Լրահոս
Օրվա լրահոսը

«Գետնին չեն տապալել, հրավիրել, պարզաբանումներ են արել։ Նախապես զգուշացվել էր, ուղղակի ես ՀՀ-ում չէի եղել»․ Խաչատուր Սուքիասյանը՝ իր անվտանգության աշխատակիցների մասին

Մարտ 17,2025 20:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Չգիտեմ՝ ինչ էին փնտրում։ Զենք փնտրել ի՞նչ է նշանակում։ Զենքը պետք է օպերատիվ տվյալներով իմանան, նոր փնտրեն։ Եթե փնտրելու բան չկա, չեն փնտրում։ Թող հասկանան, որ զենք փնտրելով չէ, այլ զենքը պետք է իմանան՝ կա, հատուկ գործիքներ կան, որով կարող են իմանալ։ Դա ուղղակի օպերատիվ իրենց դիրքորոշումն ու կարծիքն էր»,- լրագրողների հարցին՝ զե՞նք են փնտրել իր անվտանգության աշխատակիցների մոտ, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Նշենք, որ մարտի 12-ին Երևանի Թումանյան փողոցից բերման էին ենթարկվել Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները։ Նրանց տարել էին քրեական ոստիկանության գլխավոր վարչություն` ապօրինի զենք կրելու կասկածանքով։

Պատգամավորն ասաց՝ ոստիկանությունն իրավունք ունի ցանկացած բան ասելու՝ ելնելով իր օպերատիվ գործողություններից։ Լրագրողների հարցին՝ գետնի՞ն են տապալել իր անվտանգության աշխատակիցներին, Խաչատուր Սուքիասյանն այսպես արձագանքեց․ «Գետնին չեն տապալել, նման բան չի եղել։ Հրավիրել, պարզաբանումներ են արել, նման գործելաոճը ողջունում եմ։ Նախապես զգուշացվել էր, ուղղակի ես ՀՀ-ում չէի եղել»։

Խաչատուր Սուքիասյանը նաև հավելեց՝ շատ լավ են արել, ստուգել են, որովհետև բոլոր թիկնազորերին պետք է ստուգեն․ «Չգիտեմ՝ ցանկացած մարդու թիկնազոր ինչով է զբաղվում։ Ընդհանրապես նման մի քննարկում եղել է, որ թիկնազորները սոցիալական անհավասարության կարծիք են ստեղծում կամ նման տպավորություն թողնում։

Մենք ուզում ենք՝ ՀՀ-ն լինի բոլորի համար հավասար։ Հնարավոր է, որ ես նույնպես՝ որպես պատգամավոր, պետական մտածողություն ունեցող մարդ մտածեմ, որ թիկնազորերով պտտվելը քաղաքում և քաղաքից դուրս այդքան ընկալելի չէ։ Պետք են այլ մեխանիզմներ մտածել, նոր օրենք գրվի, դրանք պետք է կանոնակարգված բնույթ կրեն․․․Իրոք այդ անվտանգային աշխատողները, չորս-հինգ հոգով մեքենայից իջնելով, սոցիալական անհավասարության տարրեր կան այդտեղ։ Պետք է լուծում գտնվի»։

Լրագրողները հարցրին՝ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չե՞ք գալու, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց․ «Ես չեմ հանդես եկողը, հանդես եկողը թող լինի ՆԳՆ-ն, միևնույն ժամանակ ՀՀ տարբեր ներդրողներ են գալիս, որոնք իրենց անվտանգության աշխատակիցներն ունեն։ Պետք է օրենքը խորը ու բազմակողմանիորեն ուսումնասիրի։ Այն, որ ցանկացած մարդ՝ կարգավիճակ չունեցող, հնարավորություն չունեցող այդ կարգի հնարավորությունից է օգտվում, դա էլ պետք է կարգավորված լինի»։

Լրագրողները հիշեցրին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները 2018-ին, որ արտոնյալ են որոշ մարդիկ, որ թիկնազորով են շրջում։ Այս առիթով Խաչատուր Սուքիասյանն ասաց․ «Ինքը չի ասել՝ թիկնազորով շրջողն է արտոնյալ։ Կբացեք, կասեք՝ ինչ է ասել, հետո ես կպատասխանեմ։ Մենք պետք է այդ դաշտից դուրս գանք։ Դուք հիմա ասում եք՝ Նիկոլ Փաշինյանը 2018-ին ասում էր։ Նիկոլ Փաշինյանը շատ բան է ասել։ Նախ ուզում եմ մի բան էլ ասել՝ ընդհանրապես ղեկավարները, երբ գալիս են, ամեն անգամ այնպիսի մարտահրավերների առաջ են կանգնում, որ դրանց լուծումներ են պետք լինում։ Ամբողջ աշխարհում չկա մի առաջին դեմք, որ իր քաղաքական տեսակետներն այս կամ այն ժամանակահատվածում փոխած չլինի։ Դրա համար չեմ կարծում պետք է դրա հետևից ընկնենք, այլ պետք է ընկնենք արդյունքների հետևից»։

Լրագրողները նաև փորձեցին Խաչատուր Սուքիասյանից Մոնտե Կարլոյում իր գտնվելու և ՀՀ ԱԺ նիստերից բացակայելու մասին պարզաբանումներ ստանալ։ Հիշեցնենք՝ մամուլում հրապարակումներ եղան, որ Խաչատուր Սուքիասյանին նկատել են Մոնակոյի Մոնտե Կառլո հանրահայտ կազինոյում։ Մամուլում լուսանկարներ էին տարածվել, որում երևում էր Խաչատուր Սուքիասյանը Մոնտե-Կառլո խաղատան շենքում և դրան հարող ռեստորանում։

Խաչատուր Սուքիասյանն այս առիթով ասաց․ «Ես գնացել էի ստուգման, չարտահայտվեմ։ Հետո լիագումար նիստին բացակայել եմ․ ոչ դիմում եմ գրել, ոչ խնդրել եմ։ Ասել եմ՝ կբացակայեմ։ Գնացել եմ տարբեր աշխատանքների համար, տարբեր ցանկությունների, պահանջների համար։ Ես էլ չեմ թաքցնում, դրսում էլ կառույցներ ունենք, գնում-գալիս ենք։ Դրա անունը ի՞նչ դնենք»։

Լրագրողների փաստմանը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմին դիմում չեք ներկայացրել, Խաչատուր Սուքիասյանն այսպես արձագանքեց․ «Լավ եմ արել, բացակայել եմ։ Թող աշխատավարձիցս կտրեն։ Ի՞նչ աշխատակազմ, ինչ բան․ ուղղակի գիտեի՝ կհասցնեմ, կգամ, չհասցրի․ պատահական է եղել։ Վերցրեք իմ ընդհանուր հաճախելիության տոկոսը նայեք, էդ մի անգամն է եղել։ Բայց կուզեմ ավելի շատ բացակայեմ արդեն, որովհետև շատ հետաքրքրվեցիք, որ մի անգամ բացակայել եմ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31