած միջոցառումը քարոզարշավից ժամեր առաջ. «Ուղղակի նախընտրական շրջանում հետաքրքիր համընկնում է տեղի ունեցել»:

Ըստ Մեսրոպ Առաքելյանի. «Իրենք շատ բախտավոր են, միշտ այդպիսի պատահական համընկումներ են տեղի ունենում: Անլուրջ է, ամոթ է, որ էդ մարդիկ էդ մանկապարտեզն էլ ունեն: Գյումրիում էլ է հիմա նույնը տեղի ունենում: Ինչ-որ մանկապարտեզ են բացում, սա են անում, նա են անում: Պետք է հասկանանք՝ նույնիսկ, եթե պատահական համընկել է, էդ պատահական համընկումներով միջոցառումները պետք է զերծ մնան քարոզչության ընթացքում օգտագործվելուց»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31