Aravot.am-ի տեղեկություններով, մարտի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունից գրությամբ ստացվել է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն, ըստ որի՝ Աննա Բալյանը 2018թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. դեկտեմբերի 12-ը, հանդիսանալով Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն, իսկ 2023թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2025թ. փետրվարի 4-ը՝ նույն դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող, թույլ է տվել մի շարք չարաշահումներ:
Ըստ նույն աղբյուրի, դպրոցական սննդի ծրագրով հատկացված դրամական միջոցներից սննդի հաշվետվություններում ներառել է սնունդ ստացող աշակերտների ամբողջ թվաքանակը, դպրոցին հատկացված գումարից չի տնտեսվել բացակա երեխաների չօգտագործած սննդի հաշվարկով գումարը, որը միայն 2024 թ. կտրվածքով կազմել է շուրջ 554 000 դրամ:
Աննա Բալյանը նաեւ, առանց պատշաճ հիմնավորման, գրադարանավարուհու հաստիքը դարձնելով 1,5 դրույք՝ դպրոցի ֆինանսական միջոցներից 2023 թ. հոկտեմբերից մինչև 2025թ. հունվարը ավել է վճարել շուրջ 822.220 դրամ գումար, ինչպես նաեւ իր անվամբ 2023թ. դեկտեմբեր ամսվա համար պարգեւավճար է սահմանել աշխատավարձի 90 տոկոսի չափով եւ փաստացի ստացել է ավելի քան 202 000 դրամ, այն դեպքում, երբ տվյալ հաստիքում նշանակվել էր դեկտեմբերի 20-ից:
Նախաքննությունը շարունակվում է:
Կարդացեք նաև
Ի դեպ, նույն դպրոցի նախկին տնօրենին եւս մեղադրանք էր առաջադրվել: Վերջինս էլ 2011թ. հուլիսի 1-ից մինչեւ 2015թ. սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար, առանց աշխատանքի ընդունելու մտադրության, հրամանագրել էր հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող մի շարք անձանց, կազմել ու հաստատել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկագրեր, պետական բյուջեից ելքագրել եւ յուրացրել է խոշոր չափերի` ընդհանուր 2.295.546 ՀՀ դրամ գումար: