Մերձիշխանական «Türkiye» թերթը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ-ն նախատեսում է Գերմանիայում գտնվող իր ռազմաբազայից գաղտնի ռազմական տեխնիկա Վրաստանի տարածքով տեղափոխել Հայաստան, հայտնում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը:
Ըստ թերթի՝ Հայաստան կառաքվի 151 միավոր տեխնիկա, գեներատորներ, հատուկ կոնտեյներներ և շտապօգնության ութ մեքենա։
Նյութում պնդում են, թե Պենտագոնը նպատակ ունի դե ֆակտո կասեցնել Հայաստանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Ինչպես հայտնում է Արմենպրես-ը, ռուսական RT լրատվական գործակալությունը նույնպես հրապարակել է տեղեկություն, որ ԱՄՆ բանակի լոգիստիկ հրամանատարությունը նախատեսում է Գերմանիայի «Դյուլմեն» ռազմաբազայից զինտեխնիկա և տարբեր նշանակության սարքավորումներ տեղափոխել Հայաստանի «Զառ» զորավարժարան՝ հայ-ամերիկյան հավանական զորավարժությունների համար։
Կարդացեք նաև
Ըստ հրապարակված տվյալների՝ տեխնիկայի տեղափոխումը նախատեսված է հուլիսի 16-ից օգոստոսի 7-ը, իսկ վերադարձը Գերմանիա նախատեսվում է օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը։
Նշվում է, որ տեխնիկան Հայաստան է տեղափոխվելու Վրաստանի տարածքով, քանի որ տրանսպորտային երթուղին չի կարող անցնել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով՝ դիվանագիտական թույլտվությունների բարդությունների պատճառով։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Հայաստանի ուղղությամբ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին տեղեկատվությունը, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից։
«ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերը՝ օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասացին ԱՄՆ պաշտպանության նախարարությունից։