«40-50 գործարան իր ենթակառուցվածքներով կանգնած են, նույնը Աբովյանի «Սիրիուսը»՝ 120 հազար քառակուսի մետր կանգնած է, տանիքների վրա արդեն ծառ է աճում, հինգ տիպի մալուխ կա, որովհետեւ ինչ-որ ձեւով ռազմական ուղղվածություն է ունեցել․․․ փոխանակ ասեք՝ էդ է, ենթակառուցվածքներ է, ասում եք՝ մենք ինչ-որ ձեւով ստեղծենք։ Էդ ենթակառուցվածքը չի աշխատում, ի՞նչ ենթակառուցվածք։ Էդ կլաստերները նրա համար է, որ դու ասես՝ պարոն, ընդեղ արա էս գործը, արի ստեղ՝ քեզ վրա երեք անգամ էժան կնստի էն, ինչը որ դու էսօր ես որոշել։ Դա մեր պատմության մեջ ամենավատ ծրագիրն է եղել, որը ես քննադատել եմ, ձեր նախորդ նախարարն է բերել, որը ես ասել եմ՝ սխալ է։ Եկեք ՝գնացեք տասնյակ գործարան ցույց տամ, որը որ կարիք չկա գումար ծախսեք․ հիմա էդ գումարը ծախսում եք, որ ի՞նչ անեք»,- այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին իր վրդովմունքը փոխանցեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը։
Նախարարը ներկայացնում էր ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։
Գեւորգ Պապոյանը՝ պարզաբանեց՝ այդ գույքերն անձնական ունեցվածք են եւ սեփականատերերը բավական բարձր գին են առաջարկում, ներդրողն էլ նպատակահարմար է գտնում օգտվել կառավարության առաջարկած՝ ներդրումներ ենթակառուցվածքների դիմաց ծրագրից, քանի որ դա տնտեսապես ավելի նպատակահարմար է։
Խաչատուր Սուքիասյանը չհամաձայնեց՝ կարող է օրինակ բերել, որ կառույցը 1400 անգամ ավել արդյունք է տվել։
Կարդացեք նաև
Խաչատուր Սուքիասյանին հետաքրքիր էր նաեւ, թե Հայաստանն ի՞նչ տնտեսական ուղղություն է ընտրել․ «Հիմա մենք ի՞նչ ենք անելու, ո՞ւր ենք գնում, ի՞նչ նպատակներ ունենք, հայկական հումքը օգտագործո՞ւմ ենք, թե՞ չէ, ներմուծվող ապրանքներից գոնե երեքը փոխարինենք հայկականով․ մենք պետք է հասկանանք՝ ԵԱՏՄ-ում մեր եղած ժամանակահատվածը մեզ ի՞նչ տվեց՝ կոոպերացիաներ ստեղծվեցին, նոր հումքեր բերեցինք, որակի բարելավվում, նոր սարքավորումներ, նոր արտադրանք»։
Նա ակնկալում է մեկ ամիս անց ստանալ հստակ ծրագիր՝ ո՞ր ոլորտներին ի՞նչ աճ կունենան։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ