«Մենք պետք է ուրախ ու երջանիկ լինենք։ Շատ լուրջ աշխատանք է տարվում»,- լրագրողների հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք այն, որ համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Նա հիշեցրեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում, որ իշխանություններն են որոշում հասարակության վարքագիծը ու նշեց․ «Ժողովրդավարությունն այս իշխանությունն է տվել, ՀՀ վարչապետն է ամեն ինչ անում, որ ՀՀ-ում ժողովրդավարությունն ավելի խորը արմատներ ունենա։ Շատ լավ է, որ ես ուզեցի այդ մասին խոսել։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ կարդացած մարդ է, ես իրեն վստահում եմ, ու ինքն էլ շատ հիմնավոր բան է ասել»։
Հարցին՝ որքանո՞վ եք իրատեսական համարում, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, քանի որ Ադրբեջանից բավականին կոշտ հայտարարություններ ու պահանջներ են հնչում, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց․ «Այն, ինչ կար, Ադրբեջանն էլ ասաց, որ բոլոր կետերը համաձայնեցված ենք։ Մնացածն ընթացիկ մարտավարական գործողություններ են, որ անում են։ Պետք է հետ գնանք, տեսնենք՝ երեսուն տարի մե՞նք ինչ ենք արել, նույն բանն էլ մենք ենք արել 90-ականներից սկսած։ Արտահայտություններ ենք արել, ամեն անգամ լարված իրավիճակ է ստեղծվել։ Վերջնական արդյունքում կստորագրվի, և ամենը կմնա հետևում»։
Ըստ Խաչատուր Սուքիասյանի՝ այս գործընթացին նաև միջազգային հանրությունն է մասնակից․ «Առաջին անգամ այս կարգի ամբողջ աշխարհից ողջունում էին այդ կարգի համաձայնագրի համաձայնեցումը»։
Կարդացեք նաև
Հարցին՝ արդյոք այս գործընթացներում չպե՞տք է բարձրացնեն գերիների հարցը, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց․ «Լավ կլինի այս հարցով այն կառույցներն արտահայտվեն, որոնք տարիներ շարունակ այդ կարգի հարցերով են զբաղվել»։
Հարցին՝ իշխանությունը ցանկանո՞ւմ է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ՀՀ վերադառնա՝ հաշվի առնելով նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, պատգամավորը պատասխանեց․ «Իսկ Նիկոլ Փաշինյանը չի ասե՞լ, որ ամեն օր, ամեն ժամ դրանով են զբաղվում։ Բայց դա ինչո՞ւ չեք ասում։ Ինքն ասել է՝ նրանց նպատակն է եղել գալ, ՀՀ իշխանությունը վերցնել, այն դեպքում, երբ Արցախը կործանել էին։ Նիկոլ Փաշինյանն ուզում է ասել, որ Արցախը կործանել են երեսուն տարի։ Ինքներդ համոզվում եք դրանում։ Շատերը կարող են ասել մեր ժամանակ․․․հասարակության հետ ազնիվ պետք է լինեն։ էդ մարդկանցից շատ քիչ բան է կախված եղել, ի՞նչ են վերցնում իրենց վրա, իրենք էին լուծո՞ւմ, դե թող լուծեին։ Պարզ է՝ մենք բոլորս գիտակցում ենք։ Լևոն Տեր-Պետրոսյանն ինչո՞ւ չլուծեց այդ հարցը, որովհետև ինքը չէր լուծողը։ Լևոն Տեր-Պետրոսյանը լուծում գտել էր․ ի՞նչ արեցին։ Պետք է այդ օրվան անդրադառնանք․ ո՞նց է եղել, որ ղարաբաղյան իշխանությունը դեմ է եղել խնդրի լուծմանը։ Դրա համար ո՞վ է պատասխան տալու։ Այդ դեմ լինողները Լևոն Տեր-Պետրոսյանին դավաճան էին անվանում, ոնց որ այսօր Նիկոլ Փաշինյանին են դավաճան անվանում։ Խայտառակություն է, բայց դրանից հետո ի՞նչ եղավ․ եղավ այն, ինչ եղավ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ