Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանյանական օլիգարխիկ խաղեր Գյումրիո՞ւմ․ ընկել են գործարարների հետևից

Մարտ 17,2025 21:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Aravot.am-ը ահազանգ է ստացել այն մասին, որ ՊԵԿ-ը վերջին շրջանում համատարած խոշոր չափի տուգանքների է ենթարկել Գյումրու խոշոր խանութատերերին։

Խանութներից մեկի տիրոջ նկատմամբ 180 միլիոն դրամի հարկային ակտ են կազմել, մյուսին՝ 40 միլիոն դրամի, նույնիսկ քրեական վարույթներ են նախաձեռնվել․ կա ձերբակալված, գրավով ազատ արձակված ու 1 միլիարդ 200 միլիոն դրամով տուգանված գործարար։

Մեզ ահազանգողները հատ-հատ թվարկել են Գյումրու տուգանքի ենթարկված խանութներն ու սուպերմարկետները։

Գործարարների մեծ մասը հարկային ակտերը վարչական դատավարության կարգով բողոքարկել են՝ չհամաձայնելով ՊԵԿ-ի՝ ստվերային շրջանառություն իրականացնելու, պետությունից հարկեր թաքցնելու հիմնավորման հետ։

Մենք փորձել ենք կապ հաստատել գործարարներից ոմանց հետ, սակայն նրանք դեռ հրապարակային չեն խոսում՝ պատճառաբանելով, որ իրավական գործընթացի մեջ են։

Սակայն ակնհայտ է, որ գործարարներն անչափ նեղված են նման գործելաոճից․ Գյումրիում աշխատատեղ ստեղծելն ուղղակի հերոսություն է, իրենց բնութագրմամբ՝ նման հետապնդումների դեպքում աղքատության բարձր ցուցանիշ ունեցող այս քաղաքում գործազուրկների մի մեծ բանակ է ավելանում։

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ ՊԵԿ-ի ստուգումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում  մասնավորապես քրեական վարույթ է նախաձեռնվել «Կառոնա» սուպերամարկետների ցանցի սեփականատեր Կարեն Սիմոնյանի նկատմամբ։ Քրեական վարույթի շրջանակում նրան ձերբակալել են՝ ազատ արձակելով 200 միլիոն դրամ գրավի դիմաց՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու պայմանով։

Նրան տուգանել են 1 միլիարդ 200 միլիոն դրամով։

Հետաքրքրական այն է, որ գործարար Սամվել Ալեքսանյանի՝ «Երևան սիթի» սուպերմարկետի Գյումրի մտնելուն պես սկսվեցին այս պատմությունները։

Դեռ հունվար ամսին Գյումրիում խոսակցություններ տարածվեցին, որ Սամվել Ալեքսանյանը փորձում  է տեր կանգնել իր մրցակիցների բիզնեսին․ գյումրեցիները մատնանշում էին հենց «Կառոնա» սուպեմարկետների ցանցը, քանի որ սոցիալական ցանցերում այս սուպեմարկետների ցանցի պատասխանատուները լիկվիդացիոն գներ էին հայտարարել՝ ազդարարելով խանութների փակման մասին։

Որպեսզի չթվա, թե մերկապարանոց խոսակցություններ ենք տարածում, արձանագրենք՝ այսօր փաստն այն է, որ «Կառոնա» սուպերմարկետների՝ Գյումրիում ունեցած 5 ցանցերն այլևս չեն գործում, իսկ երեկվանից Անի թաղամասում «Կառոնա» սուպերմարկետի փոխարեն իր դռներն է բացել Սամվել Ալեքսանյանի «Երևան Սիթին»։

Տես լուսանկարներում․ մենք  Անի թաղամասում գտնվող «Կառոնայի» շենքը լուսանկարել ենք այն ժամանակ, երբ դատարկել էին, դռները կողպել, իսկ այսօր այդ նույն վայրում լուսանկարել ենք ակտիվ առևտրի մեջ մտած «Երևան Սիթին»։

Իսկ այս լուսանկարում Գորկի փողոցում գտնվող «Կառոնայի» շենքն է, որի դռները, ինչպես տեսնում եք, դարձյալ փակ են։ Ի դեպ, «Կառոնայի» այս շենքից մի քանի մետր հեռավորության վրա գտնվում է Սամվել Ալեքսանյանի «Երևան Սիթին»։

Մի քանի օրից էլ Գյումրու Մուսայելյան փողոցի «Կառոնայի» տեղում իր դռները  կբացի հերթական «Երևան Սիթին»։

Ըստ տեղեկությունների, «Կառոնա» սուպերմարկետների ցանցի սեփականատերը իր խանութների տարածքները վարձակալական հիմունքներով տրամադրել է Սամվել Ալեքսանյանին։

Մեզ ահազանգող գործարարներից մեկը տեղեկացրեց, որ Սամվել Ալեքսանյանն ամեն կերպ ձգտում է տիրանալ նաև մյուս խոշոր խանութների տարածքներին՝ նրանց մրցակցությունից դուրս հանելով, իր օլիգարխիկ դիրքն ամրապնդելով  հանրապետության երկրորդ քաղաքում ու դառնալով միակ գին թելադրողը։

Նկատենք, որ Հայաստանի նախկին իշխանությունները, անսալով Գյումրու քաղաքապետեր Վարդան Ղուկասյանի, իսկ հետո Սամվել Բալասանյանի խնդրանքը, թույլ չէին տալիս երևանյան խոշոր խանութների ցանցերի մուտքը Գյումրի՝ հստակ գիտակցելով, որ դա լավ հետևանքներ չի ունենալու, նրանք խնդիրներ են ստեղծելու Գյումրիի գործարարների համար։

Այս թեմայի շուրջ  Aravot.am-ը պատրաստ է լսել նաև ՊԵԿ-ի ու Սամվել Ալեքսանյանի պարզաբանումները։

Իհարկե, ժամանակի ընթացքում կհրապարակենք նաև տեղեկություններ տուգանքի ենթարկված գործարարների իրավական գործընթացից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31