Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա. 6 ոստիկաններ ոչ միայն ֆիզիկական բռնություն են գործադրել, այլ նաև թքել երիտասարդի վրա, քաշել ու պոկել մազերը. Ռոման Երիցյան

Մարտ 17,2025 14:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը

Անպատժելիության հետևանքով խոշտանգման նոր դեպք ոստիկանությունում

Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։

ՆԳՆ ոստիկանության Կիրովականի բաժնի ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին, որը սկզբում տուժողի հետ ներկայացել էր ոստիկանություն՝ որպես վերջինիս ուղեկցող։ Ոստիկանությունում Տիգրանին ուղեկցել են պետի աշխատասենյակ, որտեղ էլ հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»:

Այսպես, վերջինիս քաշելով տեղափոխել են այլ աշխատասենյակ, որտեղ էլ 6 ոստիկաններ ոչ միայն ֆիզիկական բռնություն են գործադրել վերջինիս նկատմամբ՝ հարվածելով գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, այլև թքել տղայի վրա, քաշել ու պոկել մազերը, ինչպես նաև հասցրել տարբեր բնույթի հայհոյանքներ։ Այնուամենայնիվ, յոթ ժամ ոստիկանության բաժնում ապօրինի պահելուց հետո ոստիկանները Տիգրանին բաց են թողել՝ հորդորելով տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնել։

Նկատելով, որ Տիգրանի հետ տեղի ունեցածի մասին ավազակության գործով տուժողի և այլ անձանց կողմից որոշակի նյութեր են հրապարակվում սոցիալական ցանցերում, Տիգրանին զանգել և սպառնացել են այդ ամենը դադարեցնել:

Հետաքրքիրն այն է, որ ոստիկանությունում Տիգրանից բացատրություն չեն վերցրել, իրեն այնտեղ պահելու վերաբերյալ արձանագրություն չեն կազմել և որևէ այլ օրինական աշխատանք չեն կատարել։

ՀՀ քննչական կոմիտեի խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն, ի գործ։ Նախաձեռնեք քրեական վարույթ, առանց ակտիվ օպերատիվ միջոցառումների կատարեք մի քանի ձևական վարութային ու քննչական գործողություններ, առանց որևէ մեկին ձերբակալելու, մեղադրանք առաջադրելու ու խափանման միջոց ընտրելու 1-2 ամիս հետո կայացրեք վարույթը կարճելու մասին որոշում՝ արարքն ապացուցված չլինելու հիմքով։

Այնուամենայնիվ, հաշվի կառնեք, որ Տիգրանի հայրն ու հարազատ եղբայրը Արցախում զոհվել են, իսկ մայրը՝ մահացել։ Չնայած Տիգրանն ընտանիքի միակ արու զավակն է, սակայն վերջինս մասնակցել է և՛ քառօրյա, և՛ քառասունչորսօրյա, և՛ արցախյան վերջին պատերազմներին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31