Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանիքների անապահովությունը կգնահատվի նոր համակարգով. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Մարտ 17,2025 13:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրապետության 2 մարզում մարտի 17-ից ընտանիքների անապահովությունը կգնահատվի նոր համակարգով: «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նշեց, որ ասուլիսի նպատակն է տեղեկացնել ՀՀ քաղաքացիներին, որ Կոտայքի եւ Սյունիքի մարզերում արդեն իսկ անապահովության գնահատման համակարգի նոր գործընթացում են, նոր բանաձեւով են գնահատելու ընտանիքների անապահովությունը:

«Ոչ միայն գնահատման բանաձեւն ենք փոխում, այլեւ ամբողջ գործընթացը: Արդեն տեղեկացել ենք մեր միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից, որ Կապանում ունենք դիմումատու, եւ արձանագրում ենք, որ գործընթացը սկսված է: Դիմումները լրացվում են թվային համակարգով, տեղերում տրամադրվում է խորհրդատվություն»,-ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը:

Աննա Ժամակոչյան

Աննա Ժամակոչյանի ձեւակերպմամբ, ի տարբերություն նշված երկու մարզերի, մնացած մարզերում դեռեւս թղթային գործընթաց է իրականացվում, ընտանիքի անդամներն իրենց վերաբերյալ բերում էին բոլոր տվյալները թղթերով, եւ սոցիալական աշխատողն օգնում է փաստաթղթերի հավաքագրման պրոցեսում, այսինքն՝ ամբողջ սոցիալական գործը կազմվում է ձեռքի աշխատանքով: Փոխնախարարի խոսքով, այժմ այս ամենը Սյունիքի եւ Կոտայքի մարզերում փոխվել է. «Առաջին բանը, որ կզգա ընտանիքը, այն է, որ այլեւս ստիպված չէ բազմաթիվ թղթեր բերել, իր տվյալները, որոնք հասանելի են տարբեր պետական շտեմարաններով, արդեն իսկ ստացվում են ինքնաշխատ եղանակով՝ թվային համակարգի միջոցով»: Նա ընդգծեց, որ ընտանիքը կարող է դիմում ներկայացնել ամբողջովին առցանց, վերջում ունենալ մեկանգամյա այցելություն:

Անահիտ Պարզյան

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Նորք տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանը նշեց, որ վերջին շրջանում առիթ ունեցել են խոսելու սոցիալական պաշտպանության ոլորտի թվային փոխակերպումների մասին. «Սա երեւի թե ամենախոշոր համակարգն է, որովհետեւ այս համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության գրեթե 29 տարբեր շտեմարաններ միավորում ենք, քաղաքացուց տվյալներ չենք ուզում թղթային տրամաբանությամբ, այլ հավաքագրում ենք՝ համակցելով, տարբեր փոխգործելիության տրամաբանությունները կիրառելով:

Այս հարթակի առավելությունն այն է, որ նախկինում տվյալների հավաքագրումից հետո միայն հնարավոր էր փաստացի ստուգել տեղեկատվությունը քաղաքացիների մասին, ինչը մեկ ամիս էր տեւում, իսկ այժմ ունենք երկփուլ՝ տվյալների ստուգման հնարավորություն, եւ այս ընթացքում ուղիղ շտեմարաններից է տվյալների ստուգումն իրականացվում, քաղաքացին էլ միանգամից հասկանում է՝ ինքը հաջորդ փուլ կանցնի, թե ոչ: Երեւի թե սա Հայաստանի ամենախոշոր համակարգն է, որը ներառելու է տարբեր շերտեր…»:

Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31