ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մանուշյանական շաբաթ» ծրագրի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված ֆրանսիացի գործընկերներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ շաբաթվա շրջանակում կազմակերպվել են մի շարք միջոցառումների՝ թատերական ներկայացումներ, ֆիլմերի դիտում, ցուցահանդեսներ և այլն:
Կարևորելով ծրագիրը՝ նախարարը նշել է, որ Մանուշյանական շաբաթվա միջոցառումները կյանքի են կոչվել հայ և ֆրանսիացի գործընկերների համատեղ ջանքերով:
Կարդացեք նաև
«Մանուշյանական շաբաթվա միջոցառումներում շեշտվող արժեքներն ու գաղափարները, վստահ եմ, շարունակական են լինելու՝ որպես առանցքային քաղաքականություն Հայաստան-Ֆրանսիա հարաբերություներում: Կարծում եմ՝ դեռևս բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացնելու»,-ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով հաջողված համագործակցության համար:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պատահական չէ նաև, որ Մանուշյանական շաբաթվա շրջանակում ազդարարվել է ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների մեկնարկը, որը, ըստ նախարարի, առաջին հերթին արժեքների երկխոսության մասին է:
«ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միության ղեկավար Սաթէ Խաչատրյանի գնահատմամբ՝ թեև մարտի 18-ին միջոցառման ամփոփումն է, բայց դրանով կմեկնարկի նաև Մանուշյան կերպարի վերաիմաստավորումը, և կտարածվի մանուշյանական տրամադրությունը հանրության շրջանում:
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն էլ ընդգծել է, որ «Մանուշյանական շաբաթ» ծրագիրը ևս մեկ անգամ ամրապնդում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև անցյալի և ներկայի կապերը: Նախագիծը նաև լրացնում է ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված մշակութային կրթության տարվա բովանդակությունը:
Ֆրանսիացի գործընկերները ևս շնորհակալություն են հայտնել համատեղ ջանքերի և արձանագրված արդյունքի համար:
«Բոլորիս միավորել է մանուշյանական գաղափարախոսությունը: Նրա աճյունը Փարիզի պանթեոն տեղափոխելով՝ ցանկացանք ցույց տալ, որ ֆրանսիացի լինելն առաջին հերթին արժեհամակարգի և եղբայրության դրսևորում է: Մանուշյանն իր կյանքը դրեց խաղաղության զոհասեղանին՝ իբրև իսկական քաղաքացի»,- ասել է Միսաք Մանուշյանի պանթեոնիզացման կոմիտեի նախագահ Ժան-Պյեռ Սակունը:
Նշենք, որ «Մանուշյանական շաբաթ» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության, ֆրանսիական Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանի և Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ ՝ «ՍԱԹԷ – ԱԹՂԸ» թատերական միության և «ԱՐՏ – ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության կողմից:
«Մանուշյանական շաբաթ» ծրագրի շրջանակում միջոցառումները մեկնարկել են մարտի 14-ից, կավարտվեն վաղը՝ մարտի 18-ին:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ