Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԱՏՄ շուկա՝ տեսանելի, շոշափելի, թե՞ ԵՄ երազանք»․ Խաչատուր Սուքիասյանի եւ Ագնեսա Խամոյանի միջեւ լեզվակռիվ սկսվեց, մինչեւ Գեւորգ Պապոյանը կպատասխաներ

Մարտ 17,2025 15:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ներկայացնում էր ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, լեզվակռիվ սկսվեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի միջեւ։

Գեւորգ Պապոյան

Ագնեսա Խամոյանը Գեւորգ Պապոյանից հետաքրքրվում էր՝ վերջերս ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված ԵՄ-ին անդամակցության նախագծից եւ  իբրեւ էկոնոմիկայի նախարար, իշխող ուժի ղեկավար մարմնի անդամ խնդրեց ներկայացնել թվային տվյալներ, քանի որ նախագծի հեղինակները դա չեն արել։

«Մենք կարո՞ղ ենք ԵԱՏՄ-ն փոխարինել ԵՄ-ի անդամակցության երազանքի հետ»,- հարցրեց Ագնեսա Խամոյանը։

Խաչատուր Սուքիասյան

ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը միջամտեց տեղից։ Նա Ագնեսա Խամոյանի հարցը չհասկացավ՝ երազանքի մասով։

«Այն, ինչ որ քննարկվեց ԱԺ-ում, դա դեռ մեզ չի տանում ԵՄ»,- հստակեցրեց ընդդիմադիր պատգամավորը։

Գեւորգ Պապոյանը պատասխանեց՝ այս փաստաթուղթը, որը քննարկվեց ԱԺ-ում, ԵՄ-ին անդամակցության փաստաթուղթ չէր, ՀՀ օրակարգում էլ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա։ Իր մատուցմամբ՝ խոսքը տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին է եւ սա գործընթաց է, որը ոչ կողմ է որեւէ շուկայի, ոչ էլ դեմ, այլ կողմ է ՀՀ-ին՝ շուկաների կախվածության բալանսավորման առումով։ Նա հայտարարեց, որ ՀՀ առեւտրատնտեսական կապերը թե ՌԴ-ի, թե ԵՄ անդամ երկրների, թե Ճապոնիայի, թե Չինաստանի եւ այլ հնարավոր երկրների հետ, պետք է զարգանան։

Ագնեսա Խամոյանը շարունակեց՝ թեեւ ՔՊ-ն տեխնիկական պատճառաբանությամբ նախագիծը ետ է կանչել եւ երկրորդ ընթերցման չի ներկայացնում, բայց իրականությունն այն է, որ ԵԱՏՄ մեր գործընկերները բավական զգայուն են տանում ԵՄ-ին անդամակցության որեւէ գործընթաց։ Կրկին հարցրեց․ «ԵԱՏՄ շուկա՝ տեսանելի, շոշափելի, թե՞ ԵՄ երազանք»։

Գեւորգ Պապոյանը հավելեց՝ հարցը զգայուն է, դրա համար է դիվերսիֆիկացիա ապահովվում եւ պնդեց, որ երկու շուկաներն էլ շոշափելի են։ Նրա պնդմամբ, կա թյուր կարծիք, որ ԵԱՏՄ շուկայում ստանդարտներն ավելի ցածր են, բայց դա այդպես չէ, բավական բարձր ստանդարտներ են, առանձին դեպքերում՝ ավելի խիստ ու դա անդամ երկրների մրցունակությունն ապահովելու համար է։

Ի դեպ, երբ Գեւորգ Պապոյանը պատասխանում էր ընդդիմադիր պատգամավորի հարցին, Խաչատուր Սուքիասյանը կրկին միջամտում էր՝ համեմելով նրա խոսքը օրինակներով։

Մանրամասները՝ տեսանյութում

Ի վերջո, Խաչատուր Սուքիասյանը չդիմացավ եւ իր ասելիքը հարցի տեսքով ձեւակերպեց՝ Գեւորգ Պապոյանին ուղղորդելով նաեւ իր պատասխաններում․ «Տիկին Խամոյանն ուրիշ ուղղությամբ է գնում, մենք հսկայական հայկական սփյուռք ունենք, հիմա չգիտեմ ինչեր ենք խոսում այստեղ։ Եվ ամենագլխավոր հարցը՝ այդ համաձայնագրերը որ կնքում եք, ՀՀ-ի շահը որտե՞ղ է։ Գնողունակության հետ կապված էլ տիկին Խամոյանին պետք է ասել, որ եվրոպական շուկան ավելի գնողունակ է, եթե մի բան ես ուզում վաճառել, այ էդ շուկան է մեզ պետք։ Ինչո՞ւ են ամերիկացիները պայքարում եվրոպացիների հետ, որովհետեւ երկու շուկաներն էլ գնողունակ են»։

Խաչատուր Սուքիասյանը նաեւ հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կազմակերպել, որ մեր միլիոնավոր սփյուռքի յուրաքանչյուր անդամ առավոտյան արթնանա եւ գնա հայկական ապրանք ձեռք բերի, ինչն էլ կտրուկ կզարգացնի Հայաստանը։

Ըստ Գեւորգ Պապոյանի, միայն Սփյուռքի ներուժի վրա հայկական ապրանքների արտահանումը մեզ շատ հեռու չի տանի։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31