Լրահոս
Օրվա լրահոսը

Նվազագույնը, որ պետք է անենք մեր հայրենիքի համար այս բարդագույն իրավիճակում, ուղղակի չլռելն է․ Իրինա Բարսեղյան-Կրպեյան. «Ապառաժ»

Մարտ 17,2025 16:02

Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կնոջ՝ հեղինակ-լրագրող, պատմական գիտությունների թեկնածու Իրինա ԲարսեղյանԿրպեյանի հետ «Ապառաժ»-ի խմբագիր Հասմիկ Շինդյանը զրուցել է նրա գիտական գործունեության, Արցախի կորստի, Թաթուլ Կրպեյանի հերոսական կյանքի ու այն արժեքների մասին, որոնք փոխանցվել են նոր սերունդներին։

Իրինա Բարսեղյան-Կրպեյանը տասնյակից ավելի հոդվածների հեղինակ է, որոնք ոչ միայն զուտ գիտական են, այլև՝ հրապարակախոսական։ Որպես պատմաբան նրա հետաքրքրությունների առանցքում են Հայոց պատմության նոր և նորագույն շրջանները։ Նրա հեղինակությամբ լույս է տեսել «Թաթուլ Կրպեյան․ Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» աշխատությունը, որը հրատարակվել է նաեւ անգլերեն լեզվով։

-Արցախի կորստից հետո ծանր է, արցախյան պայքարին նվիրյալ Թաթուլ Կրպեյանի ազատագրած Հայրենիքը հանձնվեց թշնամուն, ինչպիսի՞ն էր Թաթուլի երազած Հայրենիքը։

-Թաթուլ Կրպեյանը երազում էր ազատ, անկախ, միացյալ Հայաստանի մասին, այն Հայաստանի, որի համար դարերով երազել ու պայքարել են հայազգի նվիրյալները։ Նա պայքարում էր հայկական ազգային ոտնահարված իրավունքների վերականգման համար։ Իր պայքարը սկսեց անցյալ դարի 80-ականների վերջին ամենավտանգված հայկական տարածքների հայ բնիկների իրավունքների պաշտպանությամբ, նկատի ունեմ Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանը, որի բռնի հայաթափությունից սկսվեցին հայության հանդեպ ցեղասպանական նոր գործողություններ մեր իսկ հազարամյակների բնօրրանում։

Թաթուլ Կրպեյանն սկզբունքային, հայրենանվեր գործիչ էր։ Նա տե՛ր էր իր խոսքին, որն ապացուցում էր գործով։

Թաթուլ Կրպեյանի երազած հայրենիքը նաև հզոր, ինքնիշխան, ապահով, ինքնաբավ, պատմականորեն վերականգնված տարածքներով հայկական պետականությունն էր։

Խոսքերով անհնար է արտահայտել այն ցավը, որն ապրել ենք՝ ականատես լինելով Արցախի կորստին, որն ի սկզբանե, հազարամյակների հոլովույթում եղել է հայկական։ Անհնար է հաշտվել այն մտքի հետ, որ ազգային-ազատագրական պայքարի ողջ ձեռքբերումները՝ պատմական Արցախը՝ լեռնային ու դաշտավայրային բաղադրիչներով, որի ազատագրության համար Թաթուլ Կրպեյանն ու բոլոր նվիրյալները կյանք դրեցին, ակնթարթների ընթացքում զավթվեց՝ նոր ցեղասպանությամբ, նորանոր զոհերով ու տառապանքով։ Պատկերացնելու համար մեր ընտանիքի ապրումների ծանրությունը, նշեմ, որ ես դեռ 2020 թվականի նոյեմբերին եմ գրել այդ մասին, ասելով, որ հերոսները հետմահու սպանվեցին…

Ներկա հանգրվանում, երբ ազգային առաջնահերթությունները հետ են մղվում, ո՞րն է հայ մտավորականի առաքելությունն այսօր։

-Երբ Արցախյան շարժումը սկսվեց, մենք ուսանող էինք, ու առանց երկմտելու միացանք շարժմանը։ Ես հիշում եմ, թե որքան զգայուն էին երիտասարդությունն ու մտավորականությունն այդ օրերին։ Մենք անտարբեր չէինք իրավիճակի որևէ չափի սրման դեպքերում։

Ընդհանրապես ուսանողությունը, երիտասարդությունը, մտավորականությունը բոլոր ժամանակներում եղել են հասարակությունների շարժիչ ուժերը։ Նրանք են իրենց ուսերին կրել առաջընթացի, նորարարության, զարգացման նախաձեռնողականության զգալի ծանրությունը։ Նրանք են, որ եղել են անվախ ու ոգեշնչող։ Թաթուլն ու ես հենց այդպիսի ընկալում ենք ունեցել, այդ կերպն ենք ընդունելի համարել։ Թաթուլ Կրպեյանն իր կյանքով, պայքարով, նվիրումով ու անձնազոհությամբ ցույց տվեց, որ կյանքից առավել Հայրենիքի փրկությունն է կարևոր հենց այն պահին, երբ այն վտանգված է։

Նա գործեց աննախադեպ հերոսություն, երբ ընդամենը 26 տարեկան էր։

Այսօր էլ հրաշալի երիտասարդություն ունենք։ Նրանք ավելի հուսառատ ու հուսավառ են, քան, կարելի է ասել, մեծահասակների մեծ մասը, և, հատկապես, այն երիտասարդությունը, որ քաղաքական ակտիվություն է դրսևորում․ նրանք բարձր գիտակցական, մտավոր ու ազգային գաղափարական ներուժ ունեն։

Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա նկատած կլինեք, որ ես իմ հրապարակային խոսքում ազատորեն արտահայտում եմ իմ անհանգստությունները։ Համոզված եմ, որ մենք՝ մտավորականներս, նվազագույնը, որ պետք է անենք մեր հայրենիքի համար այս բարդագույն իրավիճակում, ուղղակի չլռելն է։ Ես միշտ քարոզել եմ, որ ամեն ոք իր տեղում, իր չափով իր գործը, աշխատանքը կամ պարտականությունները կատարելով՝ կարող է նպաստել մեր հայրենիքի ու պետականության վերելքին, բայց, երբ դրանք վտանգված են, ոչինչ այլևս նշանակություն ունենալ չի կարող, բացի համազգային համախմբումից, ջանքերից, նվիրումից ու պայքարից։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31