Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է ՀՀ քաղաքացիներին տրամադրվող վիզաների՝ կարճաժամկետ լինելու հանգամանքին, ինչը հերթերի պատճառ է դառնում

Մարտ 17,2025 18:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:

Ողջունելով դեսպանին՝ Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է  կրթության ու գիտության ոլորտներում Հայաստանի եւ Գերմանիայի համագործակցությանը, ընդգծել մշակութային կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի եւ ծրագրերի:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է փորձի փոխանակումն ու սերտացումը հատկապես բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթության ոլորտներում: «Նշված երկու ոլորտները մեր հանձնաժողովի առաջնահերթություններն են, եւ ուրախ կլինեմ, որ նաեւ դեսպանի աջակցությամբ այս ոլորտներում մեր համագործակցությունն էլ ավելի սերտացնենք, քանի որ այս ոլորտներում գերմանական փորձից շատ բան ունենք վերցնելու»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Դեսպանի առաջարկով Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքին, այդ հարցում հայկական սփյուռքի դերակատարությանը: «Մշակույթը եւ ժողովրդավարությունն են, որ հայ ժողովրդին եւ Հայաստանը կապում են Եվրամիության հետ: Ցավոք, տնտեսական ոլորտում դեռ մեր ցանկացած համագործակցությունը չունենք»,- մասնավորապես ասել է Սիսակ Գաբրիելյանը:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ ՀՀ քաղաքացիներին տրամադրվող  վիզաների՝  կարճաժամկետ լինելու հանգամանքին, ինչը հերթերի պատճառ է դառնում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում գերմանական մշակույթի օրեր եւ Գերմանիայում՝ հայկական մշակույթի օրեր անցկացնելու հարցը, ինչը երկուստեք կարեւորվել է մշակութային համագործակցության տեսանկյունից:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31