Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Սուքիասյանն առաջարկում է Հյուսիս-Հարավ ճանապարհի թունելները վճարովի դարձնել

Մարտ 17,2025 17:35

«Ես կարծիք ունեմ, որ մասնավորը պետք է գա եւ ներդրումներ կատարի եւ դա դառնա վճարովի, որ պետությունն այդ բեռից դուրս գա։ Ամբողջ աշխարհում այդպես է՝ Եվրոպայում ման ես գալիս, մտնում ես Ֆրանսիա՝ վճարում ես, գնում ես Իտալիա` վճարում ես․․․ եթե պետք է՝ իրենց հատուկ կարգավիճակ եք տալիս, վճարումները ըստ դրա կատարում են։ Մենք Իտալիայի նման երկիր ենք, մի կետից մյուսը 260 կիլոմետր է, 38 թունել կա, ամեն ինչ արել են, որ մարդը արագ հասնի, իրենց էկոլոգիան էլ փրկեն»,- ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նիստում  ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը խոսում էր Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ Սիսիան-Քաջարան հատվածի եւ թունելի շինարարության մասով ֆինանսավորման բանակցությունների մասին։

Իշխանական պատգամավորը նույնն էլ ջրամբարների մասով է առաջարկում․ «Ավելի լավ է` առաջին հինգ տարին իր բիզնեսի զարգացման համար դուք իրեն գումար տաք, բայց ինքը գնա էդ գումարները հայթայթի, բերի ջրամբարը կառուցի, համ էլ՝ տասն անգամ ավել ջրամբար կունենանք։ Պետական մոտեցումը շատ լավն է, բայց մասնավորին պետք է բերեք, անգամ ֆիզիկական անձերը պետք է մաս ունենան այն կազմակերպություններին, որոնք լիցենզիայով են, մարդիկ պետք է մասնակից լինեն եւ օգուտ ունենան»,- հավելեց Խաչատուր Սուքիասյանը։

Վահե Հովհաննիսյանը առաջարկը ընդհանուր ճշմարտություն է համարում, բայց առանձին դեպքերով, ասում է, որ պետք են առանձին ուսումնասիրություններ, քանի որ նախ նման ծրագրերի արդյունավետ կառավարման հարց կա, երկրորդ՝ պետությունն ավելի էժան վարկեր է կարողանում վերցնել, քան մասնավոր կազմակերպությունները կամ անձինք եւ այլն։ Ամեն դեպքում, նա ասաց, որ կան նման ծրագրեր, որոնք առաջիկայում կներկայացվեն եւ արդյունավետությունը կգնահատվի։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31