«Առավոտի» զրուցակիցն է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը։
-Այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունը հայտարարեց, որ ընդունել են Ադրբեջանի բոլոր պահանջները եւ պատրաստ են ստորագրել այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը», Ադրբեջանի պաշտոնյաները նոր պահանջներ սկսեցին հնչեցնել։ Այնուհետեւ մարտի 16-ին Բաքուն սկսեց ապատեղեկատվություն տարածել, թե հայկական կողմը «խախտում է հրադադարը»։ Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում։
-Ես կարծում եմ, որ հետեւյալ սցենարն է խաղարկվել․ եթե ուշադրություն դարձնեք, հայկական կողմի հերթական միակողմանի զիջումներին նախորդել էին ադրբեջանական կողմի պատասխանները։ Եթե հիշում եք, դրանից մի քանի շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ նոյեմբերին հայկական կողմի ուղարկած առաջարկների պատասխանը եկել է։ Եվ դրանից կարճ ժամանակ անց Երեւանն արդեն բաց տեքստով հայտարարեց, որ հերթական միակողմանի զիջմանն են գնում եւ իբրեւ պատրաստ են տեղն ու օրը քննարկել, թե երբ կստորագրվի այդ պայմանագիրը։ Բայց ադրբեջանական քաղաքականությունից պարզ էր, որ Ադրբեջանն ունի նոր պահանջներ, նրանք արդեն տեւական ժամանակ է՝ դրա մասին խոսել են։ Մասնավորապես, դա եւ ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջն է, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկման պահանջն է, բազմաթիվ այլ պահանջներ էլ կան, որոնց մասին ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում են։ Եվ դա անթաքույց է դարձնելու, որ Բաքուն ոչ մի թուղթ չի ստորագրելու, բայց կարեւոր ձեռբերման է հասել՝ Երեւանին ստիպելով հերթական միակողմանի զիջմանը համաձայնել, որը գերազանցապես վերաբերում է միջազգային ներկայացվածությանը։ Այսինքն՝ միջազգային իրավական հայցերի հետքաշումը նշանակում է, որ ադրբեջանական կողմն ամբողջությամբ մաքրվում է այն գործողություններից, որոնք իրականացրել է Արցախում։ Իսկ դա հստակ կազմակերպված ցեղասպան քաղաքականություն էր։ Եվ միեւնույն ժամանակ Ադրբեջանն անպատիժ է դառնում է իր հետագա գործողություններում։ Այսպիսով, միջազգային ներկայացվածության դուրսբերումն ամբողջությամբ ազատում է Բաքվի ձեռքերը։
Երրորդ պահանջը վերաբերում է Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը, որի ժամկետը վերջերս երկարացվել էր մինչեւ 2026 թվականը։ Եթե հայկական կողմը նախկինում ասում էր, որ դիտորդները դուրս կգան իբր արդեն դեմարկացված ու դելիմիտացված սահմաններից, հիմա արդեն ասում է, որ ընդհանրապես դուրս կգան։ Եվ այդտեղ էլ, այո, խնդիրներ են առաջանում հարաբերությունների առումով։ Այսինքն՝ երբ դու նման պահանջի ես համաձայնվում, չունենալով գործնականում ոչինչ, ուղղակի թուլացնում ես այդ նույն առաքելության ազդեցությունը տարածաշրջանում։ Ես իմ կանխատեսումներում նշել էի, որ դա ավելի է արագացնելու Ալիեւի հետագա ագրեսիվ քայլերը, որովհետեւ ինքն ազատվում է միջազգային ներկայացվածությունից։ Դա իրեն միայն ավելի օգտակար է։
Կարդացեք նաև
–Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները սա ներկայանում են այնպես, որ «խաղաղության պայմանագրի» նախագծում միակողմանի զիջում չկա, ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանությունը։
-Իրականում շատ ավելի ազնիվ կլիներ, եթե իրենք գային ու ասեին, որ չեն կարողանում ուրիշ բան բանակցել, սա է իրենց բանակցածը, Ալիեւն էլ պատերազմով է սպառնում, եւ այդ սպառնալիքի ներքո են գործում։ Ես ինչո՞ւ հիշեցրեցի, որ այս գործընթացը հաջորդեց Ադրբեջանի պատասխանին, որովհետեւ ակնհայտ էր, որ այդ պատասխանը կոշտ էր եղել։ Եվ ենթադրում եմ՝ հայկական կողմը մտածել է, որ Ադրբեջանը գնալու է ագրեսիայի, եւ իրենց կարճ խելքով մտածել են՝ եթե հերթական զիջումների գնան, ապա դա կարող են հետաձգել։ Նույնը ժամանակին արեցին Կիրանցում, նույն սցենարը մոտավորապես խաղարկվեց, ուղղակի սա արդեն միջազգային ներկայացվածության չեղարկում է։ Բնականաբար, իրենք սա փորձում են ներկայացնել որպես հաջողություն կամ հաղթանակ, բայց պարզ տրամաբանությունն անգամ ցույց է տալիս, որ նրանք ուղղակի Ալիեւի պահանջներն են կատարում։ Եթե հայկական կողմը գոնե մի քիչ բանակցած լիներ այս թղթի վերաբերյալ, ապա միջազգային հայցերի համատեքստում կհամաձայնեցնեին, որ այլեւս ոչ ոք Բաքվում այդ չակերտավոր «դատավարության» միջով չի անցնելու։ Այսինքն՝ գոնե դա բանակցեին, ասեին՝ եթե չեղարկում ենք ամեն ինչ, ոչ մեկի այնտեղ մի նվաստացրեք եւ մի նսեմացրեք, որովհետեւ այդ «դատավարությունը» կոնկրետ թշնամանքի քարոզ է։ Բայց դրան էլ չեն կարողացել հասնել, ինչ Բաքուն պահանջել է, այն արել են։ Տարրական տրամաբանությունը հուշում է՝ եթե Ալիեւը հիմնավոր հայցեր ունենար Միջազգային դատարանում, ինքը երբեք չէր հրաժարվի դրանից։ Ավելին, այս դատավարությունները միջազգային հնչեղություն կստանային, կասեին՝ «հայերը տեռորիստ են, օկուպանտ են, ագրեսոր են»։ Բայց քանի որ ոչ մի գործ չկա դրա տակ, դրա համար Ալիեւին շատ հարմար է այդ միջազգային գործընթացներից հրաժարվելը։ Ինքը գիտի, որ մենք հիմնավոր գործ ունենք, ապացուցողական բազա ունենք։ Եվ եթե Ադրբեջանի հանցագործություններն ապացուցվեն, Ալիեւը պետական մակարդակով ատելության քարոզիչ կհամարվի։
–Երեկ մի քանի անգամ Ադրբեջանից ապատեղեկատվություն հնչեց, թե հայկական զինված ուժերն իբր կրակել են իրենց դիրքերի ուղղությամբ։ Եվ այդ տեղեկատվությունը վերաբերում էր Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանին։ Ինչո՞ւ է թիրախում հենց այդ հատվածը, սա այսպես կոչված «միջանցքի» տրամաբանության շրջանակներո՞ւմ է, փորձում են Սյունիքում բախումնե՞ր հրահրել։
-Ես վստահ եմ, որ իրենք ունեն այն սցենարը։ Նախքան այս հայտարարությունը, որ Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի պահանջների կատարմանը, Ադրբեջանը պատերազմի շատ ակտիվ քարոզչություն էր սկսել՝ կրկին իր հայտնի թեզով, թե իբր հայկական կողմն է ուզում հարձակվել։ Ադրբեջանական ամբողջ լրատվական դաշտն այդ տեղեկատվությամբ էր ողողված։ «Համաձայնության» մասին այս հայտարարությունից 1-2 օր հետո կրկին վերադարձան նույն քարոզչությանը, այսօր ադրբեջանական պետական հեռուստաեթերն էի լսում, էլի նույն քարոզչությունն էր, որ «Հայաստանը չի ուզում քարոզչություն, մի կողմից խոսում է խաղաղության մասին, բայց պատրաստվում է պատերազմի»։ Ադրբեջանական կողմի անցկացրած զորավարժությունները, դրանց տեսակը, բնույթը, հաճախականությունը ցույց են տալիս, որ իրենք այդ սցենարն ունեն։ Բայց իմ համոզմամբ՝ իրենք դեռեւս փորձում են հասկանալ հնարավոր արձագանքները, արձագանքներ տարբեր տարածաշրջանային ու տարածաշրջանից դուրս խաղացողներից։ Իրենք արդեն տեւական ժամանակ այս քարոզչությունն իրականացնում են, որոշակի արձագանքներ լինում են այն կողմերից, որոնք շահագրգռված չեն տարածաշրջանում էսկալյացիայով։ Եվ մի որոշ ժամանակ կարող է դադար լինել։ Եթե չլինի այդ արձագանքը կամ ժամանակին տեղ չհասնի, արդեն ավելի ագրեսիվ սցենարների կարող են գնալ։
Ուղղակի ցավալին այն է, որ հայկական կողմը փաստացի այդ ճանապարհին օժանդակում է Ադրբեջանին, ոչ թե զսպում՝ չեղարկելով միջազգային ներկայացվածությունը։ Իսկ սա շատ վտանգավոր է, ո՞վ է բռնելու Ալիեւի ձեռքը, ո՞վ է զանգելու Բաքու կամ նախազգուշացումներ ուղարկելու, եթե դու բոլոր հնարավոր դերակատարներին ուղղակի գործընթացից դուրս ես բերում՝ մնալով բացառապես Էրդողանի հույսին։ Ես տեսնում եմ, որ իրենք Էրդողանի միջնորդությամբ են Ալիեւի հետ խոսում։
-Բաքվի երեկվա ապատեղեկատվությանն անմիջապես հետեւեց ԱՄՆ նախագահի խորհրդականի հայտարարությունն այն մասին, որ Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Սա զսպիչ գործող կարո՞ղ է լինել։
-Այո, միանշանակ կարող է։ Հույս ունեմ, որ առաջիկայում նաեւ Երեւան կզանգեն, որովհետեւ տպավորություն է, որ միայն Բաքվի հետ են խոսում։ Ես կարծում եմ, որ զանգերը, նախազգուշացումները, թեմայի մեջ ներգրավված լինելն արդեն լրացուցիչ զսպաշապիկ են։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ