«Կարծում եմ, որ դա չհաջողության մասին պնդում անելու համար բավարար չէ, հիմք էլ չկա։ Իմ մասնավոր կարծիքն է , որ դա արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունն արդարացնելու համար, որ ասում էր՝ հայկական կողմի նկատմամբ զրոյին մոտեցող վստահություն կա։ Դա ինձ համար զարմանալի է, քանի որ մեր աշխատանքն ու գործելաոճը, նույն այդ պայմանագիրը՝ համաձայնեցված լինելը խոսում է հակառակի մասին»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի մեղադրանքներին և ՀՀ ՊՆ-ի հերքումներին։
Ալեն Սիմոնյանն ասաց՝ ներսում մեր ընդդիմադիր գործընկերները մեզ հակառում են մեղադրում, ասում՝ Ադրբեջանի նախագահն ինչ ասում է, դա եք անում ու նշեց․ «Ստացվում է, որ մեր ընդդիմությանը հերքում է Ադրբեջանի նախագահը՝ մեզ նման մեղադրանք ներկայացնելով հանդերձ»։
Լրագրողների հարցին՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը չի՞ վկայում այն մասին, որ փորձում են ճնշում գործադրել և հարձակվել, Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Էս փուլում չեմ կարծում, որ նման քայլի կգնան․ նոր ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է»։
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ կարող է արդյունավետ լինել այն, որ Ադրբեջանի և ՀՀ-ի Սահմանադրություններն ուղարկենք Վենետիկի հանձնաժողովին․ «Կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողովին, թող ասի՝ նման բան կա՞, թե՝ ոչ։ Մնացած փաստարկները, որ բերել ենք ՀՀ Սահմանադրության հետ կապված, իրենց հայտարարությունների հետ կապված, մնում են ուժի մեջ։ Նաև իրենց սահմանադրության մեջ, ոչ միայն ՀՀ-ի, այլև տարածաշրջանային այլ երկրների հետ կապված նման տրամաբանությունից ելնելով այդպիսի բաներ կան»։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Դուք խաղաղության համաձայնագրի ամբողջ տեքստին ծանո՞թ եք, արդյոք ՀՀ-ի համար վտանգավոր կետեր չկա՞ն, Ալեն Սիմոնյանի վստահեցրեց՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում ՀՀ-ի համար որևէ վտանգավոր կետ չկա․ «Ես դա ասում եմ ի լուր բոլորին, որ բոլոր կետերը երկկողմանի են։ Եթե որևէ մեկը որևէ կետ մեկնաբանի՝ որպես վտանգավոր, դա նույնչափ վտանգավոր է Ադրբեջանի համար»։
Նաև հավելեց՝ մենք գործ ունենք մի կողմի հետ, որին, ժողովրդական լեզվով ասած, ամեն տեղ պատճառ է պետք ինչ-որ ձևով խնդիրներ ստեղծելու համար․ «Երբ հրապարակելու ժամանակն ու տրամաբանությունը կհասկանանք, կհրապարակենք»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ նման դեպքերում միշտ առաջին քայլը Ադրբեջանն է անում, միշտ Ադրբեջանից ենք տեղեկությունները ստանում, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Հարցն այն չէ, որ Ադրբեջանն առաջինը կհրապարակի, հետո՝ մենք։ Նախ` դրանում որևէ մեկի չիները չեն ընկնում։ Ինչ-որ մեկը պիտի համաձայնվեր, չէ՞։ Ինչ-որ մեկը պիտի ասեր՝ այս փուլում համաձայն ենք։ Մենք որոշեցինք, որ այն մտավախությունները, որոնք կան, մենք կարող ենք տարբեր ձևերով ապահովագրել մեզ, և լուծում գտանք ու համաձայնեցինք։ Հրապարակման հետ կապված կլինեն քննարկումներ։ Մենք միակողմանի բան չենք ուզում, որ լինի։ Ուզում ենք ևս մեկ անգամ ի ցույց դնել, որ ՀՀ-ն տարածքային նկրտումներ չունի, որ ՀՀ-ն վստահելի գործընկեր է։ Իրենք կարող են յուրաքանչյուր անկանխատեսելի բան անել, բայց մենք մեր տրամաբանությունը պիտի տանենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ