Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան կոչ է անում միջազգային հանրությանը ազատել Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին

Մարտ 17,2025 13:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2017թ. դափնեկիր Թոմ Քաթինան տեսաուղերձ է հրապարակել՝ կոչ անելով միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ: «Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Ռուբեն Վարդանյանին, գիտեն, որ նրան առաջադրված մեղադրանքները բացարձակապես կեղծ են և ծիծաղելի»,-ասել է հայտնի բժիշկն ու մարդասերը: Տեսաուղերձում նա ասում է.

«Ողջույն, ես Թոմ Քաթինան եմ, այստեղ՝ Սուդանի հարավի Նուբա լեռներում տեղակայված «Գթության Մայր» հիվանդանոցի բուժական տնօրենը։

Այս կարճ տեսահոլովակով աջակցությունս եմ հայտնում իմ ընկեր Ռուբեն Վարդանյանին, որն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ անարդարացիորեն պահվում է ադրբեջանական բանտում։ Ես Ռուբենին ճանաչում եմ 2017 թվականից, երբ այդ տարի արժանացա «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակին՝ Սուդանում աշխատելու համար։

Լինելով նաև «Ավրորա» մարդասիրական մրցանակի նախաձեռնության նախագահ, այս տարիների ընթացքում ես հասցրել եմ բավականին լավ ճանաչել Ռուբենին։ Մենք բավական հաճախ ճանապարհորդել ենք միասին՝ որոշ նախագծերի իրականացման նպատակով։

Ես Ռուբենին գիտեմ որպես բացառիկ արդար, բացառիկ ազնիվ մարդու։ Եվ ցանկացած ոք, ով գիտի Ռուբենին, գիտի, որ այն բոլոր մեղադրանքները, որոնք առաջադրված են նրա նկատմամբ, բացարձակապես կեղծ են ու բացարձակապես ծիծաղելի։

Ռուբենն Արցախ էր մեկնել՝ օգնելու այնտեղի կառավարությանն ու բնակչությանը, անգամ շատ լավ գիտակցելով այնտեղ գնալու բոլոր ռիսկերը և, չնայած դրան, նա որոշեց գնալ:

Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը, կոչ եմ անում բարի կամքի տեր բոլոր մարդկանց՝ պահանջելու ինչպես Ռուբենի, այնպես էլ բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը, որոնք անարդարացիորեն պահվում են ադրբեջանական բանտում»։

Թոմ Քաթինան արժանացել է 1.1 միլիոն դոլարի «Ավրորա» մրցանակին, որով պարգեւատրվում են այն հերոսները, որոնք իրենց վտանգելով՝ անձնվիրաբար եւ խիզախորեն փրկում են մարդկանց կյանքը։

Քաթինան պատվավոր դոկտորի կոչումներ է ստացել Բրաունի համալսարանից (2016թ.) եւ Երեւանի պետական բժշկական համալսարանից (2017թ.), իսկ Թայմզ պարբերականի կողմից 2015թ. ճանաչվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։

2018 թ. դեկտեմբերին Թոմ Քաթինան դարձել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին նախագահ՝ շարունակելով իր մարդասիրական գործունեությունը Սուդանի «Գթության Մայր» հիվանդանոցում։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության խորհրդատվական խմբի նախագահ, բժիշկ Թոմ Քաթինան վիրաբույժ է, վետերան, կաթոլիկ միսիոներ եւ համաշխարհային ճանաչում ունեցող մարդասիրական գործիչ։
Իբրեւ «Ավրորայի» խորհրդատվական խմբի նախագահ, Թոմ Քաթինան գործ է ունենալու ամբողջ աշխարհի քաղաքական գործիչների, հումանիտար կազմակերպությունների, ընդհանուր պրակտիկայով զբաղվող բժիշկների եւ սովորական մարդկանց հետ՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը սփռելու համար։

Սուդանի՝ պատերազմներից կեղեքված Նուբա լեռներում ներկայումս գործող «Գթության մայր» հիվանդանոցի հիմնադիր Թոմ Քաթինան իր կյանքի վերջին տասնամյակը նվիրել է բուժօգնության մատուցմանը եւ մշտապես գործող միակ վիրաբույժն է Ավստրիայի չափեր ունեցող այս տարածաշրջանում։

 Free Armenian Prisoners

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31