«Քրեական գործի նյութերում առկա չէ որեւէ ապացույց այն մասին, որ այն ձայնագրությունը, որը ներկայացրել է վկան, չի գեներացվել արհեստական բանականության միջոցով»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ նիստի ժամանակ հայտարարեց ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Ռուբեն Վարդազարյանը իր վերջին խոսքում:
«…Գործում չկա ապացույց, չկա փորձաքննություն, որ արհեստական բանականության միջոցով չի արվել, գործում չկա ապացույց, որ դա Ռուբեն Վարդազարյանի խոսքն է: Չկա ապացույց, փորձաքննություն, որ այդ ձայնագրությունը մոնտաժված չէ: Վստահ եմ, որ այս տեղեկությունը, որ հայտնեցի նախագահող դատավորին չի հետաքրքրում, խոսքս ավելի շատ ուղղված էր վերադաս ատյաններին, մարդու իրավունքների եվրոպական դատարանին»,- իր եզրափակիչ ելույթում ասաց Վարդազարյանը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու, այն կհրապարակվի մարտի 18-ին, ժամը՝ 13:30-ին:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: