Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնի շրջանակում տեղի ունեցավ ամերիկացի կոմպոզիտոր Լովել Լիբերմանի Ալտ սաքսոֆոնի կոնցերտի համաշխարհային պրեմիերան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհում մեծ ճանաչում վայելող սաքսոֆոնահար Քեննեթ Ցեի կատարմամբ։ «2020 թվականին Երուսաղեմում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու նրա ղեկավար Սերգեյ Սմբատյանի հետ հանդիպելուց հետո շատ ցանկանում էր աշխատել այս հիանալի երաժիշտների հետ։ Եվ վերջապես ունեցա այդ հնարավորությունը Պենդերեցկու անունը կրող փառատոնի շրջանակում»,- ասում է Քեննեթ Ցեն։ Նրա բնորոշմամբ՝ Լիբերմանի Ալտ սաքսոֆոնի կոնցերտը ցնցող ստեղծագործություն է՝ նոր ռոմանտիկ ոճում, ճախրող մեղեդիներով և էպիկական վիրտուոզությամբ։ Սաքսոֆոնահարը նշում է, որ հայկական երաժշտությանը ծանոթ է, ասում է, անգամ փոքր տարիքում, երբ սովորում էր սաքսոֆոն նվագել, կատարել է հայկական երաժշտություն։ Ի դեպ, համերգի ընթացքում Քեննեթ Ցեն որպես բիս կատարեց Կոմիտասի «Կռունկը» և «Կաքավիկը»։
Համերգային երեկոյի ընթացքում հնչել են նաև Քշիշտոֆ Պենդերեցկու Ադաջետտոն «Կորուսյալ դրախտ» օպերայից, Ալեքսիս Ալրիխի «Զանգի և թմբուկի աշտարակ» պեկինյան տպավորություններ ստեղծագործությունը և Ֆրանսիս Պուլենկի «Սինֆոնիետան» սիմֆոնիկ նվագախմբի համար։ Երեկոն ղեկավարում էր դիրիժոր Բարբարա Դրագանը։
Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնն այս տարի իրականացվում է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության աջակցությամբ։
Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնի առաքելությունն է հայ երաժշտասերներին հաղորդակից դարձնել համաշխարհային ժամանակակից դասական երաժշտությանը, ծանոթացնել աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող մերօրյա կոմպոզիտորների հետ, ինչպես նաև վառ պահել Քշիշտոֆ Պենդերեցկու անունը:
Կարդացեք նաև
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ