The Armenian Mirror-Spectator-ում լույս է տեսել American Enterprise Institute վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի «Ինչ պետք է սովորեն Հայաստանի խաղաղարար գործիչները Կիպրոսից և Եմենից» հոդվածը: Ներկայացնում ենք հայերեն թարգմանությունը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 14-ին հայտարարեց, որ ընդունել է Ադրբեջանի վերջին երկու պահանջները և պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել իր հարևանի հետ: Պետքարտուղար Մարկո Ռուբիոն գովաբանեց համաձայնագիրը: «Հիմա ժամանակն է հանձնառու լինել խաղաղությանը, ստորագրել և վավերացնել պայմանագիրը, և բացել բարգավաճման նոր դարաշրջան Հարավային Կովկասի ժողովուրդների համար», – հայտարարեց նա: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես գովեց համաձայնագիրը: «Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի հայտարարությունը: Այժմ այլևս խոչընդոտներ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որը պետք է ճանապարհ հարթի դեպի կայուն խաղաղություն Հարավային Կովկասում», – գրել է նա X-ում:
Նման գովասանքը վաղաժամ է, եթե ոչ միամիտ:
Համաձայնագրի տեքստը մնում է գաղտնի, ինչը երբեք լավ նշան չէ, բայց ըստ հաղորդագրությունների՝ Հայաստանի վերջնական զիջումները ներառում էին միջազգային դիտորդների վտարումը, որոնք հաջողությամբ վերահսկել են սահմանը՝ ի զայրույթ Ադրբեջանի, որը շարունակում է զբաղեցնել հայկական տարածքը Ջերմուկի մոտ: Երկրորդ, Հայաստանը համաձայնել է փոխել իր սահմանադրությունը՝ հանելով հղումները Լեռնային Ղարաբաղի անկախության իր հռչակագրին, այն հայկական մարզին, որն Ադրբեջանը էթնիկ զտման ենթարկեց 2023թ. սեպտեմբերին՝ վերջ դնելով նրա 1700-ամյա քրիստոնյա համայնքին:
Կարդացեք նաև
Ադրբեջանական այս պահանջը և հայկական զիջումն ավելի տարօրինակ է, քանի որ այն չի անդրադառնում անուղղակի ռևանշիզմին, որն ակնհայտ է Ադրբեջանի կողմից իր սեփական 1918թ. անկախության հռչակագրի ընդունման մեջ, մի փաստաթուղթ, որը պահանջում էր հայկական հողերի մեծ մաս Հարավային Կովկասում:
Այստեղ հիշենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցած տարի ասված խոսքերը. «Ադրբեջանի սահմանադրության մեջ հղում է արվում 1991 թվականի պետական անկախության մասին ակտին: Այդ ակտում հղում է արվում 1918 թվականի մայիսի 28–ի Ադրբեջանի անկախության հռչակագրին: Ընդ որում՝ անկախության ակտի մեջ գրված է, որ այսօրվա Ադրբեջանը 1918–1920թթ Ադրբեջանի իրավահաջորդն է: Իսկ 1918–1920թթ Ադրբեջանի հռչակագրի մեջ նշված է, որ Ադրբեջանի տարածքներ են Հարավային և Արևելյան Անդրկովկասը: 1919 թ. Անտանտի ներկայացրած քարտեզով Ադրբեջանը հավանակնություններ է ներկայացրել այսօրվա Սյունիքի և Վայոց ձորի մարզերի նկատմամբ ամբողջությամբ, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու և Շիրակի մարզերի նկատմամբ՝ մասամբ: Ի տարբերություն Հայաստանի սահմանադրության՝ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ»:
Սկզբում Հայաստանը պնդում էր, որ երկու կողմերն էլ կարող են պահպանել իրենց սահմանադրության ամբողջականությունը այն դրույթներով, որ խաղաղության պայմանագրի հոդվածը կնշի, որ ոչ մի կողմ չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրությունը պայմանագիրը չկատարելու համար:
Փաշինյանը նաև նշեց, որ ադրբեջանական փաստաթղթերում ասվում է, որ Ադրբեջանի տարածքը 108,000 քառակուսի կիլոմետր է [41,700 քառակուսի մղոն]: Սակայն, նույն փաստաթղթերում ասվում է, որ Հայաստանի և Վրաստանի հետ սահմանային վեճերի լուծումը Ադրբեջանը կդարձնի 141,000 քառակուսի կիլոմետր [54,440 մղոն]: Զիջելով նախագահ Իլհամ Ալիևի պահանջներին և ընդունելով անհավասար մոտեցումը, Փաշինյանն այժմ փաստացի հաստատում է Ալիևի տարածքային հավակնությունները:
Տոնակատարությունները վաղաժամ են նաև մեկ այլ պատճառով: Ադրբեջանը երբեք չի պահպանել իր կնքած ոչ մի համաձայնագիր: Այն մնում է ոչ միայն հռետորաբանորեն, այլև ռազմականապես պատերազմական վիճակում: Caliber.az-ը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերահսկվող լրատվամիջոցը, այս շաբաթ ոչ միայն պնդեց, որ Հայաստանը ծրագրում է «բլիցկրիգ» Ադրբեջանի դեմ, որին Ադրբեջանը պետք է կանխի, այլև որ Եվրոպական միության դիտորդները այդ դավադրության մաս են: Սա ոչ միայն անհեթեթություն է, այլև օտարերկրյա դիտորդները եղել են Ադրբեջանի կողմից զինադադարի և այլ համաձայնագրերի խախտման ամենաարդյունավետ զսպող գործոնը: Առանց դիտորդների և Ադրբեջանի կողմից իր լրատվամիջոցների վերահսկման և անկախ լրագրողների ու արտասահմանյան դիվանագետների ճամփորդության մերժման պայմաններում, Հայաստանն անզոր կլինի բացահայտել ադրբեջանական խախտումները:
Չնայած խաղաղությունը ազնիվ նպատակ է, Հայաստանը պետք է հաշվի առնի Կիպրոսի դեպքը: 1974թ. Թուրքիան երկու անգամ ներխուժեց Կիպրոս: Իր առաջին ներխուժման ժամանակ՝ 1974թ. հուլիսին, թուրքական բանակը գրավեց երկրի մոտ երեք տոկոսը: Թուրքիայի հայտարարված նպատակն էր պաշտպանել Կիպրոսի թուրք մուսուլման փոքրամասնությանը հունական խունտայի ռևանշիզմից: Սակայն մի քանի օրվա ընթացքում այդ խունտան տապալվեց. casus belli-ն վերացավ: Միայն այդ ժամանակ, և Ժնևյան խաղաղության բանակցությունների ֆոնին, թուրքական բանակը կրկին ներխուժեց՝ գրավելով երկրի ավելի քան մեկ երրորդը: Անցած տարի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակայնորեն ափսոսաց, որ Թուրքիան դադարեցրեց իր առաջխաղացումը և չգրավեց երկրի ամբողջ տարածքը, որպեսզի Կիպրոսն ամբողջությամբ դառնար Թուրքիայի մաս:
Միավորված ազգերի կազմակերպությունը և միջազգային հանրությունը հետագա տասնամյակների ընթացքում փորձել են բանակցել խաղաղության շուրջ Կիպրոսի և Թուրքիայի կողմից զբաղեցված գոտում հաստատված Վիշիի ռեժիմի միջև: Նման ջանքերից մեկը հանգեցրեց Աննանի պլանին, որը բանակցվել էր այն ժամանակվա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի կողմից: Ծրագրի հիմքում ընկած էր «Կիպրոսի Միացյալ Հանրապետության» ձևավորումը՝ կազմված երկու դաշնային պետություններից՝ մեկը թուրքական, մյուսը՝ հունական: Շվեյցարական դաշնային մոդելը ազդեցություն է թողել առաջարկվող կառավարման կառուցվածքների և իշխանության բաժանման մեխանիզմների վրա:
2004թ. ՄԱԿ-ը Անանի պլանը դրեց հանրաքվեի. թուրք կիպրացիների երկու երրորդը քվեարկեց կողմ, բայց հույն կիպրացիների երեք քառորդը՝ դեմ: Թուրքերը այդ ժամանակից ի վեր պնդում են, որ Անանի պլանի հունական մերժումը վկայում է խաղաղության նկատմամբ հույների անհետաքրքրվածության մասին:
Նման մեկնաբանությունն անհեթեթություն է: Անանի պլանի մերժման պատճառը նրա թերությունների պարզամիտ գնահատումն էր: Mega TV-ի հետընտրական հարցման մեջ, որի ընթացքում հարցեր էին տվել նրանց, ովքեր ասում էին, թե իրենք քվեարկել են «Ոչ»: 75 տոկոսը նշում էր «անվտանգության» հետ կապված մտահոգությունները որպես իրենց ձայնի պատճառ. միայն 13 տոկոսն էր ասում, որ ուզում է առանձին ապրել թուրք կիպրացիներից: Գործարքը կործանեց ոչ թե հույն մերժողությունը, այլ միջազգային բանակցողների թուլությունը: Թուրքական առարկությունների առջև կանգնած՝ Անանը շարունակ նոսրացնում էր համաձայնագրի կատարման դրույթները: Բանակցողները բաց թողեցին որևէ մեխանիզմ, որը կստիպեր կողմին, որը չի կատարում իր պարտավորությունները, անել դա: Օրինակ, եթե Թուրքիան չկարողանար հետ քաշել զորքերը, չկար նրանց ստիպելու ոչ մի միջոց, ոչ էլ ծրագիրն անդրադարձավ կղզում թուրք վերաբնակիչներին, ովքեր այսօր գերազանցում են բնիկ թուրք կիպրացի բնակչությանը: Ճիշտ հակառակը, կիպրացիները տեսան բացեր, որոնց միջոցով թուրքերը կարող էին վերաբնակիչներ լցնել Կիպրոս՝ փոխելու կղզու ժողովրդագրությունը, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանի խորհրդային ժամանակաշրջանի ղեկավարները, իսկ հետո Իլհամ Ալիևը արեցին Լեռնային Ղարաբաղի հետ կապված:
Ոչ էլ Անանի ծրագիրը դիվանագիտական «թոզ փչելու» միակ օրինակն էր, որը խամրեցնում էր խոշոր թերությունները, որոնք խաղաղությունը դարձնում են անհնարին: 2018-ին Միավորված ազգերի կազմակերպությունը Եմենի պատերազմող կողմերին բերեց Ստոկհոլմ՝ բանակցելու Կարմիր ծովի Հուդայդահ նավահանգստի վրա ռազմական հարձակումը կանխելու համաձայնագրի շուրջ, որը մարդասիրական օգնության հիմնական մուտքի կետն էր: Մինչ դիվանագետները նշում էին հետագա Ստոկհոլմի համաձայնագիրը որպես խաղաղության ուղի, դեպքը միայն արագացրեց պատերազմը: Հութիների բանակցողների՝ իրենց իսկ պարտավորությունները խախտելու և հուսահատորեն գործարք կնքելու ցանկության ֆոնին, ՄԱԿ-ն առաջարկեց ստուգման ռեժիմ՝ համոզվելու համար, որ Հուդայդահում խարսխող նավերը զենք չեն տեղափոխում…
…Գործնականում հութիները փոխեցին համազգեստները և այսօր վերահսկում են նավահանգիստը միջազգային հանրության հաշվին: Խալեդ Ալեմանին՝ Եմենի միջազգային ճանաչված կառավարության արտաքին գործերի նախարարը, որը ժամանակավորապես հիմնված էր Ադենում, հրաժարական տվեց զայրույթից:
Վերադառնալով Հայաստան. խաղաղություն փնտրելը պատվավոր է, բայց վատ բանակցված խաղաղությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան ստատուս-քվոն: Իրական խաղաղությունը պահանջում է անկեղծություն, հատկապես քանի որ որոշ ռեժիմներ դիվանագիտությունը դիտում են որպես ասիմետրիկ պատերազմի ռազմավարություն՝ կապելու իրենց հակառակորդի ձեռքերը, մինչ իրենք հետապնդում են իրենց սեփական նախապես կայացրած որոշումը: Վատ բանակցված խաղաղությունը՝ առանց համապատասխանության ապահովման մեխանիզմների, կարող է սնել ճգնաժամերը և ավելացնել նրանց վստահությունը, ովքեր հավատում են, որ կարող են միակողմանի գործել: Գաղափարախոսությունը վառելիք է ավելացնում կրակին, քանի որ գաղափարախոսները կարող են արդարացնել ցանկացած զանցանք՝ հավատալով, որ մյուս կողմը ենթամարդկային է կամ անարժան…
Միշտ վատ նշան է, երբ խաղաղություն բանակցողներն այնքան քիչ հավատ ունեն գործարքի և իրենց իսկ ժողովրդի դատողության նկատմամբ, որ փորձում են գաղտնի պահել խաղաղության համաձայնագրի դրույթները: Վտանգավոր է նաև ընդունել արտաքին դիվանագետների գովասանքները, ովքեր ցանկանում են լուսանկարվելու հնարավորություն և խաղաղարարի կոչում՝ առանց ստիպված լինելու ապրել հետևանքներով: Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսկապես հավատում է, որ համաձայնագիրը, որին նա ակնհայտորեն համաձայնել է, արժեքավոր է, նա պետք է անի այն, ինչ Միավորված ազգերի կազմակերպությունն արեց Կիպրոսում և համաձայնի անցկացնել պարտադիր հանրաքվե: Հայերը խելացի են. նրանք խաղաղություն են ցանկանում, բայց կարող են նաև գնահատել, թե արդյոք Ադրբեջանի հետ առաջարկված գործարքը կարող է այն բերել: Փաշինյանը չպետք է գնա Միավորված ազգերի կազմակերպության ուղիով Եմենում, քանի որ դա կհանգեցնի միայն պատերազմի, հնարավորություն, որ վատ համաձայնագիրը կարող է արագացնել, եթե ոչ կանաչ լույս տալ: