ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանն այսօր «Հայելի» ակումբում ասաց. «Խաղաղության պայմանագիր կոչվող խաբկանքը մեր հանրությանը ներկայացվում է դեռեւս 2022 թվականից: 2022 թվականից Ադրբեջանի ԱԳՆ-ը Հայաստանին է փոխանցել հինգ սկզբունքային կետեր, որոնց շուրջ հնարավոր կլինի Հայաստանի հետ ունենալ պայմանագիր: Այսինքն, ոչ թե Հայաստանն է նախաձեռնել, ոչ թե իրար հետ բանակցությունների արդյունքում սկզբունքների շուրջ համաձայնության են եկել, այլ Ադրբեջանն ասել է, որ կան հինգ սկզբունքներ, որոնց շուրջ պետք է լինեն այդ բանակցությունները:
Հայկական կողմը, երբ որ ստացել է դրանք, պաշտոնապես ասել է, որ իրենք որեւէ առարկություն չունեն այդ հինգ սկզբունքային կետերի վերաբերյալ: Դա ասել են եւ Նիկոլ Փաշինյանը եւ Արարատ Միրզոյանը: Այսինքն, միանգամից ընդունել են Ադրբեջանի կողմից առաջադրված սկզբունքները:
Դրանից հետո, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ որ Պրահայում հանդիպել են հայտնի կապիտուլյացիան ստորագրելու ժամանակ, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ասել է, որ հայկական կողմին փոխանցվել են եւս 12 պարզաբանող կետեր այդ հինգ սկզբունքների վերաբերյալ: Դրանք ըստ էության ոչ թե պարզաբանող կետեր են եղել, այլ նոր եւս 12 սկզբունքներ:
Ուշադրություն. առաջինը՝ 5, երկրորդը՝ 12: Որ 5-ին գումարում ես 12, դառնում է 17: Ու հիմա ասում են, որ խաղաղության պայմանագիրը կազմված է 17 կետից: Այսինքն, Ադրբեջանը ի սկզբանե ներկայացրել է 17 կետից պահանջ: Սկզբից ասում էին, որ այդ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ են ընթանում եւ դա մոտ է ստորագրման: Ամբողջ 2023 թվականին Ադրբեջանը ձայն չի հանել՝ սրանք են ասել, որ խաղաղության պայմանագիրը գրեթե պատրաստ է եւ մինչեւ տարվա վերջ, հնարավոր է, ստորագրվի: Չի ստորագրվել: Նույնը կրկնել են 2024 թվականի ընթացքում: Ասում էին արդեն 60 տոկոսով է պատրաստ, 70 տոկոսով, հետո՝ 80 տոկոս: 2024 թվականի վերջին Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ճեպազրույց է տալիս, լրագրողներին ասում է՝ հիմա էլ ենք պատրաստ ստորագրել:
Կարդացեք նաև
Հետո հայտարարեցին՝ ընդամենը երկու կետ համաձայնեցված չի: Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, որ ստորագրեն, որը համաձայնեցված է, մյուսների շուրջ շարունակեն բանակցել: Ադրբեջանը հակադարձեց, որ այդպիսի բան չի լինելու: Պիտի 17-ին էլ համաձայնվեք: Ու հիմա 17-ին էլ համաձայնվել են: Այսինքն, Ադրբեջանը ոչ թե ինչ-որ զիջման է գնացել, ինչ որ մի կետ հանել, խմբագրել է, այլ սրանք սկզբից, ենթադրենք, որ համաձայնություն չեն տվել, հետո համաձայնվել են բոլոր կետերին, որոնք գրվել են Ադրբեջանի արտգործնախարարությունում: Ու հանկարծ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարում է, որ Հայաստանը պաշտոնապես տեղեկացրել է, որ բոլոր 17 կետերին համաձայն է: Դրանից անմիջապես հետո Հայաստանի ԱԳՆ-ը տեղեկատվություն է տարածում, որ Ադրբեջանը հայտարարության մասին պայմանավորվածությունը խախտել է: Բայց ինչ-որ ասում է, ճիշտ է ասում: Տեղը, ժամը ասեք, գնանք ստորագրելու:
Բայց ադրբեջանցիներն էլ ասում են, որ ստորագրելու համար դեռ շատ շուտ է, դուք ընդամենը համաձայնություն եք տվել այն պայմաններին, որ մենք դրել ենք ձեր առաջ: Որպեսզի դա ստորագրվի, կան լրացուցիչ պայմաններ»:
Էդգար Ղազարյանը թվարկեց այդ լրացուցիչ պայմանները, որոնք պետք է դառնան կատարված իրական փաստ, ու նաեւ ներկայացրեց դրանց խիստ վտանգավոր լինելը Հայաստանի Հանրապետության համար. «Դրանք են. Հայաստանը պետք է ընդունի նոր սահմանադրություն՝ հրաժարվելով անկախության մասին հռչակագրից: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը Ալիեւին ոչ թե պետք է խոստում տա, այլ փաստացի այդ հանրաքվեն պետք է կազմակերպի, ժողովուրդը «այո» ասի, դա ընդունվի, նորին կայսերական գերազանցություն ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարի, որ հանրաքվեն անցել է, որոշումը կայացվել է:
Դրանից բացի, Հայաստանը պիտի ձերբակալի եւ Ադրբեջանի իշխանություններին հանձնի Հայաստանի նախկին ղեկավարներին՝ նախկին նախագահներին, պաշտպանության նախարարներին, ԶՈՒ ԳՇ պետերին, Արցախի ազատագրական պայքարի մասնակիցներին, Արցախի հերոսներին, կամավորական ջոկատների հրամանատարներին: Այս մասին էլ ասել է Ալիեւի՝ անվտանգության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը, նրանից առաջ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազը:
Մյուս պայմանն այն է, որ պետք է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի:
Հաջորդ պայմանը, որ Հայաստանը պատճառված տնտեսական վնասի համար Ադրբեջանին պետք է վճարի փոխհատուցում, որը ըստ մի հաշվարկի կազմում է $ 11 միլիարդ, իսկ Ալիեւի ասածով՝ մինչեւ $ 60 միլիարդ: Հայաստանի բյուջեն $ 7 միլիարդ է: Ու սա դեռ ռազմական տուրքը չէ: Հայաստանն այդ փողը չունի՞, ոչինչ, տարածքներ ունի: Ասենք, Սեւանա լիճը, ոչ թե մի ափը, այլ Գեղարքունիքի մարզը: Կարող են «բարիշել» $ 20 կամ 30 միլիարդով:
Եվ մյուս պահանջը «տեղահանված» ադրբեջանցիների վերադարձն է, որոնց թիվը որդի պես աճում է: Սկզբից ասացին՝ 120 հազար են, մի շաբաթ հետո դարձան 170 հազար, մի երկու ամիս անցավ, դարձան 300 հազար: Հիմա բազմացել են, դարձել 1,5 միլիոն: Հայաստանի բնակչությունը 2 մլն. 900 հազար է: 1,5 միլիոն ադրբեջանցի պիտի գա, բնակվի, իսկ Հայաստանի իշխանությունը հոգ տանի: Դրանց գումարն էլ առանձին է, իրենց հաշվարկով՝ $17 միլիարդ: Ու իրենց անվտանգությունը կարող են երաշխավորել ոչ թե մեր պարեկները, այլ Թուրքիայի ոստիկանությունը: Ադրբեջանն ասում է, որ դրանց անվտանգությունը երրորդ երկրի ուժերը կարող են ապահովել, որը պետք է լինի Ադրբեջանին բարեկամ:
Սրանք այն պայմաններն են, որոնք կատարելու դեպքում Իլհամ Ալիեւը կմոտենա այդ պայմանագիրը ստորագրելու»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ